Հակառակ իր բազմազբաղ վիճակին, Քեմբրիջում (Մասաչուսեթս, ԱՄՆ) գործող բարձրակարգ տեխնոլոգիաների եւ կապիտալի ռիսկային ներդրման «Նյուկոջեն» ֆիրմայի գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանն անընդհատ ճանապարհներ է որոնում տեխնոլոգիապես զինելու իր հայրենիք Հայաստանը:
Լինելով «Հայաստան» հիմնադրամի վարչության ակտիվ անդամներիցՙ նա կյանքի է կոչել «բարձրակարգ տեխնոլոգիայի հայ գործադիրների մի խորհուրդ», որը Հայաստանի համար համակարգչային ծրագրեր է մշակելու:
«Մենք երկրի համար երկարաժամկետ ռազմավարություն ենք ցանկանում մշակել: Անհրաժեշտ է այժմվանից տեսնել, թե ինչ դեր է վիճակվելու Հայաստանին առաջիկա 25_50 տարիների ընթացքում: Հետո չափազանց կարեւոր է նաեւ հետեւել, թե ուր են գնում ներդրումները: Վերահսկողություն սահմանելը մեծապես նպաստում է գործին», ասում է Աֆեյանը, որը չնայած Հայաստան է այցելել ընդամենը մեկ անգամՙ 1970-ականներին, սակայն իրեն զգում է այստեղ խոր արմատներ ունեցող անձնավորություն:
Ինչպես հաղորդում է «Ազգ-միրոր» համակարգչային լրատվական ծառայությունը, Աֆեյանը ծնվել է Լիբանանում, որտեղ պապն ու տատը, Ստամբուլի արվարձաններիցՙ համապատասխանաբար Ադաբազարից եւ Ուրֆայից մազապուրծ հաստատվել են եղեռնից հետո:
Լիբանանյան քաղաքացիական պատերազմի օրերին ծնողների (հայրըՙ բուլղարահայ, մայրըՙ լիբանանահայ) հետ հաստատվել է Մոնրեալում (Կանադա), որտեղ Մքգիլ համալսարանն ավարտելուց հետո, 1983-ին փոխադրվել է ԱՄՆ կատարելագործվելու: Այնտեղ նա ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել: Եղել է Ուոթերթաունի Սբ. Ստեփանոս եկեղեցու խորհրդի, ինչպես նաեւ «Սայաթ-Նովա» պարի խմբի անդամ: 2000 թվականի սկզբներին Անի Թոթայի, Էդգար Հակոբյանի եւ այլոց հետ հիմնել է «Արմենպակ» քաղաքական ակտիվության կոմիտեն, որը նպատակ է հետապնդում նեցուկ կանգնել հայկական համայնքի խնդիրներով զբաղված քաղաքական գործիչներին:
Հ. Ծ.