ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 17-ին, Երեւանի ժամանակով ժամը 16-ի սահմաններում ավարտվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների պատվիրակների կոմիտեի նիստը, որի ընթացքում միաձայն որոշում է կայացվել Եվրախորհրդին Հայաստանի եւ Ադրբեջանի լիիրավ անդամակցության վերաբերյալ: Այսպիսով, Հայաստանը դարձավ այդ կազմակերպության 42-րդ անդամ երկիրը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հունվարի 25-ին Ստրասբուրգի Եվրոպայի պալատի առջեւ հանդիսավոր պայմաններում կբարձրացվի Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Արարողությանը կմասնակցի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես հայտնեցին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, նախատեսվում է, որ հանրապետության նախագահը ելույթով հանդես կգա Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում: Հունվարի 22-26-ը կայանալիք նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով հունվարի 20-ին Ստրասբուրգ կմեկնի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած խորհրդարանական պատվիրակությունը:
ԵԽ Նախարարների ներկայացուցիչների կոմիտեի հունվարի 17-ի նիստում Հայաստանի վերաբերյալ որեւէ զեկույց չի ներկայացվել: Լսվել են Ադրբեջանին առաջադրված պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցներ, մասնավորապեսՙ կապված հունվարի սկզբին 11 ընտրատարածքներում Միլի մեջլիսի կրկնական ընտրությունների անցկացման հետ, ինչպես նաեւ մշտական մոնիտորինգի արդյունքները քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ: