<20011501.jpg>
Զրույց գեղարվեստական մասնագիտական ուսումնարանի տնօրեն Ֆրունզե Հայրապետյանի հետ
Երեւանի գեղարվեստական մասնագիտական թիվ 14 ուսումնարանի տնօրեն նշանակվեց երկարամյա մանկավարժ Ֆրունզե Հայրապետյանը: Իր 30-ամյա մանկավարժական գործունեության 27 տարին նա նվիրաբերել է հենց այս ուսումնական հաստատությանը: Իր բնույթով ուսումնարանը բավականին յուրահատուկ է նրա ներկայի ու հեռանկարների մասին մեր զրույցը տնօրենի հետ:
_ Պրն Հայրապետյան, ինչո՞վ է առանձնանում ձեր ուսումնարանը այդ կարգի մյուս հաստատությունների շարքում:
_ Մեր ուսումնարանը կոչված է զարգացնելու մետաղի (ոսկու, արծաթի, պղնձի եւ այլն) ու փայտի գեղարվեստական մշակումը, ասեղնագործությունը, մանրանկարչությունը, միաժամանակ տալով նաեւ ընդհանուր կրթություն: Ասել է թե մենք շաղկապում ենք արհեստ-արվեստ հասկացությունները, ձգտում ենք նոր որակի բարձրացնել մեր հնամյա ավանդները տվյալ բնագավառներում: Պատահական չէ, որ 66-ին ուսումնարանը բացեց մեծն Մարտիրոս Սարյանը: Ժամանակին մեր սաների աշխատանքները մշտական ցուցանմուշներ էին Մոսկվայի ԺՏՆՑ-ի պրոֆտեխկրթության տաղավարում: Մեր շրջանավարտներից շատերը այսօր անվանի են ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ այլ երկրներում: Օրինակ, Ռուսաստանի տասն առաջատար ոսկերչական գործարաններից մեկի տերըՙ Գագիկ Գեւորգյանը, մեր շրջանավարտներից է:
_ Ինչքան հիշում եմ, «Մայր Հայաստան» կոթողը դրվագել են ձեր ուսումնարանի վարպետները:
_ Արձանն իրոք դրվագել են մեր վարպետներըՙ եղբայրներ Հակոբ եւ Գեւորգ Հակոբյանները: Երեւի հիշում եք, թե ինչքան անբարենպաստ կարծիքներ եղան այդ գործի շուրջ: Բայց արժանահիշատակ Երվանդ Քոչարը մեր ուսումնարանում կայացած մի հանդիպման ժամանակ ասաց, որ որպես դրվագում դա կատարելություն է, եւ դրվագողների մեղքը չէ, որ ստեղծագործությունն անհաջող է: Լուսանկարիչը մեղավոր չէ, որ նկարվողի քիթը ծուռ է, սրամտեց հումորաշատ արվեստագետը:
_ Իսկ ինչպե՞ս եք գործելու ներկա շուկայական պայմաններում, թեեւ ձեր ուսումնարանը համարվում է «պետական»:
_ Իրոք, դժվար է հույսեր կապել պետական ֆինանսավորման հետ, առավել եւս եթե ելնենք Հայաստանի ներկայիս բյուջեից: Այս իրավիճակից, ի դեպ, օգտվում են բազմաթիվ մասնավոր «մասնագետներ», որոնք իրենց արհեստը ջահելներին սովորեցնում են մեծ գումարների դիմաց: Բայց դա իսկական թերուսուցում է: Մեր համակարգված, հանգամանորեն մշակված ուսումնական գործընթացներն, անշուշտ, կպահանջեն լրացուցիչ ֆինանսներ: Արդեն «բանակցում եմ» մեր ասպարեզին մոտ տեղացի գործարարների հետ: Չեմ թաքցնում, որ աջակցության խնդրանքով դիմել եմ նաեւ եղբորս, որը բիզնեսով է զբաղված Ռուսաստանում: Խոստացել են օգնել նաեւ ծանոթ ամերիկահայերը: Տեսնենք:
_ Իսկ միտք չունե՞ք համագործակցելու Հայաստանում գործող ոսկու ու քարի մշակման մի շարք համատեղ ձեռնարկությունների հետ:
_ Ինչու չէ, ժամանակին մենք բարձրորակ կադրեր էինք պատրաստում այսպես կոչված ժողովրդական տնտեսության համար: Հիմա էլ, ապահովելով բարձր մակարդակ, կարող ենք սպասարկել մասնավոր ձեռնարկություններին: Ի վերջո, ինչո՞ւ չասենք, որ այդ նոր ձեռնարկություններում աշխատող մասնագետների մեջ քիչ չեն մեր նախկին սաները: Նշեմ նաեւ մի հետաքրքիր հանգամանք. ավարտելով մեր ուսումնարանը, շրջանավարտների մի մասը ստացել է նաեւ բարձրագույն կրթություն (գեղանկարչական, քանդակագործական, ճարտարապետական եւ այլն), բայց շարունակում է զբաղվել նախկին արհեստով, բնականաբար արվեստի մակարդակով:
_ Ես այն տպավորությունն եմ ստանում, որ դուք լավատեսորեն եք տրամադրված:
_ Այլընտրանք չունենք, պիտի իրոք ապացուցենք, որ 21-րդ դարը մերն է:
Ն. Գ.