Ֆրանսահայ համայնքի 20 տարվա ջանքերը արդյունավորվեցինՙ Փարիզի քաղաքապետ Ժան Տիբերին հաղորդեց քաղաքային խորհրդի հունվարի 29-ին միաձայն կայացրած որոշումըՙ քաղաքի կենտրոնում Կոմիտասի արձանը տեղադրելու մասին: Արձանը, որի ընդհանուր բարձրությունը լինելու է 6 մետր, տեղադրվելու է Շան զ՜Է-լիզեի մայրուղու եւ Ժան Գուժոն փողոցի (որտեղ գտնվում է հայոց եկեղեցին) միջեւ ընկած տարածքում, 8-րդ թաղամասում, հարեւանությամբ Սիմոն Բոլիվարի, Ուինստոն Չերչիլի եւ վերջերս տեղադրված Շարլ դը Գոլի արձանների: Բրոնզաձույլ արձանի հեղինակն է քանդակագործ Դավիթ Երեւանցին:
Քաղաքային խորհրդի նիստից անմիջապես հետո արված հայտարարության ընթացքում, որին հատկապես հրավիրվել էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը, Ժան Տիբերին լրագրողներին ցույց է տվել հուշարձանի մակետը: Ինչպես տեղեկացնում է «Ազգի» թղթակիցը Փարիզից, հուշարձանի պատվանդանի բարձրությունը 2 մետր է լինելու եւ 4 կողմից երեւալու են արձանագրություններ Կոմիտասի, 1915 թ. Եղեռնի զոհերի, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ աշխարհամարտերի ընթացքում Ֆրանսիայի բանակում զոհված հայ ռազմիկների մասին:
Քաղաքապետը լրագրողներին հայտարարել է, թե Ֆրանսիայի խորհրդարանից հետո Փարիզ քաղաքը նույնպես ցանկանում է սույն նախաձեռնությամբ հարգանքի տուրք մատուցել ողջ հայ ժողովրդին, ինչպես նաեւ ֆրանսահայությանը եւ փարիզահայերին: «Քաղաքային խորհրդի այս որոշումը, ասել է Ժան Տիբերին, կայացավ Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանի առաջիկա պետական այցի եւ հին Հայաստանի մայրաքաղաք Անիին վերաբերող մեր նախաձեռնությամբ փետրվարի 6-ին կազմակերպվելիք ցուցահանդեսի նախօրեին»:
Վերջում շնորհակալությամբ հանդես է եկել դեսպան Էդ. Նալբանդյանը: