Երեկՙ Հայաստանում երաշտի հետեւանքները վերացնելու ծրագրի շրջանակներում ԱՄՆ օգնության ծրագրերի համակարգող Ջերի Օբերնդորֆերը մամլո ասուլիս էր հրավիրել ՀՀ_ում ԱՄՆ դեսպանատանը: Նա ներկայացրեց այս ոլորտում ԱՄՆ կառավարության իրականացրած 2 եւ իրագործման ընթացքում գտնվող երեք ծրագրերը:
Առաջին 2 ծրագրերի մասին լրատվամիջոցներով շատ է ասվել: Խոսքը երաշտից առավելապես տուժած հայաստանյան վեց մարզերի գյուղացիներին տրամադրված 600.000 ԱՄՆ դոլարի չափով տարաբնույթ մթերքի մասին է:
ՀՀ կառավարության խնդրանքով, հավաստեց Ջ. Օբերնդորֆերը, իրենք նախաձեռնել են նաեւ անասնակերի բաշխմանՙ 1,1 մլն դոլար արժողությամբ ծրագիր: Տուժած վեց մարզերի 60.000 գյուղացիներ հնարավորություն կունենան գնել այդ անասնակերըՙ կիլոգրամի համար վճարելով 20 դրամՙ ինքնարժեքի 20 տոկոսը:
Ամերիկացիները նախաձեռնել են նաեւ յոթ ջրհորների կառուցում եւ երկուսի վերանորոգում, քանզի, ինչպես նշվեց մամլո ասուլիսում, գյուղեր այցելությունների ժամանակ բնակիչները նրանց բողոքում էին ջուր չունենալու համար: Վերջապես, ԱՄՆ կառավարությունը դեսպանատան միջոցով կմասնակցի Համաշխարհային բանկի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրականացնելիք գարնանացանի աջակցության ծրագրին:
«Մենք, այս ծրագրերը նախաձեռնելիս երկու մեկնարկ ենք ունեցել, միջազգային կազմակերպությունների հետ գնահատել ենք Հայաստանում երաշտի վնասի չափը եւ բոլոր միջոցառումներն ուղղել ենք գյուղացուն անմիջական օգնություն ցուցաբերելուն», նշեց Ջերի Օբերնդորֆերը: