Գերմանա-հայկական հիմնադրամի կողմից իրականացվող փոքր եւ միկրովարկավորման ծրագրի շրջանակներում ԳԴՀ KfW վարկատու կազմակերպությունն այս տարի կտրամադրի եւս 8 մլն գերմանական մարկ (կամ 4,09 մլն եվրո):
Հիշեցնենք, որ այս ծրագիրը Հայաստանում իրականացվող մոտ մեկ տասնյակ վարկային ծրագրերի շարքում դեռ անցյալ տարի գնահատվել էր որպես ամենահաջողվածն ու ճկունը: Ծրագիրն ունի մի քանի, փոքր ու միջին ձեռներեցներին ձեռնտու առանձնահատկություններ: Դրանցից մեկը մանր եւ միկրովարկերի ամենացածր շեմի բացակայությունն է: Երեկ տեղեկացվեց, որ վարկերի ամենաբարձր շեմը 21 մլն դրամից հասցվել է մինչեւ 33 մլն: Նաեւ փոփոխվել է տարեկան տոկոսադրույքների չափըՙ հասնելով 12 (առեւտրային բիզնեսի դեպքում) եւ 16 տոկոսի (արդյունաբերական): KfW-ի գումարները բաշխում են հայաստանյան 4 առեւտրային բանկերՙ «Հայգյուղփոխբանկը», «Հայագրոբանկը», «Անելիքը» եւ «Հայէկոնոմբանկը»: 1999 թ. սեպտեմբերից մինչեւ 2000 թ. տրամադրվել է 1012 վարկՙ շուրջ 5,5 եվրո ընդհանուր գումարով: Ընթացիկ մասնաբաժինը կազմում է 697 վարկՙ 3,2 մլն եվրո ընդհանուր գումարով: Այս տարի վարկային ծրագրում կընդգրկվեն եւս մի քանի բանկեր, որոնք կընտրվեն փետրվարինՙ մրցութային կարգով: Կընդլայնվի նաեւ աշխարհագրությունըՙ բացի 5 մարզերից (Լոռի, Կոտայք, Արարատ, Արմավիր, Արագածոտն) վարկեր ստանալու հնարավորություն կստանան նաեւ եւս 4 մարզերիՙ Սյունիքի, Տավուշի, Շիրակի եւ Գեղարքունիքի մանր ու միջին ձեռներեցները: Ծրագրի ամենամեծ հաջողությունն իրականացնողները համարում են նրա «սոցիալ-տնտեսական էֆեկտը»: Ծրագրի իրականացման գրասենյակի հարցումների համաձայն վարկավորման արդյունքում ստեղծվել են մոտ 1000 նոր աշխատատեղեր, վարկառուների եկամուտը ավելացել է միջինը 25 տոկոսով, ապրանքաշրջանառության միջին աճը կազմել է 34 տոկոս, արդյունավետության աճըՙ 28 տոկոս, իսկ արտադրողականությունը մեծացել է 58 տոկոսով:
Գ. Մ.