«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2001-01-20 | #11, 2001-01-23 | #12, 2001-01-24


«ԿԱ՚Մ ԵՍ, ԿԱ՚Մ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ»

Հայտարարում է Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Օհան Դուրյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Օհան Դուրյանը եկել է այն համոզման, որ ինչպես Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում կամ Փարիզում, մեզ մոտ նույնպես օպերային թատրոնը չպետք է ունենա գեղարվեստական ղեկավարՙ այն պետք է ղեկավարի թատրոնի գլխավոր դիրիժորը: «Նոյյան տապանի» թղթակցի հետ զրույցում ընդգծելով իր եւ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի անհամատեղելիությունը, նա հայտարարեց. «Կա՚մ ես, կա՚մ նա: Երկու խոհարար մի խոհանոցում չի լինի»:

Ըստ մաեստրո Օհան Դուրյանի, ինչպես միշտ, «իր որակը խանգարում է մարդկանց: Այն գոհացնում է ժողովրդին, բայց նրանք, ովքեր որակով իրենից ցածր են, իր թշնամիներն են եւ ամեն անգամ իր համար պրոբլեմներ են ստեղծում»:

Անդրադառնալով հուլիսին օպերային թատրոնի Իտալիա կատարելիք մեկամսյա հյուրախաղերին, Օհան Դուրյանը նշեց, որ Գեղամ Գրիգորյանը պատրաստվում է այդ հյուրախաղերին, մշակում է ծրագիր, դիրիժորներ է նշանակում առանց իրենՙ թատրոնի երաժշտական ղեկավարին եւ գլխավոր դիրիժորին տեղյակ պահելու: Նա հայտնեց, որ ինքը Իտալիա նամակ է ուղարկել, որում նշում է, որ Գրիգորյանի ներկայացրած ծրագրին համաձայն չէ: Թատրոնի տնօրինությանը Մաեստրոն ներկայացրել է երկու առաջարկ. եթե թատրոնը հյուրախաղերին մասնակցի Գեղամ Գրիգորյանի պայմանավորվածություններով եւ ծրագրով, ապա ինքը չի մասնակցի դրանց, քանի որ չի կարող ստանձնել այդ ծրագրի պատասխանատվությունը, իսկ եթե հյուրախաղերն անցկացվեն իր առաջարկած տարբերակով եւ հարգվեն իր իրավունքները, նա իրեն հասանելիք ամբողջ գումարը կհատկացնի կոլեկտիվին: Ըստ Մաեստրոյի, օպերայի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը «չունեն տարրական կուլտուրա եւ չգիտեն, որ օպերային թատրոնի որակը կերտում են գլխավոր դիրիժորն ու երաժշտական ղեկավարը»: Տնօրինության այն հայտարարությունների առնչությամբ, թե Մաեստրոն խանգարում է հյուրախաղերին, Դուրյանն ասաց, որ դա արվում է այն բանի համար, որ ինքը վերջիվերջո զզվի, հրաժարվի իր աշխատանքից կամ հիվանդանա:

Մաեստրո Դուրյանի խոսքերով, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը եւ օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը կախում ունեն Գեղամ Գրիգորյանից: Նա հայտարարեց, որ իրենից պաշտոնով բարձր գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը կարող են հայտնել մշակույթի նախարարին, որ իր որակը չի բավարարում իրենց, սակայն իր գործերի մեջ խառնվելու եւ իր իրավունքները ոտնահարելու իրավունք նրանք չունեն: Նա նաեւ ընդգծեց, որ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության հետ իր կնքած աշխատանքային պայմանագիրը ցմահ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4