«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2001-01-20 | #11, 2001-01-23 | #12, 2001-01-24


ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՇՏ Է ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ Է ԶԳՈՒՄ

Մամուլի ազգային ակումբում ընդգծեց Տիգրան Թորոսյանը

Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում հունվարի 23-ին «Հոլսթեն» սրճարանում լրագրողները հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Հրատապ թեման կադրային փոփոխություններն էին եւ դրանց հանդեպ հանրապետականների դիրքորոշումը:

Սկզբից եւեթ Թորոսյանն ընդգծեց. «Ընտրւթյուններում մեծամասնություն ստացած քաղաքական ուժըՙ Միասնությունը, առաջին հերթին է պատասխանատու երկրում կատարվող իրադարձությունների, հաջողությունների եւ անհաջողությունների համար. սա պարզ բանաձեւ է եւ վիճարկելի չէ»: Ինչ վերաբերում է իրականացվող կադրային քաղաքականության մեջ Հանրապետական կուսակցության դերակատարմանը, ապա «մեր երկրի քաղաքական զարգացման մակարդակին համապատասխանՙ Հանրապետական կուսակցությունը, որպես քաղաքական մեծամասնություն կազմող ուժերից մեկը, համապատասխան դերակատարություն ունի», նկատեց ՄԱԱ-ի հյուրը, միաժամանակ ավելացնելով, որ կուսակցությունը կարող էր եւ ունենալ «լիարժեք դերակատարություն, բայց դա միայն ցանկություններով չի լինում»:

Պատասխանելով մեր այն հարցինՙ ըստ որի քաղաքական մեծամասնությունը ներկայացնող, Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանին կադրային վերադասավորումների արդյունքում վարչապետության որքան ժամանակ է մնացել, հիշյալ կուսակցության խորհրդի փոխնախագահ Տ. Թորոսյանը նախ նշեց, որ «բոլոր պաշտոններն էլ ժամանակավոր են», ապա ավելացրեց. «Երբ քաղաքական ուժը կամ գործիչը պաշտոն է ստանում, պետք է մտածի ոչ թե այն մասին, թե իրեն որքան ժամանակ է մնացել աշխատելու, այլ թե այդ ժամանակահատվածում ինչպես ավելի մեծ աշխատանք անի, որ լիարժեք կարողանա օգտագործել պաշտոնի ընձեռած հնարավորությունները»:

Անդրադառնալով դաշնակցությանՙ իշխանության գալու հարցին, ԱԺ փոխնախագահը ասաց, որ այդ ամենը արդյունք է ասեկոսեների, եւ «որեւէ իրական փաստ դեռեւս գոյություն չունի», մանավանդ որ «կադրային փոփոխությունների տրամաբանությունն այս տեսակետից, ի տարբերություն նախորդ տարիների, հասկանալի է»: Ըստ Թորոսյանիՙ «անհեթեթությունն էր ազատ տնտեսական հարաբերությունների ջատագով կառավարության կազմում Կոմկուսի ներկայացուցչի ներկայությունը»: Թորոսյանը տրամաբանական է համարում Լոքյանի նշանակումը, քանի որ ՀՅԴ-ն «հիմնականում պաշտպանել է կառավարության մոտեցումները»: Անդրադառնալով ԱԺ-ի լուծարման շուրջ անվերջ պտտվող լուրերինՙ Մամուլի ազգային ակումբի հյուրը դրա պատճառներից մեկը քաղաքական դաշտի անկատարությունը համարեց, իսկ «քաղաքական ասպարեզին վերաբերող իրադարձությունները հիմնված են բանսարկությունների, խարդավանքների, ասեկոսեների վրա», քանի որ «ավանդույթների բացակայությունն առաջացնում է քաղաքական նեղմտություն»:

Պատասխանելով մեր այն հարցին, ըստ որի արդյոք պարբերաբար ճգնաժամերի մեջ հայտնվող «Միասնությունը» արհեստական կառույց չէ՞, ինչպիսին էր 1994-ին ստեղծված «Հանրապետություն» միավորումը, ՄԱԱ-ի հյուրը նշեց, որ «այդ երկու միավորումների միջեւ կան էական տարբերություններ, «Հանրապետություն»-ում ՀՀՇ-ն ուներ բացարձակ մեծամասնություն, իսկ «Միասնություն»-ում դերաբաշխումը գրեթե հավասար է»: Ըստ նրա, եթե «Միասնությունը» չգործի ըստ գաղափարախոսական եւ սկզբունքային մոտեցումների, ապա ճգնաժամերն անխուսափելի են:

Մենք փորձեցինք նաեւ ճշտել, թե արդյոք Թորոսյանը համաձայն է Բազեյանի այն տեսակետին, ըստ որ կադրային քաղաքականությունը Հայաստանում ճիշտ չի իրականացվում եւ առաջ են քաշվում մարդիկ, որոնք կարողանում են քծնել, Թորոսյանը ընդգծեց, որ «պետական կառավարման համակարգը լուրջ բերափոխումների կարիք ունի, այս հանգամանքը ոչ մի խելամիտ քաղաքական գործիչ չի կարող ժխտել», «բոլոր նեգատիվ երեւույթները, այդ թվում եւ կոռուպցիան, պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում մեծ տեղ են գրավում»: Նա ավելացրեց, որ «բարեփոխումները պետք է լինեն համակարգային, հնարավոր չէ մեկ ոլորտում դրանք իրականացնել, իսկ մյուսները ետ մնան, փորձը ցույց է տալիս, որ նման ընթացքը դատապարտված է. ողջ համակարգն այնքան կոշտ է եւ դժվար է բարեփոխվում, որ կարող է տապալել անգամ մեկ ոլորտում արվող քայլերը»: Քանի դեռ այդ խնդիրը չի լուծվածՙ 5_6 տոկոսի հասնող ՀՆԱ-ի աճը որեւէ տնտեսական առաջընթացի չի հանգեցնելու: Սրա հետ սերտորեն կապված է նաեւ քաղաքական համակարգի բարեփոխումների հարցը, «այս երկու խնդիրների չլուծվելու դեպքում մենք դատապարտված ենք չլուծելու նաեւ տնտեսական խնդիրները», ընդգծեց Մամուլի ազգային ակումբի հյուրը:

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4