«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2001-01-24 | #13, 2001-01-25 | #14, 2001-01-26


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԵՐԿԻՐ Է»

Հարցազրույց ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի հետ

«Մի ազնիվ հայ բարերար, մասնագիտությամբ ատամնաբույժ, որը երբեք հայրենիքում չի եղել, իր կուտակած հարստությունից մի խոշոր գումարՙ մոտ կես միլիոն դոլար, նախատեսել է երկրաբանական գիտության զարգացման համար: Այն ծանր տարիներին, երբ շրջափակման մեջ էինք հայտնվել եւ օգտակար հանածոներիՙ վառելիքի, նավթի, գազի հայտնաբերման կարիք էր զգացվում, ամերիկահայ բարերարը որոշել է նպաստել հայրենիքը ծանր պայմաններից դուրս բերելուն: Այդ գումարով ֆակուլտետն ամբողջովին կվերակառուցենք, լաբորատոր սարքավորումներ ձեռք կբերենքՙ ուսումնական պրոցեսը կազմակերպելու համար», հայտնեց ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

Ինչ խոսք, երկրաբանության ֆակուլտետի աղքատիկ ու խղճուկ տեսքը, աշխատանք չգտնելու տխուր հեռանկարով, հազիվ թե գրավիչ լինի այսօրվա դիմորդի համար, որի հետաքրքրություններն առաջին հերթին «միջազգային» պիտակներով մոդեռն մասնագիտություններն են ու նորակառույց շինությունները: Այդ իմաստով բարերարի օժանդակությունը միանգամայն տեղին է ու ժամանակին:

- Չնայած ծանր պայմաններին, ֆակուլտետում ուսանողների թիվը բավարար է: Բայց քանի որ նրանք աշխատանքի հեռանկար չեն տեսնում, այդ տեսակետից չկա նաեւ այն մեծ ձգտումը, որ ունենում է ուսանողը: Այսօր մեր ուսանողը ծանր վիճակում է: Սահմանափակ տեղերը, որ ունենք աշխատանքի համար, չեն բավարարում բոլորի պահանջները, եւ շատ խելացի մասնագետներ մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն չունեն: Բայց, համոզված եմ, որ երկար չի կարող շարունակվել, որովհետեւ տնտեսության զարգացման հիմքը բնական հարստությունների խելացի շահագործումն է:

- Ինչպե՞ս կբնութագրեք երկրաբանական գիտության ներկա վիճակը:

- Երկրաբանության բնագավառում բավականին մեծ հաջողությունների ենք հասել, ունենք լավ երկրաբանական ծառայություններ, որոնք մեծ աշխատանքներ են կատարել եւ կատարում ընդերքի կառուցվածքի ուսումնասիրման, օգտակար հանածոների որոնման եւ նրանց հայտնաբերման ուղղությամբ: Հայաստանի ընդերքը հարուստ է, այն թյուր կարծիքը, թե մենք աղքատ հանրապետություն ենքՙ իրականությանը չի համապատասխանում: Օգտակար հանածոների հարուստ հանքավայրեր ունենք, որոնց խելացի օգտագործման դեպքում տնտեսությունը առաջընթաց կապրեր:

Վերջին տասը տարվա ընթացքում երկրաբանական ծառայությունը գրեթե չի աշխատում: Երկրաբանական գիտությունն այսօր ծանր վիճակում է, եւ եթե խիստ քայլեր չձեռնարկենք, մի քանի տարի հետո կարող ենք ձեռք բերածը կորցնել: Դրանից հետո, եթե հարկ լինի հանրապետությունում որեւէ երկրաբանական աշխատանք կատարել, ստիպված կլինենք դիմելու այլ երկրի մասնագետների, որը ձեռնտու եւ շահավետ չէ:

- Ձեր կարծիքով, Հայաստանի օգտակար հանածոների պաշարներն ամբողջությամբ ուսումնասիրված չե՞ն:

- Երբեք չի կարելի ասել պաշարներն ամբողջովին ուսումնասիրված են: Հայտնաբերվել են հեռանկարային օգտակար հանածոների հանքավայրեր, բայց աշխատանքներն անպայման պետք է շարունակվեն, որովհետեւ հանքավայրը շահագործվում է եւ որոշ ժամանակ հետո հարկ է լինում նոր պաշարներով լրացնել: Այդ տեսակետից դրանք չպետք է ընդհատվեն, եւ շահագործմանը զուգընթաց ուսումնասիրությունները անպատճառ պետք է կատարվեն:

- Մեր հանրապետությունը օգտակար հանածոների ո՞ր տեսակով է ավելի հարուստ:

- Հայաստանի ընդերքում առաջին հերթին մետաղային օգտակար հանածոներն ենՙ պղնձի, մոլիբդենի, երկաթի, ոսկու, բազմամետաղների: Բավականաչափ հարուստ է շինանյութերի հանքավայրերով, որոնք նույնպես հեռանկարային են: Մեր պղնձամոլիբդենային հանքավայրը նախկին միության մասշտաբով առաջնային տեղերից մեկն է գրավում: Այսինքն, այս փոքր հանրապետության համար դրանք բավականին խոշոր հանքավայրեր են: Նույնը վերաբերում է նաեւ ոսկու հանքավայրին, որը շահագործման տեսակետից հեռանկարային է:

- Գառնիում եւ Արմավիրում նավթի հայտնաբերման աշխատանքներ կատարվեցին եւ կարծես թեՙ անարդյունավետ: Անիմա՞ստ էր այդ աշխատանքը:

- Դեռեւս 40-ական թվականների վերջերից Հայաստանում գազի եւ նավթի հայտնաբերման մանրակրկիտ աշխատանքներ էին տարվում: Գազի կուտակումներ, նավթի երեւակումներ ինչպես Արմավիրում, այնպես էլ Կոտայքի մարզի Գառնի եւ Հացավան գյուղերի մոտ հայտնաբերվել են: Այսինքն երեւակումներ կան, բայց դրանք հանքավայրեր չեն կարող համարվելՙ փոքր ծավալների պատճառով: Ասել, որ նավթ ու գազ Հայաստանում չկաՙ դա էլ ճիշտ չէ: Բայց այսօր խոշոր գումարներ դնել այդ պաշարների հայտնաբերման համարՙ նույնպես հեռանկարային չէ: Այդ գումարներն ավելի մեծ շահույթ կտային, եթե ներդրվեին լեռնամետալուրգիայի մեջ: Հետագայում եթե աշխատող տնտեսություն կունենանք եւ գումարների այդքան խիստ պահանջներ չեն լինի, արդեն որոնման աշխատանքներ կկատարենք այդ ասպարեզում: Ձեր հիշատակած վայրերում աշխատանքները, կարելի է ասել, ոչինչ չտվեցին:

- Անհարկի ծախսե՞ր արվեցին:

- Չենք կարող ասել, թե ի՞նչ նպատակներ էին հետապնդում եւ ինչպե՞ս եղավ: Մեր ունեցած տվյալներով Գառնիի հորատանցքը 28 մլն դոլար արժեցավ, իսկ այդ գումարները ծախսվեցին Հայաստանում: Եթե այդ գումարն ուղղորդվեր երկրաբանության մեկ այլ ճյուղի մեջՙ բավականին թվով գործարաններ կարող էինք վերականգնել, լեռնամետալուրգիան աշխատեցնել եւ շահույթ ստանալ:

- Ի՞նչ է, նրանք առանց ուսումնասիրելո՞ւ էին դա անում, գիտնականների տեսակետները նկատի չէի՞ն առնվել:

- Դա երեւի նպատակաուղղված էր այդ ձեւով ծախսելու: Գիտնականների ճնշող մասը դեմ էր հորատմանը:

- Հայկական ոսկու մասին պատկերացումները նախկինում այլ էին, իսկ այսօր հայաստանցիներիս մեջ նախկին համարումը չունեն: Արդյոք միջազգային շուկայում համեմատության մեջ դրվելուց հետո՞ հայկական ոսկու փայլը խամրեց, թե՞ պատճառը մեր մանրածախ շուկան հեղեղած էժանագին արտադրանքն է:

- Հայաստանի ընդերքը ոսկու հանքավայրերով բավականին հարուստ է, պաշարները նույնպես հեռանկարային ու շահավետ են: Ինչպես արդյունաբերությունը կանգնեց, այնպես էլ ոսկու արդյունահանումը: Ցավոք, գտնվեցին պաշտոնյաներ, որոնք հայտնեցին, թե հեռանկարային չէ օգտագործելը. մեր ոսկին ավելի թանկ է նստում, քան միջազգային շուկայում կարող են գնել: Հայաստանը վերջին տասը տարիներին այն պայմաններում էր, որտեղ կար էժանագին աշխատուժի մեծ քանակ, եւ չնչին գումարով աշխատանքները կկատարվեին: Լրացուցիչ ծախսեր չէին պահանջվում, քանի որ կային շահագործվող հանքավայրեր: Շահագործման դեպքում մեծ եկամուտներ կստանայինք: Այն ժամանակվա որոշ ղեկավարներ եթե պնդում էին, որ հեռանկարային չէ հանքավայրն օգտագործելը, այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ օտարերկրացիներն ուզում են գնել մեր ոսկու հանքավայրերը: Նրանք չգիտե՞ն, թե միջազգային շուկայում ինչ արժե ոսկին:

- Հայաստանը հարո՞ւստ է ջրի պաշարներով: Ինչպե՞ս եք վերաբերվում վերջին տարիներին քննարկման դրված այն հարցին, որ կարող ենք ջուր վաճառել արաբական երկրներին:

- Ջրի տեսակետից Հայաստանը համարվում է ոչ աղքատ երկիր, խելացի օգտագործման դեպքում ե՚ւ խմելու, ե՚ւ ոռոգման ջրի հարցը լուծված է: Այդպիսի ծրագիր կար, որ Հայաստանը Իրանի տարածքով կարող է խմելու եւ տեխնիկական ջուր մատակարարել արաբական երկրներին: Սակայն խոշոր ներդրումներ են հարկավոր: Ներդրումներն անհրաժեշտ են, բայց այն բնագավառում, որտեղ արդյունավետությունն ավելի մեծ կլինի: Ներդրումները պետք է աշխատատեղ ստեղծեն, սակայն այդ անվան տակ ստացված հսկայական գումարները փոշիացվել են: Թող մատնացույց անեն այնպիսի մի խոշոր տնտեսության կազմակերպում, որ աշխատում է այդպիսի ներդրումների արդյունքում: «Կադրերն են որոշում ամեն ինչ» հանրահայտ կարգախոսն այսօր ավելի հրատապ է դարձել: Այն մարդիկ, ովքեր պետք է զբաղվեն ընդերքի շահագործման կազմակերպմամբ, ավելի քիչ են հասու: Այսօր Հայաստանի տնտեսության զարգացման գրավականներից մեկը ընդերքի խելացի շահագործումն է, եւ քիչ ներդրումներով կարելի է մեծ արդյունքի հասնելՙ բազան կա, կադրերը կան, ձեռնարկությունները որոշ չափով կան:

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4