«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2001-01-27 | #16, 2001-01-30 | #17, 2001-01-31


ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ

Հնդկաստանի ահավոր երկրաշարժը 100000-ից ավելի մարդու կյանք խլեց

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հունվարի 26-ին 8:40 րոպեին Հնդկաստանի Գուջարադ նահանգում տեղի ունեցածՙ Ռիխտերի սանդղակով 7.9 ուժգնությամբ (11 բալ) երկրաշարժն իր ողբերգական հետեւանքներով ցնցեց աշխարհը: 4 մլն բնակչությամբ Բղուջ քաղաքը, որ գտնվում է էպիկենտրոնային գոտում, գրեթե 90 տոկոսով ավերված է, ինչպես նաեւՙ 5 մլն բնակչությամբ Ահմադաբադը: Զոհերի թիվը 100.000-ից անցնում է եւ սա դեռ վերջնական չէ: 1900 թ.-ից աշխարհում տարեկան տեղի են ունենում 18 ուժեղ երկրաշարժեր, իսկ միայն այս տարի գրանցվել է արդեն 5 երկրաշարժ (Ֆիլիպիններ, Ալյասկա, Կենտրոնական Ամերիկա, Վանուատու կղզիներ եւ Հնդկաստան): Հետաքրքիր է նաեւ այն, որ միայն հունվարի 26-ին, տարբեր ժամանակներում տեղի են ունեցել երկրաշարժեր. Լիսաբոնումՙ 1531 թ. (30.000 զոհ), Մենդոզայումՙ 1985 թ., Ալժիրումՙ 1987 թ. եւ Յունանում (Չինաստան)ՙ 1993 թ.:

Երեկ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Սերգեյ Բալասանյանը լրագրողներին մանրամասն տեղեկություններ հաղորդեց Հնդկաստանում հունվարի 26-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայության ձեռնարկած գործողությունների մասին: Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տիրապետում է ասիական երկրների սեյսմիկ գոտիների հետ կատարվող նորություններին: Ըստ պրն Բալասանյանի, երկրաշարժի մեծաքանակ զոհերի պատճառը տեղանքի սեյսմիկ ակտիվության ոչ ճիշտ գնահատումն էրՙ վտանգի աստիճանը շատ ավելի ցածր էր ենթադրված, ինչպես Թուրքիայում, Սպիտակում: Մինչդեռ այս գոտու բազմաթիվ ավերիչ երկրաշարժերը պատմության ընթացքում (17-րդ դար, 1812 թ., 1956 թ.) վկայում են տարածքի սեյսմիկ ակտիվության մասին: Այս դեպքում գործում է երկրաշարժերի կրկնողության օրենքը: Պատմականորեն հայտնի բարձր վտանգի գոտին իբրեւ ցածր վտանգի գոտի ներկայացնելու բուն պատճառը սեյսմակայուն շինարարությունների արհեստականորեն իջեցրած գինն է: Էժան շինարարություն տանելու հետեւանքը նման ողբերգություններն են: 21 երկրների մասնակցությամբ Ասիական սեյսմոլոգիական հանձնաժողովը, որի կազմում է նաեւ Հայաստանը, հատկապես այս հարցում պետք է տանի կոշտ քաղաքականություն:

Հայաստանի ՍՊԱԾ-ը իր աջակցությունն է հայտնել հնդիկ գործընկերներին, դիմել ՄԱԿ-ի արագ արձագանքման ուժերին, որը տարածվում է բոլոր դոնոր երկրների վրա: Եվ որպեսզի մեր օգնությունը չկրի ֆորմալ բնույթ, աշխատանքները կոորդինացնելով ՀՀ կառավարության, արտգործնախարարի, անմիջական կապ պահպանելով Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Բեյբությանի հետ, մեր սեյսմիկ պաշտպանության ծառայությունն աշխատում է արդյունավետ եւ կարող է օժանդակություն ցույց տալ: Նման ուժեղ երկրաշարժերի ժամանակ հզոր փրկարարական ուժեր են գործում (էպիկենտրոնային գոտում են գտնվում ճապոնական, չինական, շվեյցարական պրոֆեսիոնալ ուժերը): Չնայած փրկարարական աշխատանքներն ուժեղ երկրաշարժերի դեպքում այնքան էլ արդյունավետ չեն, սեյսմիկ պաշտպանության համար ամեն ինչ պետք է կատարել մինչեւ երկրաշարժը: Մեր փրկարարական ջոկատըՙ 25 մարդուց բաղկացած (սեյսմոլոգներ, ինժեներ-շինարարներ, բժիշկներ, հոգեբաններ) կմեկնի ավելի նպատակահարմար ժամանակ: Կարեւորվեց մեր լրատվամիջոցների ակտիվությունը թարմ նորությունների տեղեկատվությամբ, եւ հատկապես հայ ժողովրդի օգնությունը Հնդկաստանին, որն ավելի շուտ բարոյական կլինի, մանավանդ որ Սպիտակի երկրաշարժի հիշողությունները դեռեւս թարմ են մեզանում: Այս նպատակով հիմնադրամը բացել է հատուկ հաշիվՙ Հայներարտբանկ, հաշիվ դրամայինՙ 15700101560900 տարադրամայինՙ 15700101560902, կոդՙ Մաշտոցի ՏՀՏ 01214242:

Վերջում ՍՊԱԾ-ի տնօրեն Սերգեյ Բալասանյանը տեղեկացրեց, որ նման երկրաշարժերը նույն գոտում կարող են հարուցել այլ ցնցումներ: Ըստ մեր սեյսմիկ ծառայության դիտարկումների Հնդկաստանի երկրաշարժը Հայաստանում ակտիվություն չի գրանցել, բայց այն սեյսմաակտիվ գոտում տեղակայված երկրների համար զգուշության, ապահովության, զգաստության դաս է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4