«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2001-01-16 | #7, 2001-01-17 | #8, 2001-01-18


«ԱՌԱՆՑ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՄԵՆՔ ՈՒՂՂԱԿԻ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ»

1 մլրդ 194 միլիոնի փոխարենՙ ընդամենը 92 մլն դրամ

«Ազգը» դեկտեմբերի 20-ի, ինչպես նաեւ այս տարվա հունվարի 8-ի համարներում անդրադարձել է այս տարվա վտանգված մարդահամարի անցկացմանը: Հոդվածները, սակայն, մասնակիորեն էին արծարծում առաջացած հիմնախնդիրները: Իրականում ստեղծվել է մի վիճակ, երբ մարդահամարի անցկացումը գոնե այս տարի արդեն անիրագործելի է դարձել:

Վերջին մարդահամարը հանրապետությունում անցկացվել է 1989 թվականին: Այսինքնՙ այն ժամանակ, երբ ֆինանսների նախարարությունը դեռ չէր կարող ֆինանսների սակավությունից անընդհատ բողոքել: Դրա փոխարեն այդ մարդահամարի նորմալ անցկացմանը խոչընդոտեց միգրացիոն խառնիխուռն իրավիճակը, որը կապված էր Ադրբեջանից զանգվածային ներգաղթի, երկրաշարժի հետեւանքների եւ այլ հանգամանքների հետ: Սպասվում էր, որ 10 տարի հետո նոր մարդահամարը որոշակի շտկումներ կմտցներ, մինչդեռ խորհրդարանն ընդամենը 1999 թ. ընդունեց «Մարդահամարի մասին» օրենքը, այսինքնՙ գործընթացը թեթեւ ձեռքով այդ տարի էլ հետաձգվեց: Դրա փոխարեն 2000 թ. փետրվարին կառավարությունը որոշում կայացրեց, համաձայն որի մարդահամարն անցկացվելու էր 2001 թ. հոկտեմբերի 10- 19-ը: Մինչ այդ, սակայն, հենց այդ տարի սկսվեց փորձնական մարդահամարի մի գործընթաց, որի նպատակը կոնկրետ արդյունքների վերհանումը չէր, այլ հնարավոր հիմնահարցերի բացահայտումը, որոնք կարող են առաջանալ իսկական մարդահամարի ժամանակ: Տարածքային կառավարման նախարարության մարդահամարի վարչության պետ Սամվել Ներսիսյանի խոսքերովՙ այս ընթացքում դեռեւս կատարվել են ստացված արդյունքների կոդավորումը, տվյալների համակարգչային մուտքագրումը եւ աղյուսակավորման աշխատանքները: Սպիտակ քաղաքում կատարված փորձնական մարդահամարը ցույց է տվել, որ հիմնական խնդիրները կապված են լինելու հատակագծերի (աղետի գոտում) հետ, քանի որ որոշակի շինարարական աշխատանքներից հետո դրանք էական, համապատասխան գերատեսչությունների կողմից դեռեւս չհաստատված փոփոխություններ են կրել: Հաջորդ եւ բավականին դժվարահարույց հիմնահարցը կապված է շարժական տնակների եւ դրանցում բնակվողների հետ, որոնք անընդհատ տեղաշարժման մեջ են:

Փորձնական մարդահամարի համար, սակայն, նախատեսված 100 մլն դրամի փոխարեն ծախսվել է 28 միլիոնը միայն: Վարչության պետի խոսքերովՙ ֆինանսավորում պարզապես չի եղել: Բնականաբար որոշ աշխատանքներ թերի են կատարվել, ինչպես քարտեզագրումը, որի դիմաց, չնայած բնույթով աշխատատար լինելուն, գումարներ գրեթե չեն հատկացվել:

Հետաքրքրականը, սակայն, այն է, որ կառավարությունը ստրատեգիական նշանակության այս հարցի հանդեպ մոտեցումը համառորեն չի փոխում: Եթե փորձնականը ֆինանսավորվել էր 3 անգամ պակաս, ապա 2001 թ. մարդահամարի համար վարչությունը 1 մլրդ 194 մլն դրամի անհրաժեշտության մասին է խոսում: Տարվա բյուջեում, սակայն, արտացոլում է գտել այդ գումարից 92 միլիոնը, այսինքնՙ գրեթե ոչինչ, այսինքնՙ նույնիսկ ավելի քիչ, քան հանրապետության տարածքի ընդամենը 40 տոկոսի վրա կատարված ընդամենը փորձնական մարդահամարի դեպքում: Եվ մինչ ֆինանսների նախարարությունն անընդհատ ծամծմված «նույն ռոմանսն» է երգում, մարդահամարի վարչության պետը վստահեցնում է, որ եթե ֆինանսավորում չլինի, իրենք ուղղակի չեն կարող մարդահամար անցկացնել: Եվ ինչպե՞ս անցկացնել, երբ ըստ համապատասխան համապետական վարչության հաստատած նախահաշվի, այդ 1 մլրդ 194 մլն-ից միայն աշխատավարձերի մասը կազմում է 60 տոկոս, ավելի կոնկերտՙ պարտադիր սոցապ վճարները ներառյալ 781 մլն դրամ: Եթե հիմնվենք մարդահամարի անցկացման ընդունված նորմերին, ըստ որի քաղաքային բնակավայրերում յուրաքանչյուր 250 եւ գյուղական 350 բնակչին բաժին է ընկնում մեկ հաշվարար, ապա անհրաժեշտ է մոտ 13 հազար հաշվարկային հաստիք, որոնց աշխատավարձը կազմում է 25 հազար դրամ: Սակայն մենք դեռեւս անտեսում ենք ողջ ապարատի աշխատողների, տեխնիկական, նյութական միջոցների, քարտեզագրման համար (որն, ի դեպ, մրցութային է լինելու եւ մեծ գումարներ է պահանջում) անհրաժեշտ ֆինանսավորումը, ինչպես նաեւ միայն մարդահամարի անցկացման համար ժամանակավոր բացվող աշխատատեղերիՙ հրահանգիչների, ցուցակագրողների, մարդահամարի տեղամասերի վարիչների եւ այլ աշխատավարձերը, որոնք հաշվարարների հետ ընդհանուր առմամբ կազմում են 17 հազար 100 մարդ: Իհարկե, որոշակի կրճատումների կարելի է գնալ, սակայն ամեն դեպքում դա մի քանի անգամ գերազանցում է բյուջեով նախատեսվածը:

Վարչությունը ելքն այլ կերպ այլեւս չի տեսնում, քան միջազգային կազմակերպություններին դիմելը: Այդ քայլին արդեն գնացել են, մինչդեռ մինչեւ հիմա որեւէ արձագանք չի եղել: Հիշեցնենք, սակայն, որ մարդահամարի ստրատեգիական, համապետական նշանակությունը կասկած հարուցել չի կարող, եւ դա զուտ պետության ֆունկցիան է, սակայն այդ կառույցը արդեն երկու տարի ոչ մի կերպ չի կարողանում հիշյալ ուղղությամբ գումարներ հատկացնել: Թերեւս հեռու չէ այն օրը, երբ կառավարությունը կհրապարակի իր հերթական որոշումըՙ հետաձգել մարդահամարի անցկացումը: Մինչեւ ե՞րբ.

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4