«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2001-01-25 | #14, 2001-01-26 | #15, 2001-01-27


ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԱՂԵՏՅԱԼՆԵՐԻՆ

Ըստ որոշ տվյալների, Շիրակի մարզում այս տարի հետերկրաշարժյան վերականգնման նպատակով նախատեսված է իրականացնել 13 մլրդ դրամի շինարարություն, որից 2 մլրդ 560 միլիոնըՙ պետական միջոցների հաշվին: Իշխանությունները խոստանում են տարվա ընթացքում բնակարաններով ապահովել մարզի 4000_4500 անօթեւան ընտանիքների, ինչն աննախադեպ ցուցանիշ է ողջ հետաղետյան ժամանակաշրջանում: Նոր բնակելիների կառուցումից բացի կամրացվեն երկրաշարժից վթարային 30 բնակելի շենքեր: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանի հավաստմամբ, այս տարի հատուկ ուշադրություն կդարձվի շենքերի, բնակարանների կառուցման ու հանձնման որակին: Իսկ 100 ընտանիքների ՀՀ կառավարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրով կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր:

Բացի բնակարանաշինությունից, մարզում կկառուցվեն 17 դպրոցական օբյեկտներ, որով ըստ էության դպրոցաշինության խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Չեն մոռացվի խիստ վթարային շենքերի քանդման աշխատանքները, որոնք կարեւոր են հատկապես Գյումրի քաղաքը երկրաշարժի անմիջական հետքերից, փլատակների ճնշող ներկայությունից մաքրելու եւ քաղաքի սանիտարական վիճակի բարելավման տեսակետից:

Ակնկալվում է, որ Գյումրիում ու մարզի այլ բնակավայրերում վերականգնողական շինարարական աշխատանքների համար ֆինանսական միջոցներ կներդնեն Լինսի հիմնադրամը, Հանթսմանի գրասենյակը, «Հայաստան» համահայկական եւ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4