ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայթուցիկ նյութեր պահելու մեղադրանքով հունվարի 24-ին 3 տարի ժամկետով դատապարտվել է հայտնի ամերիկահայ, Հայ դատի հանձնախմբի նախկին նախագահ Մուրադ Թոփալյանը: Ամերիկյան լրատվամիջոցներից մեկը /nandotimes.com/ նշում է, որ Թոփալյանը մեղադրվում է 1980-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ մեքենայի պայթեցմանը մասնակցելու մեջ:
ԱՄՆ շրջանային դատավոր Անն Օլդրիխտը մերժել է դատապարտյալի խնդրանքըՙ թողնել իրեն ազատության մեջ մինչեւ օգոստոս ամիսը, երբ լեյկեմիայից կապաքինվի իր 7-ամյա դուստրը: Մեղադրող կողմի պնդմամբ, Թոփալյանը տրամադրելով պայթուցիկ նյութեր, օժանդակել է ահաբեկչությանը, որի արդյունքում 3 մարդ վիրավորվել է:
Ըստ լրատվամիջոցի, այսպիսով նա 20 տարի առաջ փորձել էր ուշադրություն հրավիրել 1915-1923 թթ. թուրքերի կողմից 1,5 միլիոն հայերի սպանության փաստին:
Մուրադ Թոփալյանի դատապարտմանն այսօր անդրադարձել է նաեւ թուրքական մամուլը, մասնավորապեսՙ «Սաբահ» օրաթերթը: