«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2001-01-24 | #13, 2001-01-25 | #14, 2001-01-26


ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸՙ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ

Հունվարի 24-ից ՀՀ Սահմանադրական դատարանի հյուրն է Ռումինիայի ՍԴ պատվիրակությունըՙ Ռումինիայի ՍԴ նախագահ Լուչիան Միհայի գլխավորությամբ: Երկու երկրների Սահմանադրական դատարանների առաջին հանդիպումն է սա, որը նպատակ ունի ընդհանրացնել երկուստեք կուտակած փորձը, եւ այդ փորձի հիման վրա նախատեսել համակարգի հետագա բարեփոխումները:

Երեկ հյուրերը եղան ՀՀ Սահմանադրական դատարանում, որտեղ նրանց ընդունեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ապա հանդիպում կազմակերպեց ՀՀ ՍԴ անդամների եւ աշխատակազմի հետ: Երկժամյա հանդիպմանը միմյանց ներկայացվեցին իրենց աշխատանքային գործունեությունը, իրենց երկրներում սահմանադրական արդարադատության ապահովման գործում ունեցած դերը եւ այն խնդիրները, որոնք ընդհանուր են երկու ՍԴ-ի համար: Դրանք վերաբերում են ՍԴ-ների լիազորությունների շրջանակների ընդարձակմանը, դիմող սուբյեկտների ավելացմանը եւ սահմանադրական արդարադատության իրականացման դատավարական մեխանիզմների կատարելագործմանը:

Հանդիպումից հետո կայացավ երկու ՍԴ-ների նախագահների ճեպազրույցը լրագրողների հետ: Պրն Լուչիան Միհայը ուրախություն հայտնեց, որ իրենց այցը համընկնում է այն օրերին, երբ Հայաստանը դարձավ Եվրախորհրդի լիիրավ անդամը: Գ. Հարությունյանը փաստեց, որ աշխարհի տարբեր երկրների ՍԴ-ների հետ համագործակցությունը ՀՀ ՍԴ-ի գործունեության եղանակներից էՙ պաշտոնական հանդիպումներ են կայացել Պորտուգալիայի, Լեհաստանի, Իսպանիայի եւ այլ երկրների ՍԴ-ների հետ:

Առաջիկա երեք օրերին փորձի փոխանակման աշխատանքները կշարունակվեն: Նախատեսված են մի շարք պաշտոնական հանդիպումներ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, արդարադատության նախարար Դ. Հարությունյանի, ԱԳ նախարար Վ. Օսկանյանի հետ, հանդիպումներ վճռաբեկ դատարանում եւ ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում:

ՀՀ ՍԴ-ն նաեւ մշակութային լայն ծրագիր է մշակելՙ հյուրերին ծանոթացնելու Հայաստանի տեսարժան վայրերին եւ մշակութային կենտրոններին, ի մասնավորիՙ այցելություն Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Խոր Վիրապ, Փարաջանովի թանգարան:

ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4