ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ազատություն» ռադիոկայանի տվյալներով, ռուսաստանյան OPT հեռուստաընկերության ղեկավարությունը տեղյակ չի եղել Հայաստանի տարածքում իրենց հաղորդումների հեռարձակման դադարեցման մասին: Ռադիոկայանի մոսկովյան թղթակցին տրված այս մեկնաբանությունը հակասում է հայկական պատասխանատու պաշտոնյաների ավելի վաղ արված հայտարարություններինՙ OPT-ի հետ այս կապակցությամբ վարվող բանակցությունների մասին: Ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանում այդ ռուսաստանյան ընկերության հաղորդումների հեռարձակման, ինչպես նաեւ եթերում դրա գովազդային ժամանակի օգտագործման իրավունքին հավակնում է հայտնի հայաստանցի գործարար Հրանտ Վարդանյանը: