ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ գերագույն դատարանում ընթացող մարտի 22-ի քրեական գործի դատաքննության այսօրվա նիստում դատարանն ավարտել է քրեական գործի նյութերի հետազոտումը: Ինչպես Արմենպրեսի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ժուդեքս Շաքարյանը, նիստում միջնորդություններ են ներկայացրել ամբաստանյալների պաշտպանները:
Էրիկ Փարամազյանի փաստաբան Էդվարդ Չինարյանը միջնորդել է հանցակազմի բացակայության հիմքով իր պաշտպանյալի մասով կարճել ահաբեկչական ակտի մեղադրանքը: Սասուն Աղաջանյանի պաշտպան Էդվարդ Աղաջանյանի միջնորդությունն առնչվել է իր պաշտպանյալին մեղսագրված զենքի հափշտակության մեղադրանքին: Պաշտպանը նշելով, որ Ս. Աղաջանյանը որեւէ մասնակցություն չի ունեցել Մսմնա գյուղ զենքի տեղափոխման հետ, միջնորդել է այդ մասով կարճել քրեական գործի վարույթը: Դատարանի կողմից վերը նշված միջնորդությունները մերժվել են:
Փաստաբան Ժ. Շաքարյանի ասելով, ինքը դատարանում հայտարարել է, թե պատրաստվում է հաջորդ նիստին միջնորդություն ներկայացնել, սակայն դատավոր Սուրեն Ալեքսանյանը հայտարարել է դատաքննության ավարտը:
Հունվարի 29-ի նիստում ճառով հանդես կգա մեղադրող կողմը: