Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու առթիվ
«Ֆուտբոլ+» շաբաթաթերթը հարցում է անցկացրելՙ որոշելու 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին: Այո՚, գայթակղիչ ցանկություն է: Բայց ներեցեք, չափից ավելի ամպագոռգոռ չէ՞: Նախապես ասենք, որ լավագույն ֆուտբոլիստ հռչակվել է Խորեն Հովհաննիսյանը: Եթե հարցման կազմակերպիչներն ընդունել են ՖԻՖԱ_ի եւ ՈՒԵՖԱ_ի սկզբունքները հիշյալ հարցում, ապա ինչպես գրում է իմ բարեկամ Սուրեն Բաղդասարյանը, «հարկավոր էր այնպես անել, որ ընտրությունը ճիշտ կատարվեր»: Մեր պարագայում նման ընտրությունը լիարժեք չի կարող լինել: Մենք մոռանում ենք, որ կանոնավոր ակումբային, լիարյուն ֆուտբոլին, այսինքն ԽՍՀՄ առաջնություններին սկսել ենք մասնակցել փաստորեն 1946 թվականից: 30-ականների վերջերին Երեւանի «Սպարտակի» սպասվող վերընթացը ընդհատեց 1941 թ. սկսված պատերազմը: Ուրեմն ի՞նչ «դարի» մասին է խոսքը: Համեստ լինենք եւ իրատեսՙ չափանիշների հարցում: Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա եթե ընդունենք, որ տեսակետը կամքի հարց է, այսինքն սուբյեկտիվ մոտեցում, ուրեմն հարկ էր, որ վերջնական վճիռը չափազանց սթափ կայացվեր, ինչպես դա եղավ հարյուրամյակի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին ընտրելուՙ ՖԻՖԱ_ի դիրքորոշման պարագայում: Դառնանք բուն ընտրությանը: Փորձենք գնահատել ներկայացված թեկնածուներինՙ ֆուտբոլիստին ներկայացվող պարտադիր պահանջների տեսանկյունից: Բոլոր 14 թեկնածուների մեջ ֆիզիկական պատրաստվածության բարձրագույն նիշն աներկբա պատկանում է Հովհաննես Զանազանյանին: Նրան ընդհուպ մոտենում է Մանուկ Սեմերջյանը: Ամենավերջին պլանում է Սարգիս Հովիվյանը: Տակտիկական ունակությունների հարցում առաջին դափնին պատկանում է «ակադեմիկոս» Էդուարդ Մարգարովին: Նրան կրնկակոխ հետեւում է Արկադի Անդրեասյանը: Տեխնիկական հագեցվածության հարցում Սարգիս Հովիվյանը դեռեւս 60-ականների իր կարողություններով այսօր կհիացներ Ֆիգուին, Ռիվալդոյին, Դել Պիեռոյին: Ապա գալիս են Է. Մարգարովը, Ա. Անդրեասյանը, Խորեն Հովհաննիսյանը: Եվ վերջապես, մեզ համար ամենակարեւորըՙ մարտական ոգու առկայությունը: Այս գործոնում բոլորին գերազանցում է Արկադի Անդրեասյանը: Նրան ձգտում է հավասարվել Մանուկ Սեմերջյանը: Ամենավերջին պլանում է Խորեն Հովհաննիսյանը: Մի պերճախոս փաստ: Բոլոր 34 հարցաթերթիկներում էլ առկա է Մարգարովի անունը: Երկրորդ տեղում է Անդրեասյանը, երրորդը Սեմիրջյանը: Չմեկնաբանենք:
Գտնում ենք, որ ճիշտ կլինի, եթե «ձեռք քաշենք» «դարի» վերամբարձ հասկացողությունից եւ մեր կեսդարյա ֆուտբոլային կենսագրությունը բաժանենք փուլերիՙ տասնամյակներով, ընտրելով յուրաքանչյուր տասնամյակի լավագույններին: Բաժանումները բավական բնական են ստացվում : Այսպես.
1. Մինչեւ 1950 թ. (փուլը հետաքրքրության համար պայմանական անվանենք զարթոնքի տարիներ), 2. 1950-1960 թթ. (որոնման տարիներ), 3. 1960_1970 թթ. (ինքնահաստատման տարիներ), 4. 1970-1980 թթ. (վերելքի, հաղթական տարիներ), 5. 1980_1990 թ.թ, (խառը, դիմակայության տարիներ), 6. 1990-2000 թ.թ. (նոր ժամանակներ): Այսպիսի փուլային դասակարգման մեջ չափազանց փոքր է պայմանականությունը, շատ ավելի պարզ է, արդար, գլուխկոտրուկի տեղիք չի տալիս եւ ամենակարեւորըՙ նոր սերնդին հստակ պատկերացում է տալիս մեր ֆուտբոլի անցած ուղու, նրա լավագույն ներկայացուցիչների մասին:
Առաջին տասնամյակում, կարծում ենք, լավագույն ֆուտբոլիստներ պետք է ճանաչել Հայկ Անդրեասյանին, Հակոբ Չալիկյանին: Երկրորդ տասնամյակումՙ Մանուկ Սեմերջյանին, Սերգեյ Զատիկյանին, Հարություն Քեհեյանին: Երրորդ տասնամյակումՙ Սարգիս Հովիվյանին, Վալտեր Անտոնյանին: Չորրորդ տասնամյակումՙ Էդուարդ Մարգարովին, Արկադի Անդրեասյանին: Հինգերորդ տասնամյակումՙ Աշոտ Խաչատրյանին, Խորեն Հովհաննիսյանին: Վեցերորդ տասնամյակումՙ Սարգիս Հովսեփյանին, թերեւսՙ նաեւ Արթուր Պետրոսյանին: Այսքանը: Կարծում ենք, որ այս մոտեցումներով մեր ֆուտբոլային կենսագրության ամբողջ շարքի պատկերը առավել ընդունելի է, եւ միայն մեկին փողհարելու ոչ մի անհրաժեշտություն չկա:
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ