«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2001-02-01 | #19, 2001-02-02 | #20, 2001-02-03


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԳՈՀ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՑ

SAC-4-ի ստացման թիվ 1 նախապայմանը Հայաստանի բիզնես մթնոլորտի բարելավումն է

Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումներին ուղղված SAC վարկերը, որոնք դարձել են ՀՀ բյուջեի յուրահատուկ «շտապօգնությունները», երբեք էլ հեշտությամբ չեն տրամադրվել Հայաստանին, այլ հատուկ պայմանների կատարման դեպքում միայն: Այդ վարկերը ՀԲ աննախադեպ լավ պայմաններով տրամադրվող գումարներն են (40 տարով, 0,75 տոկոսով, 10 տարուց հետո մարման ժամկետով), եւ, հետեւաբար, դրանց ստացման շուրջ ՀՀ կառավարության ու բանկի միջեւ բանակցությունները միշտ էլ եղել են ծանր: SAC վարկերից վերջինիՙ SAC-4-ի շուրջ բանակցությունները, սակայն, ինչպես երեկ բնորոշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը ՀԲ-ում Հայաստանի տնտեսագետ Լեւ Ֆրենկմանի հետ համատեղ ասուլիսում, ՀՀ կառավարության ու բանկի ներկայացուցիչների միջեւ տեղի են ունեցել առանց կնճռոտ հարցերի արծարծման: «Հաշտ ու խաղաղ» այդ բանակցությունների արդյունքում ՀՀ ֆիննախի եւ ՀԲ IDA-ի միջեւ կնքվել է բանակցությունների համաձայնեցման մասին արձանագրություն, ինչը առաջին ռեալ քայլն է SAC-4-ի 50 մլն ԱՄՆ դոլարի ստացման ճանապարհին: «SAC-4-ի մասին համաձայնության գալը ՀԲ-ի հետ հուսադրում է, որ Հայաստանը մտնում է բնականոն ընթացքի մեջ եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների համար նորից վստահելի գործընկեր է, մեծ է նաեւ Եվրախորհրդին ՀՀ անդամակցության դերը», ասաց Վ. Խաչատրյանը: Լ. Ֆրենկմանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ վարկը կտրամադրվի երեք տրանշով. առաջինը կանխատեսվում է ապրիլին, չափըՙ 20 մլն դոլար: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վարկը 2001 թ.-ի սահմաններից դուրս չգա», հավաստիացրեց ՀԲ ներկայացուցիչը:

Հայտնի է, սակայն, որպեսզի վարկի տրանշները Հայաստան հասնեն առանց գրաֆիկների խախտման, կառավարությունը պետք է կարողանա կատարել ՀԲ ներկայացրած պայմանները կամ վատագույն դեպքումՙ դրանց գերակշիռ մասը: «SAC-4-ի ստացման հիմնական նախապայմանը Հայաստանի ներդրումային դաշտի ու բիզնեսի միջավայրի բարելավումն է», շեշտեց Լ. Ֆրենկմանը: Դրա հետ մեկտեղ ՀՀ կառավարությունը ստիպված է աչալուրջ հետեւել ՀԲ մյուս պայմանների կատարմանըՙ հարկերի ցածր մակարդակի ապահովմանը, բանկային համակարգի բարեփոխումներին, էներգետիկ շուկայի ձեւավորմանը եւ այլն: Ֆրենկմանի կարծիքով ՀՀ կառավարությունը դեռ շատ անելիքներ ունի երկրում ազատ շուկայական տնտեսություն ու առավելագույնս բարենպաստ տնտեսական միջավայր ապահովելու ճանապարհին: Նրա կարծիքով, 96 թվականից այս կողմ ոչ մի էական փոփոխություններ չի արձանագրվել տնտեսության վերելքի ճանապարհին, «տարբերությունը շատ քիչ է»: «Բայց դա չի նշանակում, որ Հայաստանում ոչ մի դրական տեղաշարժ չի կատարվել», լրագրողներիս մխիթարեց պրն Ֆրենկմանը: Նրա կարծիքով, ՀՀ ներկայիս իշխանությունների ամենամեծ վաստակը ազատական տնտեսության կուրսի պահպանումն է: Լ. Ֆրենկմանը չէր կարող խուսափել նաեւ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մասին ՀԲ պայմանի մասին հարցից: Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է, որ ցանցերի սեփականաշնորհման ձախողման դեպքում SAC-4-ը կասեցվի, պրն Ֆրենկմանն առաջարկեց ժամանակից առաջ չընկնել, քանի որ մինչեւ սեփականաշնորհումը այդ խնդրի արծարծումը «քաղաքականապես ժամանակավրեպ է եւ տնտեսապես ոչ շահավետ»:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4