ԼՂՀ Ազգային ժողովը հունվարի 19-ի նիստում ձայների 24 «կողմ» 9 «դեմ» հարաբերակցությամբ հաստատեց 2001 թ. բյուջեն:
ԼՂ վարչապետ Անուշավան Դանիելյանի հավաստմամբ 2000 թ. հանրապետությունում արձանագրվել է 7 տոկոս տնտեսական աճ: Ազգային ժողովիՙ 2001 թ. բյուջեին «դեմ» քվեարկած բոլոր ինը պատգամավորները ներկայացնում են ՀՅԴ-ն: ԼՂՀ ԱԺ ներքին գործերի, պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Մոսիյանը «Ազգի» հետ հեռախոսազրույցում նշեց, որ խմբակցության միասնական քվեարկությունը քաղաքական ենթատեքստ չունի, «Մեր առաջարկությունները մասամբ են ընդունվել, այդ պատճառով դեմ քվեարկեցինք»: Պրն. Մոսիյանը ԼՂՀ վարչապետի ներկայացրած 7 տոկոս տնտեսական աճին խիստ կասկածանքով է վերաբերվում:
Կարելի է փաստել, որ ԼՂՀ իշխանությունների եւ ՀՅԴ-ի միջեւ հակասությունները ակնհայտ են: Բյուջեի քվեարկությունը ամենաքաղաքական հարցն է, եւ աննորմալ կլիներ «դեմ» քվեարկել, միեւնույն ժամանակ սատարել իշխանություններին: Այսուհանդերձ, ՀՅԴ կեցվածքը լիովին տեղավորվում է ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի հռչակած ժողովրդավարական պետության կառուցելու շրջանակներում, այլապես, չհանդուրժելով ընդդիմության գոյությանը, Ղուկասյանին կմնար հրաժարվել իր մոտ աշխատող մի քանի դաշնակցական-խորհրդականներից:
Թ. Հ.