Երեկ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց Սենատի եւ Ազգային ժողովիՙ 1915-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող ավելի վաղ ընդունած բանաձեւըՙ վերջինիս, փաստորեն, հաղորդելով օրենքի ուժ:
«Ազգը» փորձեց պարզել, թե ինչ է դա նշանակում իրավական տեսանկյունից:
«Ապրիլի 24» կոմիտեի (Փարիզ) նախագահ Ալեքսի Գյովջյանից հեռախոսով տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, սույն օրենքի խախտումը չի հետապնդվում քրեորեն, ինչպես ասենք, Հոլոքոստի զոհերին վերաբերող օրենքի դեպքում է:
«Ժակ Շիրակի ստորագրությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող խորհրդարանական բանաձեւը վերածվեց Ֆրանսիայի Հանրապետության օրենքի: Ոչ ոք այլեւս չի կարող ժխտել պատմական այդ իրողությունը Ֆրանսիայի տարածքում: Այս օրենքի առկայությամբ կարող ենք արդեն աշխատել մեկ այլ օրենքի ընդունման վրա, որն այլեւս Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը կպատժի քրեորեն», ասաց Ալեքսի Գյովջյանը: Օրենքի իրավական հետեւանքները պարզաբանելու խնդրանքով դիմեցինք նաեւ Ֆրանսիայի ԱԺ միջազգային հարցերի վարչության խորհրդական Միշել Ջեկսոնին: Վերջինս նշեց, թե հարցը նեղ իրավաբանական է եւ թե ԱԺ իրավաբանական վարչությունը կուսումնասիրի ու կպատասխանի 2 շաբաթվա ընթացքում:
Նախապես մեր հարցադրումը ներկայացրել էինք նաեւ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի եւ իրավապայմանագրային վարչություններ: Վերջին վարչության աշխատակցուհին պատասխանեց, թե, ըստ իրեն, այդ օրենքը որեւէ հետեւանք չի նախատեսում եւ... զարմացավ մեր հարցասիրության վրա:
Լ. Գ.