«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2001-01-25 | #14, 2001-01-26 | #15, 2001-01-27


ԲԺԻՇԿՆԵՐԸ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ «ԾԱՆՐ» ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ

2000 թ. հոկտեմբերի 30-ից կալանքի տակ գտնվող «21-րդ դար միջազգային ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանն առողջության կտրուկ վատթարացման պատճառով ԱԱՆ քննչական մեկուսարանից տեղափոխվել է սրտաբանության ինստիտուտ: Քննչական խմբի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որն իրականացրել են հանրապետության լավագույն սրտաբան-գիտնականները: Համաձայն փորձաքննության եզրակացությանՙ ներկայումս Ա. Վարդանյանի առողջական վիճակը ծանր է, «որը պայմանավորված է արտահայտված զարկերակային հիպերտոնիայով ծանր կրիզային ընթացքով, անկայուն ստենոկարդիայով, սրտի ռիթմի խանգարումով, որոնց հետեւանքները կարող են հանդիսանալ հետեւյալըՙ ձախ փորոքային սուր սրտային անբավարարություն (թոքերի այտուց), սրտամկանի սուր ինֆարկտ, սուր հիպերտոնիկ էնցեֆալոպատիա անցումով կոմատոզ վիճակի եւ ինսուլտ»:

Ա. Վարդանյանի առողջական վիճակից ելնելով, մասնագիտական խումբը անհնար է համարել նրան ազգային անվտանգության մեկուսարանում պահելը: Հայտնել են, որ նման հիվանդություններով տառապող մարդիկ մասնագիտացված բուժման կարիք ունեն:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը լրագրողներին ծանոթացրին «21-րդ դար միջազգային ասոցիացիայի» գրասենյակում հունվարի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Ա. Վարդանյանի դատապաշտպան Սամվել Ջաղինյանը ստեղծված իրավիճակում առաջնային էր համարում իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելը, քանի որ նա ի վիճակի չէ մասնակցելու որեւէ քննչական գործողության: Փաստաբանը հայտնեց, որ քննիչի գործողությունների դեմ բողոք է ներկայացրել հանրապետության գլխավոր դատախազին եւ ուղարկել է հեռագրով, որին պատասխանելու վերջին ժամկետը լրանում է այսօր: Ս. Ջաղինյանը շարունակում է պնդել, որ Ա. Վարդանյանի գործողություններում հանցադեպ չկա եւ դրանով է բացատրում, որ քննիչը մերժել է մեղադրյալ Ա. Վարդանյանին բացատրել քր. օրենսգրքի 65 հոդվածով նրան առաջադրված մեղադրանքը:

Ասուլիսի կազմակերպիչըՙ բոլոր ժամանակների հալածյալների պաշտպան «Հայրենյաց տուն» կազմակերպության նախագահ Վարդան Պետրոսյանը դժգոհեց կուսակցությունների դրսեւորած անտարբերությունից: Սակայն, մեր կարծիքով, իրավապաշտպանի դժգոհությունն այնքան էլ տեղին չէր, որովհետեւ նրա կողքին էին ՀԿԿ-ի ներկայացուցիչ Խորեն Սարգսյանը, «Սոցիալիստական Հայաստան» կուսակցությունից Աշոտ Մանուչարյանը եւ «Հայրենիք» կուսակցությունիցՙ Պետրոս Մակեյանը:

Աշոտ Մանուչարյանը Ա. Վարդանյանին համարեց Հայաստանի երկրորդ քաղբանտարկյալըՙ Աշոտ Բլեյանից հետո, ասածն այնուհետեւ ուղղեց. «Նա պատանդ է»: Պրն Մանուչարյանն այս անգամ էլ հոգեհարազատ մնալով իր մտածելակերպինՙ հարցին «առավել խորքային» մոտեցում ցուցաբերեց: Նրա կարծիքով, «ապաշնորհ» Քոչարյանն այս հարցում առաջնորդվել է անձնական քենով, որը թելադրված էր Ռուսաստանի նկատմամբ ունեցած վրեժխնդրությունից: Շարունակելով այս միտքը, բանախոսը փոքրոգություն համարեց Ռուսաստանի նման գերտերության ներկայիս թուլացած պահից օգտվելը:

Խորեն Սարգսյանը «մարդու իրավունքներ» հասկացությունը Հայաստանում աբսուրդ էր համարումՙ գտնելով, որ այն պաշտպանում է մարդասպաններին. ԱԺ պատգամավորի կարծիքով, Արկադի Վարդանյանին կալանելու նպատակը մյուս քաղաքական ուժերին զսպաշապիկ հագցնելն է: Իր հակիրճ ելույթը ՀԿԿ ներկայացուցիչն ավարտեց հեղափոխական կոչով. «Միտինգն այլ քաղաքական ուժերն են շարունակելու»:

Ա. Վարդանյանի մյուս աջակիցըՙ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը, գրեթե չէր կասկածում, որ Հայաստանին ու Ադրբեջանին Եվրախորհուրդ ընդունելու նպատակը նրանց դաստիարակելն էր, սակայն «դժվար թե Քոչարյանը դաստիարակվի»:

Ասուլիսի կազմակերպիչները հայտնեցին, թե մինչեւ ժողովուրդը ոտքի չկանգնիՙ Ա. Վարդանյանը մեկուսարանից դուրս չի գա, եւ կոչ արեցին աջակցել իրենցՙ «հանցավոր ռեժիմը հեռացնելու հարցում»:

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4