«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2001-01-24 | #13, 2001-01-25 | #14, 2001-01-26


ԱՐՑԱԽԻ ՀԱՐՅՈՒՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ

Անցյալ տարի ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել էր «20-րդ դարի լավագույն մանկավարժները» մրցույթ, որը պետք է երեւան հաներ Արցախում մանկավարժական գործունեություն ծավալած 100 ուսուցիչներինՙ հազարամյակի վերջին տարում:

Մրցույթին մասնակցեցին ինչպես հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններն ու հասարակական կազմակերպությունները, այնպես էլ անհատները:

Հանրապետական հանձնաժողովին ներկայացված արժանավորների ցուցակն ընդգրկում էր 200 մանկավարժների: Յուրաքանչյուրի թեկնածությունը ներկայացվելիս հաշվի էր առնվել մանկավարժական տվյալ կոլեկտիվի ու բնակավայրի հասարակության կարծիքը, ինչպես նաեւ ներկայացվողի մասին եղած հիշողություններն ու արխիվային տվյալները:

Ցուցակների ճշտման նպատակով տարվա ընթացքում հանձնաժողովը մի քանի անգամ նիստ է հրավիրել, որին մասնակցել են նաեւ շրջանային հանձնաժողովների անդամներՙ կազմված տվյալ շրջանի հեղինակավոր անձանցից:

Օրերս հանրապետական մրցութային հանձնաժողովը, ԼՂՀ ԿԳ նախարար Համլետ Գրիգորյանի գլխավորությամբ, քննարկեց մրցույթի արդյունքները: Վերջնականապես ճշտվեց 20-րդ դարի 100 լավագույն մանկավարժների ցուցակը: Ըստ աշխարհագրության, ցուցակում ընդգրկվածները ներկայանում էին. Ստեփանակերտ քաղաքիցՙ 33, Ասկերանի շրջանիցՙ 16, Մարտունուցՙ 19, Մարտակերտիցՙ 15, Հադրութիցՙ 12 եւ Շուշիի շրջանիցՙ 5 հոգի: Նույն օրը կրթության եւ գիտության նախարարության կոլեգիայում հաստատվեց այս ցուցակը:

Նախատեսվում է հարյուրամյակի լավագույն մանկավարժների կյանքին ու գործունեությանը նվիրված ժողովածու հրատարակել առաջիկայում:

ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4