ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը Իրանի հետ կապող միակ միջպետական նշանակության Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի շահագործումը հատկապես ձմեռային սեզոնին հեշտացնելու համար հայկական կողմը առաջարկել է կառուցել մոտ 3 կմ երկարության թունել: Այս հարցը քննարկվել է օրերս անցկացված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստում:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ թունելի շահագործման դեպքում Մեղրի-Քաջարան ճանապարհը կկրճատվի ամենադժվար անցանելի 8 կիլոմետրերով: Թունելի կառուցման արժեքը, ըստ նախնական հաշվարկների, կկազմի 70 մլն դոլար: Այն պետք է ունենա ջրահեռացման եւ օդափոխության համակարգ: Թունելը գործող ճանապարհին միացնելու համար Քաջարանի կողմից պետք է կառուցվի 4,5 կմ, վերակառուցվի 3 կմ, իսկ Մեղրու կողմիցՙ կառուցվի մոտ 1 կմ ճանապարհ: