Թուրք ընդհանուր սպայակույտի, վարչապետի եւ նախագահի աչքերի առաջ Թուրքիայի քաղաքական կենտրոն Անկարայում ապշեցնող մի ներկայացում տեղի ունեցավ անցյալ շաբաթ երեկոյան: Միլիոնավոր թուրքեր առիթ ունեցան ավելի քան 6 ժամ «ըմբոշխնելու» Հայկական ցեղասպանության շուրջ հեռուստատեսությամբ ծավալված մաղձոտ բանավեճը:
Քննադատական հարց ու պատասխանի ծրագիրը, որը հեռարձակվում է սովորաբար «Ընկույզի կեղեւ» ընդհանուր խորագրի ներքո, պատրաստել էր լրագրող-հրապարակախոս Հուլկի Ջեւիզօղլուն: Մասնակցում էին «Դողրույոլ» կուսակցության առաջնորդներից Այնթապից պատգամավոր Այվազ Գոկդեմիրը, «Ենիդեն դողրու» կուսակցության նախագահ, նախագահ Օզալի կառավարության պետքարտուղար Հասան Ջելալ Գուզելը, Ստամբուլի համալսարանի մի դասախոս, Անկարայից մեկ ուրիշ համալսարանի դասախոս եւ դոկտ. Թաներ Աքչամը, որը գտնվելով Միչիգանում (այնտեղ համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոնում գիտաշխատող է ձեւակերպված), Էն Արբորից (ԱՄՆ) հեռախոսային կապով միացել է բանավեճին:
Մեկ ուրիշ հրավիրյալՙ գիտնական Հալիլ Բերքթայը, որը բանավոր եւ գրավոր բազմիցս կոչ է արել թուրքերինՙ հաշտվելու իրենց դաժան անցյալի եւ ցեղասպանության հետ, չէր ներկայացել: Թունոտ հարձակումների եւ թշնամանքի ներկա պայմաններում նա անպայման խստագույն քննադատության կարժանանար:
Ծրագիրը սկսվեց 15 րոպեանոց ֆիլմի ցուցադրումով, որտեղ հայերը, ենթադրաբար, կոտորում էին թուրքերին: Մասնակիցները, մեկ առ մեկ խոսք առնելով, հայերին մեղադրեցին Զեյթունում, Վանում եւ այլ վայրերում կազմակերպած խռովությունների եւ ապստամբությունների մեջՙ կրկնելով մշտապես հնչած հանկերգը:
Համարյա միաձայն նրանք մերժեցին իրենց հասցեին եղած ցեղասպանության «կեղծ մեղադրանքը» եւ հարձակողական բնույթի ակնարկներ հնչեցրին ֆրանսիական խորհրդարանի եւ ցանկացած այլ խորհրդարանի դեմ, որը կհամարձակվեր նման մեղադրանքներ հարուցել Թուրքիային: Նրանցից մեկը նույնիսկ այնքան առաջ գնաց, որ դիմելով ֆրանսիական խորհրդարանինՙ ամբարտավանորեն հայտարարեց. «Ինչպե՞ս եք համարձակվում մեղադրել հզոր ու փառավոր Օսմանյան կայսրությանը նման ոճրագործության մեջ»:
Մեծության եւ ինքնարդարացման մոլուցքով առլեցուն այս ներկայացման մեջ միակ այլախոհը դոկտ. Թաներ Աքչամն էր: Նախքան նրան ներկայացնելը, հաղորդավարը հեռուստադիտողներին տեղյակ պահեց, որ նա տվյալ թեմայի շուրջ մի շարք գրքերի հեղինակ է: Նշվեցին թուրքերեն հրատարակված «Թուրք ազգային ինքնությունն ու Հայկական հարցը» եւ «Հայերը եւ ցեղասպանությունը: Ստամբուլի զինվորական դատավարությունն ու թուրքական ազգային շարժումը» գրքերի անունները: Վերջինս նրա դոկտորական դիսերտացիայի թեման էր Հանովերի համալսարանում:
Երբ Աքչամի հերթը հասավ, նա իր խոսքը սկսեց հղում կատարելով այդ օրվա «Հյուրիեթում» տպագրված մի հոդվածի: Դրանում Էրթուղրուլ Օզկոք անունով լրագրողն իր համաձայնությունն էր հայտնում «Միլիեթ» թերթի իր գործընկերոջՙ Յավուզ Բայդարի այն մտքին, որ «Հյուրիեթում» մի քանի օր առաջ տպագրված լուսանկարն անվայել ու անպատշաճ է: Հայերին վիրավորելու նպատակով թերթի էջադրողները Կոմիտասի արձանի մոտ մի շուն են զետեղել, որը միզում է արձանի վրա: Ի դեպ, Բայդարն անձամբ զանգահարեցՙ ծրագրի ընթացքում արտահայտելու իր վրդովմունքն այդ առթիվ: Նա մասնավորապես ասաց. «Ես միշտ համոզված եմ եղել խիզախություն ցուցաբերելու եւ Թալեաթին ու իր ընկերներին իրենց չարագործությունների համար հանդիմանելու անհրաժեշտության մեջ: Կոմիտասն այդ ողբերգության միայն մեկ օրինակն է: Այդ մարդիկ (Թալեաթն ու իր ընկերները) մեր Պոլ Պոթերն են, մեր Բերիաներն ու Ստալինները, եւ ինչքան շուտ մենք նրանց պատասխանատվության կանչենք, այնքան լավ, այնքան մեծ կլինեն մեր հնարավորություններըՙ ձերբազատվելու ցեղասպանություն գործած լինելու մեղադրանքներից»:
Անդրադառնալով ծրագրի սկզբում ցուցադրված ֆիլմին, Աքչամը նշեց, որ այնտեղ այնքան շատ էին անճշտությունները, որ բոլորովին չպետք է ներկայացվեր հանրությանը: «Մենք մեղավոր չենք» հանկերգը, զուգորդված հայերիՙ որպես զոհերի անընդհատ հնչող մեղադրանքներին, մեծապես վնասում է մեզՙ թուրքերիս, թուրքական դատին», ասաց նա եւ ապա ձայնը բարձրացնելով շարունակեց. «Մինչեւ մենք մեզնից չհեռացնենք այդ ոճիրըՙ Ցեղասպանությունը (սոյքիրիմ) գործադրողներից, երբեք չենք կարողանալու ազատել մեզ այս ծանր բեռից»: Իր թեզը պաշտպանելու նպատակով նա մի քանի մեջբերում հիշատակեց Մուսթաֆա Քեմալիՙ 1920 թ. ապրիլի 23-ին արտասանած ճառից, որտեղ նա դատապարտում է «հայկական կոտորածները»ՙ որակելով դրանք «ամոթալի գործողություններ»:
Պատասխանելով մեղադրանքներին, թե հայ հեղափոխական խմբավորումներն անգութ վերաբերմունք են ցուցաբերել, Աքչամը հարցրեց. «Ինչո՞ւ Քոնիայի կամ Քոթահիայի նման հեռավոր վայրերում գտնվող անմեղ հայերը կոտորվեցին այդ խմբավորումների արարքների համար»: Նա քննադատեց զանգվածային վրիժառության մտայնությունը, նշելով, որ բազմաթիվ վրացիներ եւ ադրբեջանցիներ կռվել են թուրքերի կողքին Ռուսաստանի դեմ, բայց Ռուսաստանը երբեք նրանց զանգվածային կոտորածի չի ենթարկել:
Այստեղ Թուրքիայի նախկին նախագահ Օզալի այրին հեռաձայնեց հայտնելու իր վրդովմունքը: Նա ուժգին ձայնով գոռաց. «Ինչպե՞ս եք համարձակվում խոսք տալ այս մարդուն: Փակեք նրա բերանը (սուսդուրուն բու ադամը)»: Նախքան հեռանալը Աքչամը հասցրեց իր տեսակետների ամփոփումը շարադրել, ասելով, որ հայերի կոտորածները պատմական փաստ են եւ կազմակերպված էին կառավարության կողմից: «Եթե չեք կարողանում ցեղասպանություն որակել դրանք, որակեք կոտորած, բայց, միեւնույն է, դա ոճրագործություն էր ուղղված մարդկության դեմ», ասաց նա:
«Այնչնլիք» թերթի խմբագիր Հիքմեթ Չիչեքն անմիջապես արձագանքեցՙ «դավաճան» կոչելով Աքչամին, որը «հայերից ավելի հայ է» եւ գերմանացիների վարձու գործակալը: Աքչամը կտրականապես հերքեց այս մեղադրանքները, ասելով, որ ինքն անկախ է եւ ոչ ոքի գործակալը չէ: Նրա վերջին խոսքերը հետեւյալն էին. «Ներողություն խնդրեք հայերից եւ պարտավորվեք, որ սրանից հետո քաղաքական այլախոհությունն ու անհամաձայնությունը չհետապնդվեն Թուրքիայում»:
Անկարայում գտնվող արեւմտյան մի դիտորդ, որն ականատես էր եղել ներկայացմանը, գլուխը տարուբերելով ասաց. «Եվ այս մարդիկ ցանկանում են մուտք գործել Եվրամիություն»: Զղջումն, ըստ երեւույթին, դեռ շատ հեռու է: