«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2001-01-25 | #14, 2001-01-26 | #15, 2001-01-27


ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

<20011503.jpg>

19_րդ դարի կեսերին եվրոպական մտքի տիտաններից մեկն ասել է, թե չի կարելի ներել որեւէ կնոջ եւ, հավասարապես, որեւէ ազգիՙ այն բանի համար, որ թափթփվածության ու թուլակամության մի պահի, առաջին իսկ պատահած անբարոյական ստահակը պատեհն է գտնում նրան բռնաբարելու: Եվ սա ասված է ճիշտ ու ճիշտ Լուի Նապոլեոնի կողմից Ֆրանսիայում երկրորդ կայսրության հռչակման առիթով: Բայց հենց ինքըՙ նոր կայսրը, անմիջապես հասարակական բարոյականության պաշտպանի թիկնոց հագավ:

Եվ բնավ ժամանակ չվատնելով, դատարան կանչվեց Գուստավ Ֆլոբերըՙ ֆրանսիական եւ համաշխարհային գրականության խոշորագույն հեղինակություններից մեկը: Մեղադրվում էր այն բանի համար, թե իբր նրա «Տիկին Բովարի» վեպը անբարոյականության է կոչում եւ եղծում ժամանակի ֆրանսիական հասարակության անմեղ պատկերը: Ֆլոբերը վարպետորեն ապացուցեց, որ իր նկատմամբ հարուցված մեղադրանքները անհիմն են, եւ ատենակալները նրան անպարտ ճանաչեցին:

Վեց ամիս հազիվ էր անցել: Սեն դեպարտամենտի ուղղիչ դատարանի վեցերորդ ատյանը, ճիշտ այն կազմով, որը տանուլ էր տվել Ֆլոբերի գործը, այս անգամ քարշ էր տվել Շառլ Բոդլերին: Գործը լսվում էր Փարիզում, 1857 թ. օգոստոսի 20-ին: Բոդլերը 36 տարեկան էր: Նա առայժմ հայտնի էր միայն գրական շրջանակներում: Հետո էր, որ պետք է դառնար ֆրանսիական բանաստեղծության արքաներից մեկը: Այդ պահին, սակայն, լայն հասարակությունը նրան դեռեւս չէր ճանաչում: Բանաստեղծի հետ մեկտեղ մեղադրվում էին հրատարակիչներ դը Բրուազը եւ Պուլե-Մալասիսը: Հանցավոր էր հռչակվել Բոդլերի «Չարի ծաղիկները» տիտղոսով բանաստեղծությունների ժողովածուն:

Դատարանի նախագահ Դյուպատին բանաձեւեց հանցակազմը. հասարակական բարոյականությանը հասցրած վիրավորանք, կրոնական բարոյականությանը հասցրած վիրավորանքՙ ոչ ավել-ոչ պակաս: Այդ հատորը 1990 թվականին, «Ուսանողի գրադարան» մատենաշարով հրատարակվել է հայերեն, Հենրիկ Բախչինյանի թարգմանությամբ: Ընթերցողը թող փորձի սույն գրքի մեջ գտնել հանցակազմի գեթ ստվերը:

Իսկ ահա դատախազ Պինարը, որի վարկանիշը բավականին խախտվել էր «Տիկին Բովարիի» հետ աննպաստ հանդիպումից, նետվում է գրոհի «Չարի ծաղիկների» դեմ, ճիշտ եւ ճիշտ «Ֆիգարո» թերթի ոճով, որն առաջինն էր անողոք «մերկացրել» այդ «խայտառակ» հատորի «անբարոյականությունը»: Բանաստեղծությունների ժողովածուն վաճառքում հայտնվել էր հունիսի 25-ին: Ընդամենը 10 օր անց «Ֆիգարոն» գրեց. «Նողկալին այստեղ դրացի է ստորին, իսկ զազրելին գարշահոտում է: Ցայժմ տեսնված չէր, որ նման փոքրաթիվ քանակով էջերի վրա այդքան շատ կուրծք կծոտեին եւ նույնիսկՙ ծամեին: Ու նաեւ երբեք մենք չենք եղել սատանաների, դեւերի, կատուների ու մակաբույծների նման մի շքահանդեսի: Սույն այս գիրքը մի կատարյալ կացարան է փտախտով բռնված սրտերի համար»: Եվս մեկ շաբաթ անց դարձյալ «Ֆիգարոն». «Ինչ վերաբերում է պարոն Շառլ Բոդլերին, ապա այս ամենը կարելի է միայն մղձավանջ կոչել: Երբ կարդաս «Չարի ծաղիկները» եւ շրջես վերջին էջը, հոգիդ կծանրանա անեզր վհատության ու սոսկալի հոգնածության բեռով»: Թերթը ուղղակի առաջարկում է այդ հատորը մշտապես փակել Ազգային գրադարանի արգելված ստեղծագործությունների մասնաբաժնում:

Եվ ահա դատախազ Պինարը, զինված «Ֆիգարոյի» անխորտակելի զրահներով, ամբիոն է ելնում: Նրա շրթունքները դեռեւս չեն ապաքինվել «Տիկին Բովարիին» գրկելու փորձ անելու պահին ստացած այրոցներից: Եվ սկսում է բավականին զգույշ: Դատավորը գրական քննադատ չէ, ասում է հռետորը, այլ ժամապահՙ հասարակական բարոյականության սահմանի վրա կանգնած, որպեսզի այդ սահմանագծի որեւէ խախտում չլինի:

_ Մեղադրել որեւէ գրքիՙ հասարակական բարոյականությունը վիրավորելու հանցանքով, դա շատ փափուկ գործ է, շարունակում է Պինարը: Եթե դրանից ոչինչ դուրս չգա, ապա հեղինակին բուռն հաջողություն է սպասում: Նա պարզապես պատվանդանի վրա է հայտնվում, իսկ հասարակական կարծիքն էլ երեւույթը գնահատում է իբրեւ հալածանք նրա նկատմամբ:

Այսպիսի հստակ տրամաբանություն եւ խնդրի ծանրակշռության գիտակցությունն ունեցող մարդը, հետեւաբար, պետք է սպանիչ փաստարկներ բերեր իր ամբաստանություններն ամրապնդելու համար: Պինարը հենց այդ էլ անում է: Նա սկսում է Բոդլեր կարդալ.

Թաղեմ խոնջացած գլուխս անուժ
Քո փեշերի մեջՙ տաք, բուրումնալից,
Եվ առնեմ, ինչպես թառամած ծաղկից,
Իմ մեռած սիրո նեխահոտն անուշ:

(Այս եւ մյուս հատվածների թարգմ. Հենրիկ Բախչինյանի):

Տարօրինակ բան: Ուղղիչ դատարանի 6-րդ պալատի դահլիճը, որը սովոր էր լսել բամբասանքներ, հիշոցներ, հարբեցողների հայհոյանքներ, փողոցային մանրավաճառ կանանց աղեկտուր ճիչեր, հանկարծ լցվում է բոդլերյան ախորժալուր հարմոնիայով: Իսկ Պինարի ձայնը շարունակում է հնչել.

Ջնջելու համար մաղձս սրտաբեկ,
Ես մոլեխինդը կծծեմ ուժգին
Սուր պտուկներից այս չքնաղ կրծքի,
Որը չբանտեց իմ սիրտը երբեք:

Դատախազը ուրիշ քառատողեր էլ է արտասանում, մեկը մյուսից թովիչ, կախարդիչ երաժշտականությամբ հնչող: Հետո մի քանի ուրիշ քաղվածքներով ճգնում է ցուցադրել կրոնական բարոյականությանը հասցված վիրավորանքը եւս: Վերջապես պահանջում է համապատասխան պատիժ:

Բոդլերի դատապաշտպան Շե դը Էստ-Անժը միանգամայն համարժեք է դատախազին: Սա փաստորեն ընդունում է, որ, այո, կան նման հանցագործ տողեր, բայց դա կանխամտածված չէ, այլ բանաստեղծը պարզապես հասարակական արատներն է նկարագրել, որպեսզի ավելի վառ մերկացնի դրանք: Տեսեք, ասում է նա, նույնիսկ նախաբանի մեջ Բոդլերը այդ մասին է խոսում.

Խենթությունը, մեղքերը եւ
արատները բոլոր
Համակում են մեր հոգին եւ մեր
մարմինը կրծում:

Եվ մենք մեր մեջ հաճելի խղճի
խայթ ենք սնուցում,
Ինչպես աղքատն է սնում
միջատներին ահավոր:

Իսկ հետո պարոն դատապաշտպանը մեղադրանքի մի ամբողջ ջրվեժ է ժայթքում ուրիշ պոետների հասցեին: Իբր ինչո՞ւ են Բոդլերին դատում: Դատեցեք առաջին հերթին Մյուսեին, Բերանժեին, Գոթիյեին, Լաֆոնտենին, Ռուսոյին, Վոլտերին, Բոմարշեին, նույնիսկ ծերուկ Ռաբլեին, որովհետեւ Բոդլերից էլ դեռ առաջ նրանք են վրանբաց բաներ գրել:

Խեղճ Բոդլեր: Կրկնակի հարված ստանալով, սուսիկ-փուսիկ նստած էր իր աթոռին: Միայն հազիվ լսելի շշնջաց.

_ Ա՜խր, այդ մասին չէ, որ պետք էր խոսել: Պարզապես պետք էր հայտարարել, որ արվեստագետը հաշվետու չէ բարոյականի առջեւ: Նա պետք է տաղանդ ունենա, այլ ոչ թե բարի մտադրություններ:

Վերջապես դատարանի նախագահ Դյուպատին կարդում է դատավճիռը: Նկատի ունենալով, որ Բոդլերն ու նրա հրատարակիչները հանցագործություն են թույլ տվել հասարակական բարոյականության նկատմամբ, դատարանը Բոդլերին դատապարտում է 300 ֆրանկ տուգանքի, հրատարակիչներինՙ 100-ական ֆրանկի: Կարգադրվում է «Չարի ծաղիկներ» գրքից պոկել-հանել վեց բանաստեղծություններ (նշվում են այդ բանաստեղծությունների թվահամարները):

Մի քանի օր հետո Բոդլերը ստանում է մեծն Վիկտոր Հյուգոյի նամակը: «Ձեր «Չարի ծաղիկները» երկնքի աստղերի նման փայլփլում են եւ շշմեցնում իրենց վառ լույսով: Շարունակեցեք: Թոքերիս ամբողջ կարողությամբ գոռում եմ. «Բրավո՜»: Ձեր հզոր ոգին հիացնում է ինձ: Դուք հենց նոր ստացաք խիստ հազվագյուտ պարգեւներից մեկը, որ տալիս են մեր իշխանությունները: Նրանց մոտ արդարադատություն կոչվածը Ձեզ դատապարտեց հանուն իրենց բարոյականության: Դուք մի ծաղկեպսակ էլ ստացաք: Բանաստեղծ, ես սեղմում եմ Ձեր ձեռքը»:

Հալածանքներն այնուամենայնիվ շարունակվում են: «Չարի ծաղիկների» հետագա հրատարակությունները լույս աշխարհ են գալիս առանց հիշյալ վեց բանաստեղծությունների: Դատավարությունից ճիշտ 10 տարի անց Բոդլերը կաթվածահար մեռնում է:

Ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Պոտեշերի գիրքը, որտեղից քաղված են այս դատավարության մանրամասները, պատմում է նաեւ մի հետաքրքրական վերջաբանի մասին:

Գրեթե հարյուր տարի անց, ավելի ստույգՙ 1949 թ. մայիսի 31-ին, վճռաբեկ դատարանը Ֆրանսիայի գրողների ընկերակցության խնդրանքով վերանայել է Բոդլերի գործը եւ ընդունել հետեւյալ վճիռը.

«Նկատի ունենալով, որ դատական գործ հարուցելու պատճառ եղած բանաստեղծությունները չեն պարունակում ոչ մի անպատշաճ, ոչ իսկՙ կոպիտ բառ, եւ չեն սահմանազանցում արվեստագետին տրված ազատությունները...

Նկատի ունենալով, որ այդ ժամանակներից ի վեր չի բանաձեւված, թե իրականում ինչ է բարքերի վիրավորանքը...

Դատարանը բեկանում է եւ անվավեր հայտարարում 1857 թ. օգոստոսի 20-ի որոշումը եւ, վերացնելով դատավճիռը, վերականգնում է Բոդլերի, Պուլե-Մալասիսի եւ դը Բրուազի բարի հիշատակը»:

ԿԱՐԼԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ, բանասիրության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4