«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2001-02-01 | #19, 2001-02-02 | #20, 2001-02-03


Ի՞ՆՉ ԵՆ ԴԱՎԱՆԵԼՈՒ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԸ

«Արգելվում է մորթել կենդանուն արնաքամ անելուց հետո». առաջին հայացքից անհեթեթ մի օրենք, որը, սակայն, դարեր առաջ ազատել է Շվեյցարիան, իմ կարծիքով, խիստ բացասական մի երեւույթիցՙ աղանդավորական շարժումից:

Երեւույթ, որն այսօր սպառնում է հայության ազգային միասնականությանը, ազգային ավանդույթների ու մշակույթի պահպանմանը, ինչո՞ւ չէ, նաեւ Հայաստանի պետական անվտանգությանը:

Ու քանի դեռ մեր դանդաղաշարժ իշխանավորները ուղիներ են որոնում (կամ էլ չեն որոնում) ստեղծելու լծակներ, որոնցով կարելի կլինի առանց մարդու իրավունքների ոտնահարման խոչընդոտել աղանդավորների ծավալապաշտական նկրտումները, բնակչության ավելի ու ավելի մեծ խմբեր են ներգրավվում Հայ առաքելական եկեղեցուն եւ հայկական մենթալիտետին օտար կրոնական համայնքների մեջ:

Այսօր Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդում գրանցված 51 կրոնական եւ կրոնաբարեգործական կազմակերպություններից 14-ը ներկայացնում են դավանական տարբեր ուղղություններ: Մեծ մասամբ քրիստոնեական կազմակերպություններ են, որոնցից մի քանիսը, իրենց ուսմունքի հիմք ընդունելով աստվածաբանական դոգմատիկ սխալները, յուրովի են մեկնաբանում «Աստվածաշունչը»: Օրինակՙ «Բանն Աստուած էր» (Ավետարան ըստ Հովհաննեսի). շատ թարգմանություններում որոշիչ հոդը չի պահպանվել եւ ստացվում է, որ Քրիստոսն աստվածային էր, այլ ոչՙ Աստված:

Նմանատիպ սխալներից են կառչում հատկապես «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամները, իմիջիայլոց, որոնցՙ կրոնի պետխորհրդում գրանցվելու դիմումը մերժվել է, քանի որ նրանց ներկայացրած ներքին կանոնադրության որոշ կետեր հակասում են ՀՀ Սահմանադրությանն ու գործող օրենքներին: Բայց չնայած «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում նշված է, որ կրոնական կազմակերպություններն իրավունք են ստանում «իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին» (հոդված 7, «ա» կետ), «կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ» (հոդված 7, «գ» կետ), «ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխաների կրոնական կրթության համար» (հոդված 7, «դ» կետ) միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցվելու պահից, Եհովայի վկաները համախմբում են հավատացյալներին, ստեղծում կրոնական ուսուցման խմբեր եւ նույնիսկ չեն խուսափում փողոցներում մարդկանց կանգնեցնել-քարոզելուց, որը որոշ դեպքերում կարող է դիտվել որպես հոգեորսություն: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, ՀՀ-ում հոգեորսությունն արգելվում է:

Օրենքի նմանատիպ խախտումների անպատիժ մնալը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Նորիկ Այվազյանը պատճառաբանեց «պետության թուլությամբ եւ այս կազմակերպությանՙ արտերկրում հզոր հովանավորներ ունենալու հանգամանքով»:

Այսպիսով, ունենալով բավարար ֆինանսական միջոցներ, տիրապետելով քարոզչական մեթոդների ու իրենց ճանապարհին չհանդիպելով լուրջ խոչընդոտների, «միսիոներ» աղանդավորները, հետխորհրդային ժամանակաշրջանում հանգիստ թափանցելով Հայաստան, կարողացան շատ մարդկանց 70-ամյա հոգեւոր դատարկությունը լցնել իրենց ուսմունքներով: Նրանց ծավալմանն էլ ավելի խթանեց վերջին շրջանում հասարակության մեջ տիրող հուսալքությունը, որի հետեւանքով, եթե մի ժամանակ աղանդավորական համայնքները համալրում էին աթեիզմի փոխարեն իրենց հոգին «հավատով» լցնել ցանկացող հասուն կամ տարեց մարդիկ, ապա այսօր աղանդավորների շարքերում զգալի թիվ են կազմում ազգային զարթոնքի տարիներին մեծացած երիտասարդները եւ պատանիները:

Այստեղ խիստ կարեւորվում է կրթական համակարգի դերը, քանզի ուսանողը կամ աշակերտը, որն ստանում է կրթությունՙ ազգային ոգով, քիչ թե շատ ծանոթ է իր ազգի պատմական մշակութային արժեքներին, եկեղեցուն, անկախ իրենից սկսում է սիրել դրանք, իսկ եթե սիրում է, ապա հազիվ թե հարի դրանց հակառակ, կամ գոնե դրանց հետ կապ չունեցող որեւէ գաղափարախոսության:

Նկատելի դեր է խաղում նաեւ ժողովրդի սոցիալական վիճակը: Շատ ուսանողներ հարում են այս կամ այն աղանդավորական խմբերին, որոնք հոգում են նրանց ե՚ւ ուսման վարձի, ե՚ւ հագուստի, ե՚ւ սննդի հոգսերը: Այս տեսանկյունից երիտասարդությունն առավել քան խոցելի է: Վարակից զերծ մնացած ուսանողներն աղանդների այսչափ տարածման մեղավոր համարում են նախ եւ առաջ Առաքելական եկեղեցու պասիվությունը: ԵՊՀ արհմիության 2000 թ. փետրվարին ստեղծված «Լուսո որդիներ» քրիստոնեական դաստիարակության ակումբը, որը համագործակցելով հայ եկեղեցու հետ, պարբերաբար սեմինար-հանդիպումներ է կազմակերպում ուսանողների եւ հոգեւորականների միջեւ, կարծես հակազդում է մայր բուհում ծավալվելու եզրեր փնտրող աղանդավորներին: Սակայն գաղտնիք չէ, որ վերջիններս անհատական մոտեցում են ցուցաբերում ամեն մի հերթական «որսի» նկատմամբ, իսկ Առաքելական եկեղեցու քարոզիչներն այդքան շատ չեն:

Որքան էլ ցավալի է, աղանդները թափանցում են նաեւ դպրոցահասակների շրջանակը: «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախմբի խմբավարները, որոնք գործուղվել են հանրապետության տարբեր դպրոցներ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ երեխաներին գոնե երեք շարականներ սովորեցնելու, ահազանգում են, որ շատ ծնողներ թույլ չեն տալիս իրենց երեխաներին մասնակցելու պարապմունքներինՙ ասելով, որ այդ երգերը պետք չեն նրանց: Եթե այսօր կան մարդիկ, որոնք հրաժարվում են տոնել քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակը, ապա, աղանդավորական շարժումների այս թափով ծավալվելու պայմաններում, 50 տարի անց կլինե՞ն արդյոք այնպիսի հայեր, որոնք կտոնեն 1750-ամյակը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները մշակելիս մեր օրենսդիրները սիրում էին զարգացած երկրների իրավական դաշտը քննել ու կրկնօրինակել: Վերոնշյալ հիմնախնդրի լուծման համար ինչո՞ւ չեն ուսումնասիրում այդ նույն երկրների իրավունքի պատմությունը:

Ի վերջո, ի՞նչ են դավանելու մե՚ր զավակները:

ՌՈՒԲԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4