ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Երեք տարի առաջ, 1998 թվականի փետրվարի երեքին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հրաժարականի հայտարարությամբ. «... Հարկ եմ համարում նշել, ասվում էր Տեր-Պետրոսյանի հեռուստաելույթում, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումը ընդամենը պատրվակ էր: Խնդիրն ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»: Եթե առաջին դեպքում դժվար է չհամաձայնվել նախկին նախագահի հետ, իսկապես հրաժարականը արդյունք էր իր մեջ հաստատված հակասությանՙ պետականության հիմնադրույթների սուբյեկտիվ ընկալման եւ պետության ու հասարակության զարգացման օրինաչափությունների միջեւ, ապա երկրորդը հերթական էժանագին քաղաքական շահարկումն էր: Հետտերպետրոսյանական ժամանակաշրջանը ցույց տվեց, որ ոչ միայն չխախտվեց զինադադարը Լեռնային Ղարբաղում, այլեւ ձեռք բերվեցին որոշակի հաջողություններ խնդրո առարկա հարցում, իրագործվեցին քայլեր հայկական դիվանագիտության լիսաբոնյան խայտառակ պարտությունից դուրս գալու ուղղությամբ:
«Խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը»
Իր հրաժեշտի հայտարարության մեջ Տեր-Պետրոսյանը նշեց. «Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես Հայաստանում խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել»: Ո՞րն էր այդ «խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը»: ՀՀՇ-ն իր արբանյակ անձ-կազմակերպություններով, ինքըՙ Տեր-Պետրոսյանն իր շրջանակով եւ ազգականներով: Տեր-Պետրոսյանն իր պաշտոնավարման վերջին շրջանում նույնացնում էր այդ հասկացողությունները: Ռուսաստանյան «Նովոյե վրեմյա»-ի թղթակից Վադիմ Դուբինինի հարցինՙ «Բայց արդյո՞ք նույն ՀՀՇ-ն է» (համեմատում է կազմակերպության գործունեության սկզբնական շրջանը եւ 1997 թվականը- Ռ. Մ.), Տեր-Պետրոսյանը պատասխանում է. «Իսկ ինչո՞ւ ոչ: Ես նույն մարդն եմ, ինչ էի 88 թվականին: Պարզապես մենք ունենք անջատողականներ: Նրանք հեռացել են, իսկ ՀՀՇ-ն մնացել է»:
Սակայն ոչ 1988 թվականի ՀՀՇ-ն էր նույնը 1997-ին, ոչ էլ Տեր-Պետրոսյանը: Առկա էր մի ճշմարտություն. 1988-ին Տեր-Պետրոսյանն այդ կազմակերպության առաջնորդներից է, մինչդեռ 1997-ին միակ պարագլուխը ոչ քաղաքական այդ հանցագործ խմբավորման, որը հակաօրինական նպատակների իրագործման համար իրեն կից ուներ զինյալների խումբ, որն իրագործում էր մարդասպանություններ եւ այլ ծանրագույն հանցագործություններ: Խոստովանենքՙ խաղաղության եւ արժանապատվության հետաքրքրական ըմբռնում է...
«Խաղաղության եւ արժանապատիվ հաշտության» կուսակցությունը ասպարեզ իջավ 1988-ին, ամենեւին ոչ խաղաղասիրական կոչերով եւ կարգախոսներով:
Նորագույն պատմության մեջ կրկին ամենայն ուժգնությամբ Ղարաբաղը պահանջում էր տարածքային պատկանելության հարցի արդարացի լուծում: Սակայն այս անգամ պահանջը հնչում էր Խորհրդային Միության համար միանգամայն նոր ներքին քաղաքական իրավիճակում: Բազում տնտեսական, սոցիալական, ազգային, քաղաքական խնդիրներ ունեցող գերպետությունը կանգնած էր երկընտրանքի առջեւՙ փորձելով պահպանել կառավարման համակարգի հիմնարար սկզբունքները, իրականացնել որոշ ժողովրդավարական բարեփոխումներ, թե ամրացնելով տոտալիտար պետության համապատասխան ինստիտուտները, ապահովել կայսրության հետագա ընթացքը: Հասարակական զարգացումը ընթացավ այլՙ երրորդ ճանապարհով. Խորհրդային Միությունը, որպես բազմազգ, գաղափարախոսական, ավտորիտար պետություն, փլվեց: 80-ականների վերջին 90-ական թվականների սկզբին, Ղարաբաղյան շարժումը տեղի էր ունենում համաշխարհային առումով կարեւորագույն փոփոխությունների պայմաններում եւ նրա ընթացքն ուղղակիորեն պայմանավորված էր գերպետության փլուզման եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների հաստատման հետ: Ո՞վ էր կանգնելու հիրավի ազգային զարթոնք պայմանավորող ազգային շարժման գլուխՙ Խորհրդային Հայաստանի համայնավար ղեկավարնե՞րը, ազգային մտավորականության ներկայացուցիչնե՞րը, թե՞...
Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները մարդիկ էին, որոնք անցել էին կուսակցական դպրոց, որը սովորեցնում էր մեծ, լուրջ խնդիրներում ինքնուրույն որոշում չընդունել: Նման տարրի որոշումներն ընդունում են «վերեւում», բացի դրանից, այդ շերտը կոռումպացված էր, չէր վայելում ժողովրդի լայն զանգվածի համակրանքը: Ազատության հրապարակում կարելի էր ականատես լինել հետաքրքրական տեսարանի: Մի կողմից բեմահարթակում գտնվող «Ղարաբաղ» կոմիտեի ճղճղան հռետորները, որոնք ներկաներին գերում էին իրենց ըմբոստ կոչերով, մյուս կողմից կենտկոմի, քաղկոմի եւ շրջկոմների կոչով, գրեթե նույն ձեւով հագնված եւ այդ պատճառով բավականին իրար նման կուսակցական «նոմենկլատուրայի» ներկայացուցիչները, մի անկյունում հավաքված, փաստորեն դիտողի դերում, «վերեւից» հրաման ստանալու եւ կատարելու պատրաստակամությամբ: Այդ խավն անզոր էր ինքնուրույն որոշման, այն քաղաքականապես դատապարտված էր: Ինչ վերաբերում է ազգային մտավորականությանը, հրապարակում այն սկզբում ոչ միայն երեւաց, այլեւ, պատկերավոր ասածՙ միկրոֆոնը պահում էր իր ձեռքում: Սակայն անվանի գրողներին, հրապարակախոսներին, դերասաններին երեւի թե պակասում էր անհրաժեշտ հանդգնությունը, նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չդնելու հատկության բացակայությունը, նաեւ անունը կորցնելու վտանգը: Բացի այդ, անվանի մտավորականության ներկայացուցիչները, որպես մարդ, քաղաքացի ձեւավորվել էին խորհրդային շրջանում: Նրանք բացառում էին խորհրդային պետության փլուզման հնարավորությունը: Այդ պայմաններով հրապարակի շարժումը, լայն զանգվածների գործողությունների ղեկավարումը ստանձնեց մարդկանց մի խումբ, որը ոչ միայն կորցնելու ոչինչ չուներ, այլեւ ժամանակի ընթացքում հասկացավ, որ ստեղծված իրավիճակն իրենց համար եզակի հնարավորություն էՙ հաստատվելու ասպարեզում:
«Ղարաբաղ» կոմիտեն, իսկ այնուհետեւ ՀՀՇ-ի առաջին շրջանի ղեկավարությունը միջոցների մեջ ընտրություն չէին կատարում: Կոմիտեի անդամներից մեկը կոչում էր ժողովրդին քարեր շպրտել խորհրդային զինվորների վրա, որպեսզի վերջիններս զենք կիրառեն: Նրան անհրաժեշտ էր արյունահեղություն: Մինչեւ այսօր պարզ չէ, թե ով կազմակերպեց Մասիսում թունավորման դեպքերը: Նրանք պահում էին կատաղած, փողոցային «լյումպենացված» կանանց հրոսակախմբեր, որոնք կոմիտեի հրահանգով անհրաժեշտության դեպքում իրականացնում էին Խորհրդային Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների ծեծն ու ահաբեկչությունը:
Տարիներ անց կարելի է եզրակացնել, որ նկարագրված ամենաթողության մթնոլորտը արդյունք էր ժողովրդի մի մեծ զանգվածի շրջանում ազգային հզոր գաղափարի ուժգնության հետեւանքով այդ մարդկանց խմբի բարձր հեղինակության, բայց հիմնականը խորհրդային կայսրության գոյատեւման համար կենսական հիմունքների փլուզման գործընթացն էր:
Գալով իշխանության եւ շարժման ընթացքում ձեւավորելով երկրորդ եւ երրորդ շրջանակի ՀՀՇ-ական ղեկավարներ, «Ղարաբաղ» կոմիտեն (ՀՀՇ-ի առաջին շրջանի ղեկավարները) ոչ միայն պատկերացում չունեին երկրի տնտեսության ղեկավարման կարեւորագույն հիմնադրույթներից, այլեւ զուտ մարդկայնորեն անպատրաստ է ստանձնել հանրապետության ղեկը: 1993 թվականից Հայաստանը հայտնվում է աննախադեպ տնտեսական աղետի մեջ: Տարիներ շարունակ երկիրը գտնվում է խավարի մեջ, հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթում են, փաստորեն ոչնչանում է երկրի տնտեսությունը: 90-ական թվականներին ձեւավորվում են տնտեսական կլաններ, որոնք ազգակցական եւ այլ կապերով ուղղակիորեն առնչվում են Տեր-Պետրոսյանի հետ: Հսկայական հարված է կրում ազգային մշակույթը: Նշված շրջանում «Ղարաբաղ» կոմիտեի նախկին նախագահի կողքին մնում են միայն երկու հոգիՙ Վ. Սիրադեղյանը եւ Բ. Արարքցյանը, որոնք իրենց ղեկավարի եւ ուժային կառույցների հետ երկիրը վերածում են ռազմաոստիկանական կոռումպացված պետության, անօրինական հարկատվության հստակ համակարգով:
1995 թվականին ԱԺ-ի ընտրությունների ընթացքում կեղծիքն ու զեղծարարությունն այնպիսի հսկայական չափերի են հասնում, որ կարելի է պնդել, թե իշխանության ձեւավորումը ժողովրդավարական սկզբունքով փաստորեն վերանում է: 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը խորանում է, որը խիստ բացասաբար է անդրադառնում Հայաստանի միջազգային վարկի վրա, ներառյալ հայ-ռուսական հարաբերությունները: Դրա հետ մեկտեղ մեկ անգամ եւս ակնհայտ է դառնում, որ Տեր-Պետրոսյանի վարչակարգի կարեւորագույն հենարանն ուժային կառույցներն են, այլ ոչ թե ՀՀՇ քաղաքական կազմակերպությունը:
Ով պահանջեց Տեր Պետրոսյանի հրաժարականը
Մենք համաձայն չենք այն տեսակետին, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականն արդյունք էր ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդրում հայտնի տարաձայնությունների: Անշուշտ, տեսակետների բախումն առկա էր: Սակայն նախագահի որոշման համար էական դեր ունեցավ այն հանգամանքը, թե ով էր պահանջում Տեր-Պետրոսյանի հրաժարականը եւ հետո միայնՙ ինչո՞ւ: Հրաժարականը պահանջում էին հենց ուժային կառույցների ղեկավարները, առաջին հերթին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը (այդ մասին վկայում է հրաժարականին նախորդող Վազգեն Սարգսյանի նշանավոր ասուլիսը պաշտպանության նախարարությունում): Այսինքնՙ նրանք, ովքեր Տեր-Պետրոսյանի քաղաքականության հետեւանքով դարձել էին նախագահի կարեւորագույն հենարանը: Տեր-Պետրոսյանը հստակ գիտերՙ զրկվելով վերջինից, առճակատման մեջ է մտնում իրական ուժերի հետ: Ապագաղափարացված ՀՀՇ-ն, մեկ օրում ճամբարը փոխած խորհրդարանական մեծամասնությունը եւ անգամ հայաստանյան տնտեսական «օլիգարխները» (մեր պարագայումՙ «օլիգարխիկները») գործոն չէին: Գնահատելով Վազգեն Սարգսյանի քայլը, անհրաժեշտ է այն որակավորել որպես քաղաքական հասունության եւ հայրենասիրության դրսեւորում:
Հասկանալով, որ Տեր-Պետրոսյանը, շնորհիվ մի շարք օբյեկտիվ (երկիրը գտնվել էր պատերազմի մեջ, ժողովրդավարական ավանդույթների բացակայություն եւ այլն) եւ սուբյեկտիվ (պարտվողականության դրսեւորում ազգային հիմնարար հարցերում, այլակարծության մերժում եւ այլն) գործոնների հետեւանքով երկիրը տանում է փակուղի, Վազգեն Սարգսյանը դիմեց հայտնի գործողությունների:
Հրաժարականին նախորդող «Պատերազմ, թե՞ խաղաղություն: Լրջանալու պահը» հոդվածում Լ. Տեր-Պետրոսյանը նշում էր. «.Ղարաբաղում եւ Հայաստանում հակամարտության կարգավորման գործընթացին փորձագիտական մակարդակով տիրապետում են ընդամենը վեց հոգիՙ Ա. Ղուկասյան, Ռ. Քոչարյան, Ա. Արզումանյան, Վ. Օսկանյան, Ժ. Լիպարիտյան եւ ես»: «Եվ ես»-ը հանած փաստորեն ստացվում է հինգ հոգի: Եթե անգամ ընդունենք, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականն արդյունք էր «անտեղյակների» անհամաձայնության ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդրում, ապա այն հանգամանքը, որ չորսից երեքըՙ Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը, Վ. Օսկանյանը (Լիպարիտյանը մինչեւ 1998 թ. փետրվարը, համաձայն իր դիմումի, ազատվել էր պաշտոնից), ընդունեցին իշխանափոխությունը, ցույց է տալիս նախկին նախագահի դիրքորոշման պարտվողական էությունը, որն անընդունելի էր թե բանակի, թե քաղաքական վերնախավի եւ թե ողջ հայ ժողովրդի համար:
Ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում նախագահների հրաժարականներն ունենում են այլ ընթացք: Սակայն, այդ պետությունների գոյատեւման կարեւորագույն նախապայմաններից է զարգացած քաղաքական համակարգի առկայությունը: Հանգամանք, որին ոչ միայն չնպաստեց, այլն հնարավոր չափով խանգարեց Լ. Տեր-Պետրոսյանը: Նրա օրոք փակվում եւ հետապնդվում էին կուսակցություններն ու զանգվածային լրատվության միջոցները, կեղծվում բոլոր մակարդակի ընտրությունները, չքավորության մեջ ապրող երկրում աճեցվում էր չինովնիկական տարրը, փորձ էր արվում պետական մակարդակով խարխլել ազգային հիմնարար արժեքները (Հայ դատ, ազգային գաղափարախոսություն եւ այլն): Հրաժարականը եւ նրա ընթացքը (ձեւը) արդյունք էր նաեւ ձեւավորված հասարակական հարաբերությունների եւ պատկերացումների, որոնք արմատավորվել էին երկրում ութ տարիների ընթացքում:
Երեք տարի անց
Եթե իշխանափոխության գործընթացում ուժային կառույցները դերակատարում ունեն, ապա որպես կանոն, հաստատվում է նրանց բացարձակ իշխանությունը: 1998 թ. փետրվարին Հայաստանում այդպիսի զարգացում չարձանագրվեց: Ավելինՙ շնորհիվ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականի հասարակական-քաղաքական մթնոլորտը երկրում լիցքաթափվեց: Կարեն Դեմիրճյանի վերադարձը քաղաքական ասպարեզ նախ եւ առաջ հետեւանք էր Տեր-Պետրոսյանի հրաժարականի: Դեմիրճյանի վերադարձը պայմանավորեց ժողովրդի մի որոշակի զանգվածի հասարակական-քաղաքական ակտիվացում: Տեր-Պետրոսյանի հրաժարականի հետեւանքով ազատություն ստացան քաղբանտարկյալները, հնարավորություն ստեղծվեց քաղաքական կուսակցությունների ազատ, օրինական գործունեության համար: Իշխանափոխությունից անմիջապես հետո նման դրական տեղաշարժերը բացատրվում էր վարչապետ Ռ. Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կեցվածքովՙ իշխանափոխությունն իրականացնել սահմանադրական ճանապարհով, երկրում ձեւավորել իշխանության օրինական ինստիտուտներ:
1998 թ. մարտին Հայաստանի նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը, 1999 թ. մայիսին ձեւավորվում է Ազգային ժողովի նոր կազմ, որում մեծամասնություն է կազմում «Միասնություն» դաշինքըՙ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Նշված իրադարձությունները պայմանավորում են քաղաքական ուժերի վերադասավորում, բարձրագույն մակարդակում իշխանափոխության գործընթացի ավարտ: Դժվար է կանխագուշակել, թե ինչպիսի հետագա զարգացումներ կարձանագրվեին ներիշխանական զարգացումների մեջ, սակայն մի իրողություն հստակ էրՙ Քոչարյանի, Դեմիրճյանի, Սարգսյանի օրոք անհնար էր անգամ քննարկել «նախկինների» վերադարձի որեւէ հնարավորություն: Հենց նրանք էին վերջ դրել տերպետրոսյանական շրջանակի իշխանությանը:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը այդ շրջանակի մոտ հույս արթնացրեց վերականգնել կորցրած դիրքերը: Պատահական չէ, որ հենց այդ խմբի ներկայացուցիչները հոկտեմբերի 27-ին հայտնվում են ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ փորձում ներազդելով Վազգեն Սարգսյանի զինակիցների վրա (ելնելով միանգամայն բնական զգացական տրամադրությունից), պաշտոնանկ անել ՀՀ նախագահին եւ երկրում իրականացնել ռազմական հեղաշրջում: Նրանք հստակ գիտակցում էինՙ ստեղծված կացությունը միակ հնարավորությունն է վերադարձնել կորցրած իշխանությունը, քանի որ նրանք մերժվել եւ մերժված են ժողովրդի կողմից: Շնորհիվ իշխանությունների զգաստության ու խոհեմության, վարչակարգի ռեստավրացիա տեղի չունեցավ: Համոզված ենք, որ այդ հնարավորությունը բացառվում է նաեւ հետագայում, սակայն «խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը» հույսը չի կորցնում: Տիրապետելով նյութական եւ լրատվական հնարավորությունների, այն ամեն կերպ շարունակելու է շահարկել հոկտեմբերի 27-ի ողբերգությունը եւ այդ գործով սկսվող դատավարության ընթացքը: Այնուհանդերձ, նախկին նախագահին ներկայացնող շրջանակի ձգտումըՙ վերականգնել կորցրած դիրքերը, բնական է: Ընդունելի չէ մեկ այլ հանգամանքՙ իշխանության մարմիններում այդ շրջանակի ներկայացուցիչների ներկայությունը, քանզի թե իրենց ընկալումների եւ թե ձգտումների մեջ նրանք ամեն կերպ հանդես են գալիս նոր քաղաքական իրողությունների դեմ:
Կատարված որոշակի անդրադարձը վերջին տարիների ներքաղաքական զարգացումներին վկայում է, որ Կարեն Դեմիրճյանի քաղաքական ասպարեզում հայտնվելը, Վազգեն Սարգսյանի գործողությունները նպատակաուղղված էին երկրում հաստատել նոր բարոյահոգեբանական մթնոլորտ, իշխանափոխության հետեւանքով հեռացնել ասպարեզից Տեր-Պետրոսյանի շրջանակին:
Իշխանափոխությունը, եթե ընթանում է սահմանադրական եղանակով, երկար գործընթաց է: Երեք տարի առաջ այն միայն սկսվեց:
Բոլոր դժվարություններով եւ հակասություններով հանդերձ այն ավարտվելու է, ավարտվելու է հաջողությամբ: Սակայն, որպեսզի հետագայում հասարակական-քաղաքական զարգացումները երկրում ընթանան բնական ճանապարհով, որպեսզի հասարակությունը զերծ մնա ցնցումներից, անհրաժեշտ է իրապես գործող քաղաքական համակարգ: Խնդիր, առանց որի լուծման տարբեր տեսակի արհավիրքներն անխուսափելի են, խնդիր, որի լուծումը ժամանակի հրամայականն է: