«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2001-02-01 | #19, 2001-02-02 | #20, 2001-02-03


ՀԱԳՆՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Լիլիթ Մարգարյան մոդելյոր (ձեւարար): Ծնվել է 1971 թ. մայիսի 20-ին Երեւանում: 1988-ին ընդունվել է Մոսկվայի Տեքստիլ ակադեմիայի կիրառական արվեստի ֆակուլտետի հագուստի մոդելավորում բաժինը եւ 1993-ին գերազանց ավարտելով բուհը, վերադարձել է Երեւան:

Առաջին անհատական հավաքածուն ստեղծել է 1998-ին: 1999-ին կազմակերպվել է նրա հագուստի մոդելների լիակատար ցուցադրումը: 2000 թ. մարտին Լիլիթը Անդրկովկասի երիտասարդ մոդելյորների մրցույթին ներկայացրել է Հայաստանը եւ արժանացել գլխավոր մրցանակին: Նույն տարվա մայիս ամսին Մոսկվայում կայացած ԱՊՀ երիտասարդ մոդելյորների մրցույթում անցել է եզրափակիչ փուլ (2500 հոգուց): Այժմ Լիլիթն աշխատում է «Լիլիթ» նորաձեւության սրահում եւ գարնանը պատրաստվում է Երեւանում հանդես գալ իր նոր հավաքածուի անհատական ցուցադրությամբ:

- Ըստ Ձեզ, Հայաստանում զարգացման ի՞նչ աստիճանի վրա է այսօր հագուստի մոդելավորման ոլորտը:

- Այս ասպարեզում ամեն ինչ աշխուժանում է, Ես ուրախ եմ եւ ողջունում եմ բոլոր ցուցադրությունները, մրցույթները եւ կազմակերպվող բոլոր միջոցառումները: Բայց այս ամենը դեռ շատ թույլ հիմքերի վրա է: Այսօր քիչ չեն ինքնակոչ մոդելյորները, որոնք ընդհանրապես անտեղյակ են «հագուստի ձեւավորում» կոչվածից: Մարդը գալիս է ինձ մոտ, պատվիրում է հագուստ, ապա այդ զգեստով մասնակցում է «Հայկական սիլուետի» կազմակերպած մրցույթին եւ առաջին փուլում ճանաչվում է լավագույն մոդելավորող: Ցավում եմ, որ գնահատողները, ժյուրին նույնպես գիտակներ չեն, որպեսզի կարողանան տարբերել: Այս ասպարեզում մեր ամենամեծ խնդիրը հեղինակային իրավունքն է, խախտումները շատ են:

- Ինչպիսի՞ն է հայաստանյան շուկան, ո՞վ է ձեր աշխատանքի սպառողը:

- Տոնավաճառներն իրենց սպառեցին, կարծում եմ, մարդիկ հասկացան, որ իրենց գնած էժանագին հագուստը ոչ մի առումով պիտանի չէ: Եվ նրանք նորից սկսեցին գնահատել անհատականությունը հագուստի մեջ, ընդունել դիզայների դերն այս գործում: Սպառողներին դասակարգել չեմ կարող, որովհետեւ կան ե՚ւ կանայք, ե՚ւ տղամարդիկ շատ տարբեր տարիքների, այդ թվում շատ են բեմի մարդիկ:

- Միջազգային ասպարեզ դուրս գալու ի՞նչ հեռանկարներ ունի հայ մոդելավորողը, բացի տաղանդից, ի՞նչ է հարկավոր դրա համար:

- Բնականաբար անհրաժեշտ են գումարներ, ներդրումներ: Հայ գործարարներն առայժմ նորաձեւության ապագային չեն հավատում, իսկ պետական հովանավորության մասին կարելի է մոռանալ: Խնդիր չէ, մենք մեր ուժերով, դժվարություններ հաղթահարելով կգնանք, կկայանանք, հետո կգանք կհպարտանանքՙ թե. «Մեր հայ աղջիկն է, ապրի, շատ ապրի ինքը»:

- Ի՞նչ կարծիքի եք մեր երիտասարդների հագուկապի մասին:

- Ես առայժմ չեմ ուզում կարծիք հայտնել, քանի որ ճանաչելով մեր կյանքի դժվարությունները չեմ կարող մեղադրել մեր երիտասարդներին: Նրանց հնարավորությունները շատ սահմանափակ են: Ճիշտ է, կա նաեւ ճաշակ հասկացություն, բայց բազմաթիվ բարձր ճաշակի տեր մարդիկ այսօր հագնվում են ոչ ըստ ճաշակի, այլ ըստ հնարավորության: Հուսանք, որ մի օր լավ կլինի, բոլորը կունենան գումար, եւ մարդիկ ավելի լավ կհագնվեն:

- Այնուամենայնիվ, ի՞նչ է պակասում հայ երիտասարդներին «հագնվելու արվեստին» տիրելու համար:

- Ինֆորմացիայի պակասն է, լավ հաղորդումներ չկան: Ինչ ցուցադրվում է, շատ թռուցիկ է, քաղվածքների նման: Նորաձեւության մասին ամսագրերը շատ թանկ են, մատչելի չեն բոլորին:

Այն հագուստը, որ հագնում էին արտերկրում 2- 3 տարի առաջ, նոր մտնում է Հայաստան: Եթե մենք ժամանակին առաջարկենք համապատասխան մոդելներ, սա նույնպես չի ընդունվի: Մեր երիտասարդները սիրում են, որ 20- 30 հոգի, ապա նաեւ ամբողջ քաղաքը հագնի որեւէ հագուստ, որպեսզի այն լավը համարվի:

Սովորաբար ես խորհուրդ եմ տալիս կրել այն գույնը եւ ձեւը, որն ամենաշատն է համապատասխանում ձեզ:

ԷԼԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4