«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2001-01-20 | #11, 2001-01-23 | #12, 2001-01-24


ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊՈՒՅՏ ԵՐԱԶ «ՇԵՍՏՈՅԸ»

Վաղուց, շատ վաղուց, երբ Հայաստանում անթիվ, անհամար չէին միջազգայնագետ իրավաբանները, համաշխարհային տնտեսագիտության մասնագետները եւ նրանց նախապատրաստող համալսարանները, կային մանկապարտեզներ:

Մանկապարտեզների սաները երազում էին դառնալ օդաչու, տիեզերագնաց, բժիշկ, անգամ ուսուցիչ: Այժմ մանկապարտեզներ չկան, բայց նախադպրոցական տարիքի երեխաներ, թեկուզ փոքր քանակությամբ, այնուամենայնիվ մնացել են: Նրանք էլ են երազում... դառնալ «շեստոյի», «նալոգվիի», «ազգային չիտվյորտիի», «տամոժնիի», «աերոպորտի», «օխրանի» տղերք կամ էլ նրանց ախչկերք: Բա ո՞նց չերազեն: Բավական է տեսնել «շեստոյի» նախկին պետի տեղակալ շուստրի Ալիկի տներից մեկը, որը նա ամսական մի քանի հազար դոլարով վարձով է տալիս Լիբանանի դեսպանին, որ ամեն ինչ պարզ դառնա, որտեղ է պետք բախտ որոնել Հայաստան աշխարհում: Որոշ մանուկներ երկար վիճում ենՙ Լիբանանի դրոշի մայրու ծառը, «շեստոյի» խորհրդանի՞շն է, թե՞ շուստրի Ալիկի:

Ի դեպ, մի զարմանահրաշ փաստ: Անգամ ռուսական դպրոցները փակելուց հետո, այդ ամենազոր եւ ամենապատժիչ օղակների անվանումները շարունակում են արտասանել ռուսերեն, ինչպես մարդու չորքոտանի բարեկամներինը: Դե դա անշուշտ պատահական զուգադիպություն է...

Հայաստանում գործնականում առկա են հիսուն, թող լինի հարյուր հիշատակության արժանի տնտեսվարող սուբյեկտներ (ըստ «շեստոյի»ՙ «օբյեկտներ»), խաղատները, կազինոները, «սաունա, ռեստորան, հյուրանոց» կոմպլեքսային համալիրները, ցիրկի մոտ կանգնող աղջիկները եւ «Շամիրամ» հասարակական եւ շատ քաղաքական կուսակցությունը հետը, թող լինի երեք, լավ չորս հարյուր ձեռնարկություն, բայց ինչքա՜ն շատ են գրեթե տնտեսություն չունեցող, երկրում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարող կազմակերպությունները:

Գիտեր ինչ էր անում Հայոց պետության առաջին ղեկավարն իր ներքին գործերի եւ համատեղության կարգով իրական ֆինանսների նախարարի, ներկայումս անհույս կորած Վանոյի հետ: Սիրում էին, էլի, անկախություն կերտող ազգային հայրերը թվեր, մեծ թվեր... Ստեղծեցին համակարգ «շեստոյ», «սեդմոյ», «վոսմոյ»... Այդքանից հետո ոմանք զարմանում ենՙ ինչո՞ւ Հայաստանը թողնելու համար օդակայանում հարկ են գանձում: Ինչպե՞ս թե ինչու: Հաջողության վարձն է դա, փորձանքից խուսափելու գումարըՙ այդքան բռնողների պարագայում ազատ մնալու համար:

Վերջին հայրենական զավեշտը: Հերթական կառավարությունը ստեղծել է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր: Կոռուպցիա մեզանում չկա, չի կարող լինել: Կոռուպցիան այնտեղ է, ուր կապիտալի լուրջ շրջագայությունն է: Մեզ մոտ ուրիշ է, ավելի ճիշտ «մերն ուրիշ է»: Մենք բռնողների եւ ստուգողների երկիր ենք: Իսկ երկնագույն երազով ապրող մանկանը հույսով փայփայենք, եթե անգամ կյանքը լավ չդասավորվեց եւ ինքը հետագայում չմտավ «շեստոյ», «սեդմոյ», «վտարոյ» կամ «տրետի», չդարձավ հակակոռուպցիոն խորհրդի կաշառակերության դեմ պայքարի գլխավոր վարչության գիտական քարտուղարի շրջապատի գծով ավագ խորհրդականի առաջին տեղակալ, ապա կա նաեւ «պենսիոնին», «պաժառնին», 25_30 նախարարությունների վերահսկողության վարչություններն ու բաժինները, մարզպետարանների, քաղաքապետարանների, համայնքապետարանների համապատասխան օղակները, բնակ-շահագործման գրասենյակները, կատարածուները եւ նրանքՙ առանց որոնց կյանքը մեր չի փոխվի, այլ կմնա նույնքան ուրախ եւ զվարթ:

ՊԵՐՎԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4