Անկարան մերժում է «ցեղասպանություն» բառը եւ խոսում է Օսմանյան կայսրությունում «300- 500 հազար հայերի ջարդերի» մասին: Ֆրանսիայի Ազգային ժողովում հունվարի 18- ին Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի ընդունումից հետո Թուրքիան չեղյալ էր հայտարարել հեռահաղորդակցության «Ալկատել» ընկերության հետ կնքված 200 մլն դոլարանոց պայմանագիրը: Իսկ հունվարի 30-ին Փարիզի «Ժուռնալ օֆիսիել» պաշտոնաթերթը նոր էր լուր հրապարակել նախագահ Ժակ Շիրակի կողմից ԱԺ որոշման վավերացման մասին, երբ Թուրքիայում սպառնալիքների նոր ալիք բարձրացավ: Վարչապետ Բյուլենթ Էջեւիթը հայտարարեց, թե «թուրք-ֆրանսիական հարաբերություններն արմատապես կվերանայվեն»:
Ֆրանսիան առաջին խոշոր ներդնողն է Թուրքիայում եւ նրան զենք վաճառող գլխավոր երկրներից մեկը: Գլխավոր թիրախը զինավաճառքի պայմանագրերն են: Թուրքիայի պաշտպանության նախարար Սաբահեդդին Չաքմաքօղլուն հունվարի 30- ին Ժակ Շիրակի կողմից օրենքի վավերացումից հետո հոխորտաց. «Դա թանկ կնստի Ֆրանսիայի վրա»: Նույն օրը թուրքական NTV մասնավոր հեռուստաընկերությունը հայտարարեց, թե չեղյալ է հայտարարվում էլեկտրոնային զենք արտադրող ֆրանսիական «Թալես» (նախկին «Թոմսոն») ընկերության հետ կնքված 200 մլն դոլարանոց պայմանագիրը: Սակայն «Ֆիգարո» թերթը նշում է, որ Անկարայում ֆիրմայի ներկայացուցիչը դեռեւս պաշտոնական որեւէ ծանուցում չի ստացել այդ մասին: «Լիբերասիոն» թերթը նշում է, որ ֆրանսիական 2 ուրիշ ֆիրմաներ հանվել են 40 մլն դոլար արժողությամբ 315000 տոննա ցորենի արտահանման ծրագրից: Չաքմաքօղլուն հայտարարել է, թե Ֆրանսիայում ընդունված օրենքը «վճռական դեր կխաղա զինավաճառքի հարցում»: Անցյալ շաբաթ ֆրանսիական զենքի առեւտրով զբաղվող GIAT խոշոր կոնցեռնը սպառնալիք էր ստացել, թե Թուրքիան կհրաժարվի տանկերի արտադրության հետ կապված 4 մլրդ դոլարանոց ծրագրից:
Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը կասկածի տակ առավ Ֆրանսիայի միջնորդական դերը ԼՂՀ հակամարտության կարգավորման մեջ: «Թուրքիան այլեւս չի վստահում Փարիզի անաչառ, անկողմնակալ եւ օգտակար միջնորդությանը», հայտարարեց նա, ավելացնելով, թե ֆրանսիացի պատգամավորները օրենքն ընդունելիս առաջնորդվել են նախընտրական նկատառումներով (ակնարկում է Ֆրանսիայի 450 հազարանոց հայ համայնքի քվեները): Թուրքական «Հյուրիեթ» թերթը Փարիզում կանգնեցվելիք Ցեղասպանության զոհերի հուշարձանն անվանեց «ատելության արձան»:
Պ. Ք.