«Այն, ինչ այսօր ազգովին ցանում ենք, վաղը պիտի հնձենք»,
Գարեգին Նժդեհ
Հայաստան-սփյուռք մշակութային փոխառնչությունների ոլորտում վերջին ամենանշանակալի նվաճումներից մեկը կարելի է համարել Կալիֆոռնիայում Հայ պարարվեստի միության հիմնադրումը: Ինչպես նշված է նրա կանոնադրության մեջ, նորաստեղծ միության առաջնային խնդիրներն են. պահպանել ազգային պարարվեստը, Հայաստանի պարարվեստի միության հետ համատեղ իրագործել բազմապիսի ծրագրեր, սատարել հայրենի պարարվեստի գործիչներին եւ պարախմբերին: Կարեւոր խնդիրներից է նաեւ օտար ափերում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության ազգանվեր գործը զգալի չափով ստանձնելու պատասխանատվությունը: Ինչպես եւՙ «դառնալ հայրենիք-սփյուռք մշակութային գործուն այն կամուրջը, որի վրայով վաղը պետք է անցնեն Մ. Նահանգներում հանգրվանած մեր հայրենակիցները»:
Կալիֆոռնիայի Հայ պարարվեստի միության գեղարվեստական խորհուրդը նշում է. «Մշակույթը մեր ժողովրդի ինքնադրսեւորման ամենավառ միջոցն է, որի անբաժան մասն է պարարվեստը: Խնդրի ուսումնասիրությունը մեզ բերում է այն համոզման, որ ազգային պարարվեստի համապատասխան ժողովրդականության պայմաններում մեր միությունը կարող է գործնական մեծ ծառայություն մատուցել ազգային պարարվեստին եւ նրա նվիրյալներին»:
ԱՄՆ-ում հիմնադրված Հայ պարարվեստի միության բարոյական եւ գործնական-կազմակերպչական խթանը Հայաստանի պարարվեստի միությունն է, որի նախագահն է Հայաստանում եւ սփյուռքում ճանաչված պարարվեստի գործիչ, բալետմայստեր Կարեն Գեւորգյանը: «Կալիֆոռնիայում նման միության ստեղծման ժամանակը հասունացել էր, մանավանդ, եթե նկատի առնենք, որ այսօր Լոս Անջելեսում բնակվում են հայաստանցի անվանի բազմաթիվ պարուսույցներ: Դեռ 2000 թ.-ի սկզբին ծագեց ԱՄՆ-ի հայ պարարվեստի բոլոր կարող ուժերին համախմբելու գաղափարը: Առավել եւս, որ իրականությունն ապացուցում է, որ սփյուռքի հայ մշակութային օջախներում պահպանվում են ոչ միայն մասնագիտական արժեքներ, այլեւՙ մայրենի լեզուն, հայեցի բարքերը, մտածելակերպը, խոսքը, երաժշտությունը», ասում է Կարեն Գեւորգյանը:
Այսպես, ստեղծվեց գեղարվեստական խորհուրդ, որի անդամներն են. Կալիֆոռնիայի Վանուշ Խանամիրյանի անվան պարի դպրոցի, Հայ պարարվեստի կենտրոնի
«Զվարթնոց» պարային անսամբլի, Միջազգային պարի դպրոցի եւ «Հայաստան» պարախմբի գեղարվեստական ղեկավարները: Ապա եւ Հայաստանի պարարվեստի միության եւ դրա ղեկավարի անմիջական աջակցությամբ հիմնադրվեց հիշյալ միությունը ԱՄՆ-ում:
Ի դեպ, հարկ է նշել, որ Հայաստանի պարարվեստի միության մասնաճյուղերը գործում են հանրապետության բոլոր մարզերում, բացի այդ, նախնական պայմանավորվածություն կա Արցախի մշակույթի նախարար Արմեն Սարգսյանի հետ նման մասնաճյուղ Ստեփանակերտում բացելու մասին:
«Հայաստանցիներս հատուկ երախտիքի զգացում պիտի տածենք օտար ափերում ստեղծագործող, ազգային նկարագիրը պահպանող մեր արվեստագետների հանդեպ: Դաժան բիզնեսի այնպիսի մարդակուլ երկրում, ինչպիսին Մ. Նահանգներն է, դյուրին չէ ներքին ուժ եւ կարողություն գտնելՙ նվիրվելու հասարակական գործունեությանը: Եվ մենք բարոյապես պետք է սատար լինենք նրանց, նաեւՙ օժանդակենք կազմակերպչական առումով», նշում է Հայաստանի Պարարվեստի միության նախագահը:
Ակներեւ է, որ հենց այս միտումով է ղեկավարվում ՀՀ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունըՙ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» իր ծրագրի գործունեության ծիրում: Այլ հարց, թե այդ կարգախոսը ինչպես է իրականություն դառնում:
Դառնալով Կալիֆոռնիայի Հայ պարարվեստի միությանը, հիշատակենք նաեւ նրա գործունեության եւս մեկ դրսեւորումըՙ իր գոյության կարճ ժամանակահատվածում այն արդեն որոշ նյութական օգնություն է ցուցաբերել ծանր պայմաններում գտնվող հայրենիքի պարարվեստի նվիրյալներին, ինչպես եւ Արցախի պարի պետական անսամբլին:
Կարեւոր նախաձեռնումների թվում է նաեւ վերջերս Լոս Անջելեսում անցկացրած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 2-րդ փառատոնի շրջանակներում ժողովրդական եւ ազգագրական պարերի արդեն ավանդական դարձած փառատոնը: Կազմակերպիչներՙ ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ պարարվեստի միություն եւ Կալիֆոռնիայի հայ պարարվեստի միություն:
«Մեր նպատակը մեկն էՙ զտել եւ պահպանել ազգային պարարվեստը օտարամուտ տարրերից, ինչպես ժամանակին արեցին Կոմիտասը եւ նրա հետնորդները երգի բնագավառում», ասում է Հայաստանի պարարվեստի միության նախագահ Կարեն Գեւորգյանը:
Այս հայրենանվեր նպատակին են ծառայում Հայաստանի պարարվեստի միությունը եւ նրա աշխարհասփյուռ մասնաճյուղերը:
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու