«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2001-01-24 | #13, 2001-01-25 | #14, 2001-01-26


ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոտ ապագայում «Եվրոպայի հայեր, մշակույթ եւ հոգեւորականություն» միության նախաձեռնությամբ Ստրասբուրգում կկառուցվի հայկական եկեղեցի: Հայտնելով այս մասին միության նախագահ Խաչիկ Մուրադյանը նշեց, որ Ստրասբուրգում հայկական եկեղեցի կառուցելու գաղափարը ծագել է «Եվրոպայի հայեր, մշակույթ եւ հոգեւորականություն» միության ստեղծումից անմիջապես հետոՙ 1997 թվականին:

Նույն 1997-ին միությունն իր մտադրության մասին տեղեկացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը: Չնայած դրան, Ստրասբուրգում հայկական եկեղեցու շինարարության մասին վերջնական համաձայնությունը եղել է միայն 2000 թ. դեկտեմբերի 15-ին, երբ Խաչիկ Մուրադյանի, Եվրոպայում կաթողիկոսական տեղապահ, Փարիզի հայոց հոգեւոր առաջնորդ Գյուտ արք. Նագգաշյանի, ԵԽ-ում ՀՀ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի եւ Ստրասբուրգի քաղաքապետարանի ներկայացուցիչների հանդիպմանը հայկական եկեղեցու շինարարության համար տարածքի հատկացման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Համաձայն պայմանավորվածության, հայկական եկեղեցու շինարարության նպատակով Ստրասբուրգի կենտրոնական փողոցներից մեկում հատկացվել է 800 քառակուսի մետր տարածք, որից 400 քառակուսի մետրը կզբաղեցնի եկեղեցին, իսկ մնացած մասը կօգտագործվի որպես օժանդակ տարածք:

«Եվրոպայի հայեր, մշակույթ եւ հոգեւորականություն» միության նախագահը հայտնեց նաեւ, որ հայկական եկեղեցու նախագծման աշխատանքների իրականացման համար արդեն ստացվել է երկու հայտ, որոնցից մեկըՙ հայազգի Տիգրան Սարաֆյանից: Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2001 թվականի հունիսը, երբ նախատեսվում է առաջին քարը դնել եկեղեցու հիմքում:

Ըստ Խաչիկ Մուրադյանի, եկեղեցու շինարարությունը կֆինանսավորվի Եվրոպայի հայերի, Ստրասբուրգի մյուս եկեղեցիների եւ այլ աղբյուրների հանգանակություններից ստացված միջոցներով եւ կտեւի երկու տարի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4