ԼՂՀ-ում գյուղական բնակավայրերի վերականգնման եւ բարեկարգման աշխատանքների ստուգատես-մրցույթ անցկացնելու որոշումը կառավարությունն ընդունել էր 1999 թ. հոկտեմբերի 1-ին: Մտահղացումը ծագել էր վարչապետ Անուշավան Դանիելյանիՙ Հադրութի շրջան այցի ընթացքում, երբ լեռնային գյուղերի բնակիչները հարց էին բարձրացրել կենսական խնդիրների վերաբերյալ: Իբրեւ հանդիպակաց հարցՙ վարչապետը նրանց առաջարկեց ստանձնել գյուղական ճանապարհների բարեկարգումը: Առաջարկն արժանացավ հավանության եւ կյանքի կոչվեց:
Ստեղծվեցին ստուգատես-մրցույթի կազմակերպման հանրապետական հանձնաժողով եւ շրջանային ու տեղական հանձնախմբեր, ինչպես նաեւ այդ գործի պատասխանատուներ, որոնց խնդիրն էր հաճախակի լինել տեղերում եւ անհրաժեշտ օգնություն ցույց տալ բարեկարգողներին:
Գյուղական բնակավայրերին 60 մլն դրամի ընդհանուր արժողությամբ վառելիք ու շինանյութեր տրամադրվեցին այդ աշխատանքներն իրականացնելու համար:
Երեք փուլով կազմակերպված ստուգատես-մրցույթի հաղթողների համար սահմանված 22 դրամական մրցանակները կազմում էին 233 մլն դրամ:
Անցած ավելի քան մեկ տարում սալահատակվել են 91218 քառակուսի մետր գյուղական ճանապարհներ, խճապատվելՙ 345854 քառակուսի մետր: Բացի դրանից, գյուղերում, տեղի բնակչության ուժերով կատարվել են նաեւ այլ աշխատանքներ: Մասնավորապես, շարվել են 26404 քմ հենապատեր, կառուցվել 12460 քմ մայթեր եւ այլն:
Ըստ էության, ստուգատես-մրցույթը յուրօրինակ քննություն էր տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների համար: Կառավարության նախաձեռնությունն ինքնանպատակ չէր, եւ այդ մասին ընդգծվեց նաեւ մրցույթի ամփոփման ժամանակ, որը տեղի ունեցավ հունվարի 26-ին, Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Հենց այս բնակավայրն էլ, իր երկու համայնքներով, արժանացավ գլխավոր մրցանակին: Ավելի ճիշտՙ համայնքները բաժանեցին 1_2-րդ տեղերըՙ ստանալով ամենամեծ դրամական պարգեւը: Կառավարության որոշմամբ առաջին խմբում հաղթող ճանաչվեցին 12 բնակավայրեր, երկրորդ խմբումՙ 5, երրորդ խմբումՙ երկու բնակավայրեր: Շնորհվեցին նաեւ խրախուսական մրցանակներ:
Մրցանակային գումարների 10 տոկոսը ծախսվելու է ստուգատես-մրցույթի կազմակերպիչներին ու ակտիվ մասնակիցներին խրախուսելու, իսկ 90 տոկոսըՙ մրցանակակիր բնակավայրերի հետագա բարեկարգման եւ բնակչության սոցիալ-կենցաղային օբյեկտների շինարարության եւ վերականգնման նպատակով:
Ճարտարում կազմակերպված ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցեցին ԼՂՀ բոլոր բնակավայրերի ներկայացուցիչները, իր բնույթով նախադեպը չուներ անկախության ողջ ժամանակաընթացքում: Փաստորեն վերածվել էր համաժողովրդական տոնի, քանի որ հանրագումարում էր ժողովրդի կատարած աշխատանքը: Միջոցառումն ուղեկցվեց հանրապետության արվեստի ճանաչված գործիչների ու համույթների ներկայացրած ճոխ համերգածրագրով եւ ժողովրդական խնջույքով:
Մրցանակները հանձնեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նախագահը կարեւորեց համաժողովրդական այդ միջոցառումըՙ որակելով իբրեւ միաբանության եւ բարեփոխումների ուղեգծի շուրջ համախմբվածության արտահայտություն:
Կառավարության ձեռնարկումը բնակչության շրջանում նաեւ ուշագրավ նոր գաղափարներ ծնեց: Ի հայտ եկավ սեփական ուժերով օջախը շենացնելու համոզմունքը: Ճանապարհների բարեկարգմանը զուգահեռՙ գյուղերում ծավալվեցին դպրոցական շենքերի, մշակույթի օջախների վերանորոգման աշխատանքները: Դա 1999-ի հոկտեմբերի 1-ի շարունակական գաղափարն էր, որը նոր զարգացում ստացավ իր ձեռքով կատարածի արդյունքները շոշափելիորեն տեսնելուց հետո:
ԼՂՀ կառավարությունն ընդառաջ գնաց մրցույթի շարունակման գաղափարին: 2001 թ. հունվարի 8-ի որոշմամբ սահմանվեց բնակավայրերի բարեկարգման, գյուղամիջյան ճանապարհների, բնակավայրերի մշակութային ու մարզական օջախների, գյուղամիջյան ու գյուղամերձ աղբյուրների, գյուղական բնակիչների հավաքատեղիների բարեկարգման, ծառատնկման աշխատանքների իրականացման նոր ստուգատես-մրցույթՙ մինչեւ ս. թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով: Այս որոշմամբ գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման համար նախատեսված 22 մրցանակներից բացի սահմանվում են նաեւ այլ մրցանակներՙ վերոնշյալ մյուս բարեկարգիչ աշխատանքների համար: Ընդ որում, մրցանակային գումարները դարձյալ առինքնող են: Ի տարբերություն նախորդ տարվա ստուգատես-մրցույթի, այս տարի մրցանակային գումարի 20 տոկոսը կհատկացվի շինարար-վարպետներին ու մյուս ակտիվ մասնակիցներինՙ նրանց խրախուսման նպատակով:
Ճարտարյան հանրագումարը երեւան հանեց նաեւ բացթողումներ ու թերություններ: Նախ, չնվաճվեց սալահատակման աշխատանքների ակնկալվող բնագիծը: Հենց դրանից ելնելով, որոշ մրցանակներ այդպես էլ չգտան իրենց տերերին, ըստ մրցանակային խմբերի:
Մյուս թերությունը, որ նշվեց արդյունքներն ամփոփելիս, կատարված աշխատանքների ցածր որակն էր: Հանձնաժողովի եզրակացությամբՙ պատճառը աշխատանքների ծավալին զարկ տալն էր: Ակներեւ էր նաեւ նման աշխատանքներում շինարարների փորձի պակասը:
Այս եւ նմանակարգ մյուս թերությունների ի հայտ բերումը, սակայն, չազդեց ստուգատես-մրցույթի հանրագումարի վրա: Կատարված դրականն առկա էր, ձեռքբերումըՙ շոշափելի:
Մնում է հուսալ, որ 2001 թ. ստուգատես-մրցույթը ոչ միայն կվերացնի բացթողումները, այլեւ կգրանցի էական նոր հաջողություններ, եւ ցանկալիի չափ կբարելավվի Արցախի խաղաղակարոտ գյուղերի արտաքին տեսքը:
ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ