«Ազգի» թղթակցին վստահեցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողները
Այսօր Փարիզում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթականՙ 14-րդ հանդիպումը: Երեկ «Ազգ»-ի թղթակիցը Ստրասբուրգում հնարավորություն ունեցավ Քոչարյան-Ալիեւ նախորդ հանդիպումների եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առանձին զրուցել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Ն. Գրիբկովի, ամերիկյան համանախագահ Ք. Քավանոյի եւ ֆրանսիական համանախագահ Ժ. Ժ. Գայարդի հետՙ նրանց ուղղելով մի քանի հարցեր:
- Հայաստանը եւ Ադրբեջանը դարձան Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ: Ի՞նչ դրական ազդեցություն կարող է ունենալ երկու հակամարտող երկրների միաժամանակյա անդամակցությունը ԼՂ խնդրի կարգավորման հարցում:
Նիկոլայ Գրիբկով- Հայաստանի եւ Ադրբեջանի մուտքը ԵԽ հնարավորություններ կստեղծի, որպեսզի հայերն ու ադրբեջանցիներն առավել հաճախ հանդիպեն, քննարկումներ անցկացնեն: Ինչպես գիտեք, ԼՂ հակամարտության կարգավորման ամենաընդունելի ֆորմատը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խումբը: ԼՂ հակամարտության լուծումը չափազանց բարդ է: Մենք հույս ունենք, որ Քոչարյան-Ալիեւ ուղղակի հանդիպումներն այս խնդրի լուծման համար չափազանց կարեւոր են: Մեր լավատեսությունը պայմանավորված է նրանով, որ երկու երկրների նախագահներն էլ ունեն քաղաքական կամք ու պետականամետ մտածելակերպ, եւ նրանք կարող են գտնել խնդրի այնպիսի հանգուցալուծումներ, որոնք եւ մենք կօգտագործենք համալրելու այդ հանգուցալուծումներըՙ վերջնական համաձայնության հասնելու ակնկալիքով:
Ուրիշների փոխարեն չեմ ուզում խոսել, բայց որպես ռուս մարդ ցանկանում եմ նշել. երեւի թե չկա այլ պետություն, ինչպես Ռուսաստանը, որը սրտանց նպատակուղղված է որքան հնարավոր է շուտ վերջ դնել պրոբլեմներին եւ ապրել արժանավայել կյանքով:
Ժան Ժակ Գայարդ- Որպես եվրոպացի ուրախ եմ, որ եվրոպական ընտանիքը համալրվեց երկու նոր անդամներով: Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը ԵԽ-ին ԼՂ հակամարտության կարգավորման առումով կբացի նոր հնարավորություններ համագործակցության, բանակցային գործընթացի դյուրացման համար:
- Այսօր Փարիզում նախագահ Ժ. Շիրակի հովանավորությամբ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ԼՂ հարցի կարգավորման առումով որոշակի ակտիվություն է նկատվում Փարիզի ու Մոսկվայի կողմից եւ որոշակի պասիվությունՙ Վաշինգտոնի կողմից: Եթե իմ մեկնաբանությունը մոտ է իրականությանը, ապա կխնդրեի Ձեր բացատրությունը:
Քերի Քավանո- Պասի՞վ: Ինչո՞ւ եք այդպես կարծում: Վերջին մի քանի շաբաթներին մենք շփումներ ենք պահպանում պրն Քոչարյանի, պրն Ալիեւի, ինչպես նաեւ պրն Շիրակի հետ: Երբեմն համանախագահող երկրներից մեկի գործունեությունը լավ է երեւում, մյուսինըՙ ոչ: Եղել են դեպքեր, երբ համանախագահողներից միայն ես եմ ժամանել Բաքու, Ստեփանակերտ եւ Երեւան: Դուք չպետք է մոռանաք, որ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասը կարեւոր տարածաշրջան է: Վստահեցնում եմՙ ԱՄՆ-ը միշտ ակտիվ է:
Նիկոլայ Գրիբկով- Չէի ասի, թե վերջին շրջանում ԱՄՆ-ը ստվերում է: Պարզապես նրանք ունեն ներքաղաքական որոշ խնդիրներ, գիտեքՙ նախագահափոխության շրջան էր: Խնդիրն այն է, որ մենք միասին (Գայարդ եւ Քավանո- Թ. Հ.) ենք գործում, համակարգված, համաձայնեցված: Մեր երեքիս համագործակցությունը բարի է: Ջ. Բուշը նոր է անցել նախագահի իր լիազորություններին: Կարծում եմ, որոշ ժամանակ անց ԱՄՆ-ը կակտիվանա:
- Պրն Քավանո, Ձեր երկիրը վերջին շրջանում շատ է կարեւորում Թուրքիայի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մասնավորապես եւ Հարավային Կովկասում կայունություն հաստատելու առումով ընդհանրապես:
- Թուրքիայի դերը շատ ենք կարեւորում: ԼՂ հարցում Թուրքիան բանակցային կողմ չէ, բայց ԵԱՀԿ անդամ է: Մենք ուզում ենք վերացնել պատերազմի հետեւանքները, ոտքի կանգնեցնել տնտեսությունը (Հայաստանի, Ադրբեջանի, ԼՂ-ի- Թ. Հ.), բացել երկաթուղիները: ԱՄՆ-ում այսպես են մտածում. կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանը եւ Թուրքիան ակտիվ տնտեսական դերակատարներ են: Կարծում եմ, Թուրքիայի ներգրավվածությունը տնտեսական կայունություն կբերեր Ձեր տարածաշրջանին: Գիտեք, վերջերս հանդիպել եմ Թուրքիայի ԱԳ նախարար Ի. Ջեմի հետ: Թուրքիան պատրաստ է օգնել:
- Պրն Գրիբկով, ԵԱՀԿ ՄԽ երկու համանախագահները տարածաշրջան ժամանեցին Անկարայից, Դուք նրանց միացաք Նախիջեւանի սահմանում: Ինչո՞ւ այդպես ստացվեց:
- Ճիշտ եք ասում, ոչ բոլոր եռանախագահողները եկան Թուրքիայից: Ռուսաստանն ունի իր պատկերացումները. եթե տարածաշրջանում կա մի երկիր, որ կարող է դեր խաղալ, ապա այդպիսի երկիր մեկը չէ միայն: Եվ ես չէի ցանկանա կոնկրետ Թուրքիային առանձնացնել: Սա մի հարց է, որ ուղղակիորեն վերաբերում է տարածաշրջանի այլ երկրներին, որոնք նույնպես կարող են իրենց խոսքն ասել:
- Այսօր Քոչարյանն ու Ալիեւը 14-րդ անգամ են հանդիպում: Դուք տեղեկություններ ունե՞ք, թե այդ փակ բանակցություններում ինչ հարցեր են քննարկվում, ի՞նչ տարբերակներ են առաջ քաշվում ԼՂ հարցի կարգավորման համար:
Ժ. Գայարդ- Թե ինչ են խոսում երկու նախագահները, դա նախագահների խնդիրն է: Չգիտեմՙ ինչ են խոսում, բայց հույս ունեմ, որ պրն Քոչարյանն ու պրն Ալիեւն ունեն շատ ամուր քաղաքական կամք:
Ք. Քավանո- Կարծում եմ, խաղաղության հասնելը շատ կարեւոր է: Մենք աշխատում ենք օգնել երկու նախագահներին:
Ն. Գրիբկով- Իրոք չգիտենք, թե ինչ մանրամասների շուրջ են ծավալվում երկու նախագահները, որովհետեւ բանակցությունները դռնփակ են: Ե՚վ Քոչարյանը, ե՚ւ Ալիեւը փորձում են հակամարտությունը լուծել փոխզիջումների հիման վրա:
Ի դեպ
Երեկ ԵԽ շենքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առանձին-առանձին կարճատեւ զրույցներ ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: «Ազգի» եւ «Գոլոս Արմենիի»-ի թղթակիցները մի քանի հարց ուղղեցին Ադրբեջանի ԱԳ նախարար Վելայաթ Գուլիեւին:
- Պրն Գուլիեւ, ի՞նչ ակնկալիքներ ունեք Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումից:
- Ամեն ինչ կախված է հայկական կողմից: Հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանը պետք է առաջ քաշի առաջարկ, որովհետեւ, իմ կարծիքով, Ադրբեջանն այդ հարցում արել է հնարավոր ամեն բան:
- Քոչարյանն ու Ալիեւը հանդիպելու են 14-րդ անգամ: Ձեր կարծիքով, ի՞նչ տարբերություններ կան առաջին եւ 13-րդ հանդիպումների միջեւ: ԼՂ խնդիրը խաղաղ կարգավորելու առումով այս ընթացքում ի՞նչ փոփոխություններ են նկատվել:
- Զգալի փոփոխություններ չկան: Բանն այն է, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպումներն անցնում են փակ դռների ետեւում, եւ բացի նախագահներից մանրամասների ոչ ոք չի տիրապետում:
- Պրն Գուլիեւ, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ինչպիսի՞ նպաստ կարող է բերել Մոսկվա-Բաքու վերջերս նկատելի մերձեցումը:
- Ռուսաստանը, կարծում եմ, սկզբում մոտ էր Հայաստանին: Կարող եմ ասել. ԼՂ կարգավորման հարցում Ռուսաստանն ունի շատ ավելի մեծ հնարավորություններ, քան ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ռուսաստանի ակտիվացումը կբերի դրական սկիզբ:
- Ավելի կոնկրետ:
- Դժվարանում եմ կոնկրետացնել: Հարցրեք ցանկացած մարդու, եւ նա կասի, որ շատ բան Ռուսաստանից է կախված: Բայց պետք է ասեմ, որ հակամարտության կարգավորումն առաջին հերթին Հայաստանից եւ Ադրբեջանից է կախված: Մենքՙ երկու երկրներս, պետք է ասենք մեր ծանրակշիռ խոսքը. նստո՞ւմ ենք բանակցությունների սեղանի շուրջ, թե՞ պատերազմելու ենք:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ