«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2001-01-30 | #17, 2001-01-31 | #18, 2001-02-01


ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՎԵՐՍՏԱՆՁՆԵԼ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԸ

Երկու օր առաջ «Ազգը», վկայակոչելով Լոս Անջելեսում լույս տեսնող «Նոր օր» թերթը, տեղեկացրել էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Շառլ Ազնավուրի համերգին ներկա գտնվելու համար դեկտեմբերին Փարիզում եղած միջոցին իր մոտ էր հրավիրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանին եւ նրան առաջարկել վերստանձնել պաշտոնը: Այս կապակցությամբ ի պատասխան «Ազգի» թղթակցի հարցմանը նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանը հարցը պարզաբանել էր հետեւյալ կերպ. «Նախագահի մասնավոր զրույցների բովանդակությանը տեղյակ չեմ, բայց նման առաջարկ նախագահի կողմից հավանական չեմ համարում»: Միաժամանակ Վ. Գաբրիելյանը հավաստել էր, որ ՀՀ արտգործնախարարությունը Մեծ Բրիտանիայի կառավարությանն արդեն իսկ ներկայացրել է մեր նոր դեսպանի թեկնածուի հայտը եւ սպասում է պատասխանի:

Երեկ Լոնդոնից մեզ զանգահարեց «Ազգի» ինտերնետային տարբերակի ընթերցողներից մեկը եւ հավաստիացրեց, որ նախագահ Քոչարյանն իրոք Փարիզում առանձնազրույց է ունեցել Արմեն Սարգսյանի հետ եւ իսկապես նրան առաջարկել է վերստանձնել դեսպանի պարտականությունները:

Վերոհիշյալ լրատվության մեջ տեղեկացրել էինք նաեւ, որ Ա. Սարգսյանն օրերս ազատվել է նաեւ Վատիկանում Հայաստանը ներկայացնելու պարտականություններից: Այս կապակցությամբ «Ազգի» լոնդոնյան աղբյուրը ճշտեց, թե Ա. Սարգսյանը դեռեւս անցյալ ամառվանից դիմել էր ազատվելու Վատիկանում դեսպանի պաշտոնից:

Մեր ստուգող հարցին, թե ինչո՞վ է բացատրվում դեսպանի պաշտոնից ազատվելու այդ դիմումը, միեւնույն աղբյուրը բացատրեց, որ Քեմբրիջի համալսարանում, որտեղ դասախոսում է Ա. Սարգսյանը, շուտով ստեղծվելու է անցումային երկրների հարցերն ուսումնասիրող գիտական ամբիոն, որի վարիչի պաշտոնի հավանական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետն է, իսկ նման պաշտոնն անհամատեղելի է պետական պաշտոնի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4