«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2001-01-16 | #7, 2001-01-17 | #8, 2001-01-18


ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՓՈԽՈՒՄ

Հարափոփոխ դիրքորոշումները հուսահատության նշան են

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը վերաքվեարկելու է 1998-ի մայիսի 29-ին իր իսկ կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ: Արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ: Բայց եւ այնպես լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այս օրինագիծն օրենքի ուժ կստանա, այսինքնՙ կընդունվի: Այդպիսի հիմքերից կարելի է համարել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժան Պոլ Բրեի հավաստիացումը, որ հունվարի 13-ին էլեկտրոնային փոստով «Ազգին» էր հաղորդվել: Նույնը վերաբերում է ֆրանսիական Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հավաստիացմանը, ինչի մասին հունվարի 16-ի հաղորդագրությամբ Մարսելից տեղեկացրեց մեր թղթակիցը:

Վերոհիշյալ հավաստիացումները, ինչ խոսք, կարեւոր են: Այնուամենայնիվ, թվում է, թե Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին Ֆրանսիայի ԱԺ-ի տրամադրվածության առումով ավելի քան կարեւոր է թուրքական հակազդեցության հարափոփոխ բնույթն ու ձեռնարկվող հակաքայլերի հակասականությունից բխող հուսահատությունը: Ֆրանսիայի խորհրդարանականների ենթադրվող տրամադրվածությունը 1915 թ. Ցեղասպանությունը ճանաչելու հարցում հազիվ թե բացատրվի պատմական արդարության վերականգնման, ինչպես նաեւ մարդկային խղճի արթնացման մոտիվներով միայն:

Ակնհայտ է, որ տվյալ դեպքում գերակշռողը քաղաքական դրդապատճառներն են, ինչպես, ասենք, ԱՄՆ «լիազոր ներկայացուցիչ» Թուրքիային հնարավորին չափ հեռու պահել Եվրամիությանն անդամակցելուց, կամ նախադրյալներ ստեղծել Անդրկովկաս ներթափանցելու համար եւ դա իրականացնել Հայաստանի միջոցով: Սակայն, անկախ դրդապատճառների բնույթից, Հայոց ցեղասպանության մուտքը եվրոպական երկրների, առավել եւս Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ միանգամայն դրական տեղաշարժ է, հատկապես այն դեպքում, երբ դրա ճանաչումը դարձել է ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարական հիմնահարցերից մեկը:

Այս ամենի առումով պատահական չէ, որ թուրքական իշխանությունները, բախվելով համանման տեղաշարժերին, հավասարակշռությունից դուրս են գալիս, այդպիսի իրավիճակում ձեռնարկվող հակաքայլերն ակամա զրկվում են տրամաբանությունից, եւ հուսահատությունն անխուսափելի է դառնում:

Հակաքայլերից թերեւս կարելի է նշել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության գործուղումը Ֆրանսիա, առավել եւս դրա գործունեությունն ու ժամկետից շուտ վերադարձն Անկարա, որը կասկածի տակ է դնում ինչպես գործուղման նպատակահարմարությունը, այնպես էլ գործունեության արդյունավետությունը:

Հարցը, սակայն, պատվիրակությունը չէ, այլ պատվիրակության «Ֆրանսիայի դեմ պատժամիջոցների դիմելու» նախազգուշացումը, ինչի մասին հունվարի 11-ի համարում տեղեկացրել է «Զամանը»: Հատկանշական է, որ նույն օրն այդ տեղեկությունը հերքվեց «Ջումհուրիեթում», ընդ որում վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության հետեւյալ հայտարարությունը. «Ֆրանսիայի դեմ որեւէ պատժամիջոցի դիմելու խնդիր չի եղել»: Ավելին, արտգործնախարարությունն ի լուր աշխարհի հայտարարեց Հայաստանի հետ մերձենալու Անկարայի մտադրության մասին:

Հունվարի 11-ին, երբ թուրքական թերթերը թուրք հասարակությանն իրազեկ էին պահում նախարարության մշակած եւ կառավարության հաստատմանը ներկայացրած «Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման» նախագծի մասին, փոխվարչապետ Դեւլեթ Բահչելինՙ ի պատասխան լրագրողների հարցերին, ասաց. «Փորձ է արվում, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության բանաձեւերով պաշարման տակ պահել Թուրքիային: Շուտով բոլորը կհամոզվեն, որ դա ոչ մի արդյունք չի տալու, առավելագույնս Թուրքիան հավելյալ զինվելու է ընդդեմ Հայաստանի»: Ուրեմն, Թուրքիայի փոխվարչապետն էլ հերքում էր Հայաստանի հետ մերձենալու Անկարայի մտադրության մասին Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը:

Հունվարի 12-ին, երբ Փարիզից Անկարա էր վերադառնում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությունը, երկրի արտգործնախարարությունը, ըստ երեւույթին արձագանքելով ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթին, հարկ համարեց ընդգծել, որ օրակարգում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարց չի դրված: Մինչդեռ պրն Օսկանյանը ելույթում այդ հարաբերությունների մասին չէր արտահայտվել: Նա պարզապես արձանագրել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելու փորձերում թուրքական իշխանությունների պարտությունը: Ի դեպ, այս փաստն ընդունելով հանդերձ, ՀՀ արտգործնախարարի ելույթին չափազանց բուռն արձագանքեցին թուրքական թերթերը հունվարի 13-ի համարներում: Դրան հետեւեց Թուրքիայի արտգործնախարարության հունվարի 16-ի հերթական հայտարարությունը. «Անկարան մտադիր չէ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երեւանի հետ, քանի դեռ հայկական իշխանությունները չեն հրաժարվել «Հայոց ցեղասպանության միջազգային» ճանաչման իրենց հավակնություններից, իսկ հայկական զորքերը չեն ազատել օկուպացրած ադրբեջանական տարածքները»:

Թուրքիայի արտգործնախարարության հունվարի 12-ի եւ 16-ի հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ յուրահատուկ շրջադարձ, այսպես կոչված, Հայաստանի հետ մերձենալու մտադրություններից: Քանի որ դրանք իրենց արտահայտությունն են գտել համապատասխան նախագծում, ուստի նախագծի մշակումն ու կառավարության ներկայացումը, որպես բարի կամեցողության դրսեւորում, իրականում Ֆրանսիայի ԱԺ-ին ապակողմնորոշելու փորձ էր: Ըստ երեւույթին թուրքական իշխանությունները սկսեցին լրջորեն կասկածել այդ փորձերի արդյունավետությանըՙ գալով այն համոզման, որ դրանք ապարդյուն են, արագ հրաժարվեցին բարի կամեցողության դրսեւորումներից: Նրանք դրանով մի անգամ եւս ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելու հակաքայլերն արդեն սպառվել են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4