Համալսարանական տարիներից հիշում եմ, որ Հրանտ Թամրազյանն իր հախուռն խառնվածքով, կրքոտ խոսքով հեշտությամբ գրավում էր ռոմանտիկ ուսանողներիս սրտերը: Մանավանդ այն տարիներին նոր էր լույս տեսել Չարենցի «Խմբապետ Շավարշին» նվիրված հոդվածը, երիտասարդ պրոֆեսորին կուսակցական տույժի էին ենթարկել, եւ մեր համակրանքը, իհարկե, ամբողջովին Թամրազյանի կողմն էր: Բայց այդ հոդվածի մասին քիչ հետո.
1999 թ. լույս տեսավ «Հայ քնարերգուներ» գիրքը, որը շարունակությունն է տարիներ առաջ լույս տեսած նույնանուն ժողովածուի: Այս գրքի ընթերցանությունը մեզ վերադարձնում էր 60_70-ական թթ. մթնոլորտը, երբ գրականության հարցերը քննարկվում էին այնպիսի խոր շահագրգռվածությամբ, այնպիսի կրքոտությամբ, որոնք այսօր հեռավոր մի բան են թվում: Գրականությունը կապվում էր ժողովրդի կյանքի ամենաառանցքային խնդիրների հետ, եւ դրա համար գրականագիտական կամ քննադատական ամեն լուրջ ելույթ ընկալվում էր նաեւ իբրեւ խոսք մեր կյանքի ու պատմության մասին: Այս տպավորությունն ավելի խորանում է, երբ հիշում ենք Թամրազյանի նախորդ գիրքըՙ «Գրական դիմանկարներ եւ հոդվածներ», որը լույս տեսավ 1998-ին: Գրքերից ամեն մեկը լուրջ խոսակցության նյութ է: Ես պիտի փորձեմ համառոտ բնութագրել երկրորդըՙ «Հայ քնարերգուները»:
Ժողովածուն բացող առաջին իսկ հոդվածը շատ բնորոշ է Թամրազյանի խառնվածքին եւ նախասիրություններին: Այն կոչվում է «Ազգային ճանապարհի գաղափարաբանությունը եւ բանաստեղծությունը»: Ենթավերնագիրը նշում է երեք մեծ բանաստեղծիՙ Սիամանթո, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, որոնց ստեղծագործությունն էլ հուշել է գրել այս հոդվածը: Երեքի մասին էլ Թամրազյանը մենագրություններ է գրել. այս հոդվածը կրկնություն չէ, այլ մի շատ կարեւոր խնդրի առաջադրումՙ դարասկզբի հայ բանաստեղծության միասնությունը, որը բացահայտվում է երեք բանաստեղծների կողմից ազգային ճակատագրի ընկալման եւ արտացոլման մեջ: Երեք բանաստեղծ, որոնք խորապես ապրում էին իրենց ժողովրդի ճակատագրով: Առհասարակ, հայ գրականությունը, հայ բանաստեղծությունն անհնարին է քննել ժողովրդի պատմության հետ ունեցած անմիջական կապերից դուրս: Բայց այս երեք բանաստեղծներից ամեն մեկն իր ճանապարհով էր գնում դեպի ազգային կյանք: Սիամանթոն, որը մերժեց քնարերգության բոլոր թեմաներըՙ հայրենիքի ողբերգության ու պայքարի երգը երգելու համար, Տերյանը, որը, թվում է, հեռու էր քաղաքական խնդիրներից, Չարենցը, որ շատ բան ժառանգեց հենց Տերյանից: Թամրազյանն իր հոդվածում հայ գրականության ազգային դիմագծի ճիշտ ու խոր ըմբռնմամբ ցույց է տալիս, թե երեք իրարից այնքան տարբեր բանաստեղծներ ինչպես մի կարեւորագույն կետում այնքան հարազատ էին միմյանց:
Ահա Թամրազյանը գրում է. «Կյանքը տարբեր ոճերի հեղինակներին. մղում էր նույն ցավերի, նույն հարցերի ոլորտը»: Եվ ցույց է տալիս իսկապես ուշագրավ զուգահեռներ: Հայտնի է, որ Տերյանը հաշտ չէր արեւմտահայ քնարերգության հետ: Բայց ներքին հոգեհարազատությունն ակնհայտ էր, ասենք, այնպիսի մի խնդրում, ինչպիսին հոգեւոր արժեքների նշանակությունն է հայոց ճակատագրում: Եվ, իհարկե, պատահական չէ, որ նույն ժամանակներում Սիամանթոն ու Տերյանն անդրադառնում են հենց այդ հոգեւոր արժեքներին, Սիամանթոնՙ իր «Նավասարդյան աղոթքում» ու «Սուրբ Մեսրոպ» պոեմում, իսկ Վահան Տերյանըՙ «Հոգեւոր Հայաստան» հոդվածում եւ, ըստ էության, «Երկիր Նաիրի» շարքի բոլոր գործերում: Իր բացառիկ տաղանդի բացած ճանապարհներով իր ավագ ժամանակակիցներին էր հետեւում նաեւ Եղիշե Չարենցը:
Հիշեցինք Թամրազյանի սեւեռուն հետաքրքրությունն այս երեք բանաստեղծների ստեղծագործության նկատմամբ: Ներկա գրքում էլ նրանցից երկուսինՙ Սիամանթոյին ու Չարենցին, հատկացված են ամբողջ բաժիններ: Հնարավորություն չունենալով մեկ-մեկ անդրադառնալ այդ գործերին, ասեմ միայն, որ բոլոր էջերում լսվում է Թամրազյանի կրքոտ ձայնը, որը մեզ ստիպում է մտածել մեր գրականության զարգացման կարեւորագույն խնդիրների, դասական բանաստեղծների ժառանգության առանցքային հարցերի մասին: Դա վերաբերում է նաեւ Գուրգեն Մահարուն, Սիլվա Կապուտիկյանին, Վահագն Դավթյանին եւ Անդրանիկ Ծառուկյանին նվիրված հոդվածներին:
Երկու խոսք պիտի ասեմ մասնավորապես Անդրանիկ Ծառուկյանին նվիրված հոդվածի մասին: Ծառուկյանը, փառք Աստծո, մեզանում հայտնի ու սիրված գրող է, եւ միանգամայն արժանի է այն ջերմ վերաբերմունքին, որ կար նրա հանդեպ Հայաստանում: Լայնախոհ մարդ, իսկական հայրենասեր, տաղանդավոր բանաստեղծ ու արձակագիր, նա պատվավոր տեղ նվաճեց հայ նորագույն գրողների շարքում: Բայց նրա բանաստեղծական վաստակը մեզանում քիչ է հայտնի եւ քիչ ուսումնասիրված: Մասնավորապես, «Թուղթ առ Երեւան» պոեմը: Ահա այս պոեմի մասին է գրում Թամրազյանը, գրում է իրեն հատուկ անմիջականությամբ, սիրով, քննադատական խորհրդածություններին հյուսելով հիշողությունները: Ծառուկյանի այդ պոեմի մեջ որոշ բաներ, անկասկած, հնացել են, հատկապես քաղաքական այն իրողությունները, որոնք ժամանակին առիթ դարձան այս պոեմը գրելուն: Բայց Թամրազյանն, անկասկած, ճիշտ է, Ծառուկյանի պոեմի մեջ հայտնաբերելով անանց շեշտեր: Այն տաք զգացմունքը, որով համակված է այդ պոեմը, իհարկե, չէր կարող թելադրված լինել միայն ժամանակի կոնկրետ հանգամանքներով: Այդ մեծ, խոր հայրենասիրությունը, թերեւս, ավելի ճշգրիտ, հայրենակարոտությունը, որ պոեմի գլխավոր երակն է, առհասարակ հայ մարդու էության կարեւորագույն տարրերից մեկն է, ինչքան էլ այսօր նորից ծայր տված լինի պանդխտության քարավանը: Մենք երեւի այնքան շատ բան ենք սպասում մեր հայրենիքից, որ շուտ վիրավորվում ենք նրա տերերից ու խռոված հեռանումՙ օտարության մեջ նորից կարոտելու հայրենիքը եւ թախծելու այնպես, ինչպես «Կռունկի» հերոսն էր թախծում միջնադարում... Համենայն դեպս, պատահական չէր, որ գրեթե նույն ժամանակ երկու սերնդակից լիբանանահայ գրողներ գրեցին իրենց պոեմները հայ մարդու անվերջ հայրենակարոտության մասինՙ Ծառուկյանըՙ «Թուղթ առ Երեւանը», Մուշեղ Իշխանըՙ «Հայաստանը»:
Բայց այս գիրքն ավելի շատ տրամադրում է խոսել հատկապես Չարենցի մասին: Գրքի հավելվածում դրված է «Խմբապետ Շավարշին» նվիրված հոդվածը, որն արդեն հիշեցի: Ինքըՙ Թամրազյանն այսպես է բացատրում այդ վերահրատարակությունը. «Նախ, դա ծավալուն պատասխան է իմ ընդդիմախոսներին: Կա եւ երկրորդը: Ես անուղղակիորեն ուզում եմ ընթերցողին ներկայացնել մեր սերնդի հեռավոր օրերի հոգեկան մաքառումները ազգային արժեքների գնահատման ճանապարհին... Եվ վերջապես, Չարենցի հանճարեղ պոեմը... այսօր էլ պահպանում է իր ե՚ւ գեղարվեստական, ե՚ւ գաղափարական կենսունակությունը...»:
Միանգամայն համաձայն եմ պոեմի արդիական նշանակության մասին ասվածին: Բայց ի՞նչ ընդդիմախոսների նկատի ունի Թամրազյանը: Նրա հոդվածը մեր քննադատության կարեւորագույն ձեռքբերումներից մեկն էր. այն ժամանակին գնահատվեց ըստ արժանվույն, ինչպես վկայում են նաեւ հայ գրողների ու քննադատներիՙ տարբեր առիթներով հայտնված կարծիքները: Եվ իսկապես, Թամրազյանը տվեց Չարենցի այդ հզոր պոեմի ճշմարիտ վերլուծությունը: Շատ էին այն ժամանակ խոսում Չարենցի երգիծանքի մասին, բայց Թամրազյանն առաջինն էր, որ հիմնավոր ու հստակ ապացուցեց խմբապետ Շավարշի կերպարի ողբերգականությունը: Դա հայոց ազգային ողբերգության ամենախոր դրսեւորումներից մեկն էր մեր նորագույն գրականության մեջ:
Թվում էր, թե այդ հոդվածն այսօր էլ պետք է ընկալվի իբրեւ հայ նորագույն քննադատության լավագույն գործերից մեկը: Բայց Հրանտ Մաթեւոսյանը (որի մասին Թամրազյանը մեծ հոդված ունի նախորդՙ «Գրական դիմանկարներ, հոդվածներ» գրքում) ասել է, թե իրենք, այսինքն մանկավարժական ինստիտուտի ուսանողները Հրանտ Թամրազյանից դեռ շատ առաջ ինստիտուտի միջանցքներում արդեն խոսում էին պոեմի ողբերգականության մասին: Այդ հայտարարությունը տպագրում է «Առավոտ» թերթը: Այլ դեպքերում Թամրազյանին կարելի էր ցանկանալ ուշադրություն չդարձնել նման հայտարարության վրա: Ի՞նչ է նշանակումՙ «միջանցքում քննարկելիս եկանք այն եզրակացության...»: Բայց ասողը հայտնի գրող է, գրողների միության նախագահ, որի ստեղծագործությունը ինքըՙ Թամրազյանը, շատ բարձր է գնահատում: Ուրեմն ստիպված ենք հիշեցնել, որ միջանցքներում շատ ու շատ բաներ են ասում. Հրանտ Թամրազյանը միջանցքներում չի ասել, այլ հրապարակավ, եւ իր ասածը հիմնավոր է ասել: Եվ հենց նրա ասածն է դարձել գրական մտքի փաստ, այլ ոչ թե մանկավարժական ինստիտուտի միջանցքներում ասածները:
Չեմ կարող նորից ու նորից չզարմանալ, թե ինչպես իսկապես տաղանդավոր գրողը, որը խոսքի արժեքը լավ գիտի, այդքան թեթեւ է վերաբերվում իր խոսքին: Բոլորովին վերջերս ուղիղ եթերում մեր այսօրվա բանաստեղծներից մեկին, որը շնորհալի մարդ է, բայց շա՜տ հեռու Չարենցից, հայտարարեց մեր օրերի Չարենց... Մեզ մնում է մի անգամ եւս ափսոսալ այս բոլորի համար...
Ինչ վերաբերում է Թամրազյանի հոդվածին, նրա արժեքը որեւէ չափով չի պակասում: Գիտնականի այս հոդվածը, նրա այլ գործեր շատ արժեքավոր նպաստ են մեր գրականագիտության եւ ընդհանրապես հասարակական մտքի զարգացմանը:
ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ