«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2001-02-02 | #20, 2001-02-03 | #21, 2001-02-06


ԸՍՏ «ՎԱՇԻՆԳՏՈՆ ԹԱՅՄՍԻ», ԻՆՉ-ՈՐ ԺԱՄԱՆԱԿ ԱՄՆ-Ը ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան պահպանողականների թերթըՙ «Վաշինգտոն թայմսը», իր փետրվարի 5-ի խմբագրականում խորհուրդ է տալիս ԱՄՆ նախագահին, որ նա չուշացնի Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ջորջ Բուշի ջերմ աջակից ու գաղափարակից այս թերթը խիստ քննադատության է ենթարկել Քլինթոնի քաղաքականությունը ցեղասպանության հարցում, անվանելով այն անսկզբունքային տրամաբանություն:

Անցյալ տարի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օրինագիծը վիժեցնելու իր արշավով Քլինթոնի վարչակազմը օգնեց, որ պրագմատիզմը պատժի իր սկզբունքայնությանը: Ի հիասթափություն Ամերիկայի, ճանաչելով ցեղասպանությունը, Ֆրանսիան ստանձնեց բարոյական առաջնորդի դերը, ինչին չկարողացան հասնել ԱՄՆ Կոնգրեսն ու Սպիտակ տունը, գրում է թերթը:

Դժբախտաբար, ամերիկյան քաղաքական գործիչները անցյալ տարի խարխլեցին Ամերիկայի վարկըՙ տեղի տալով Թուրքիայի ճնշումներին: Ցեղասպանության դեմ արշավ վարելու Քլինթոնի փաստարկները սահմռկեցուցիչ են, եթե նկատի ունենանք, թե ինչ դաժանությունների հետ է կապված այս հարցը: Ամերիկան արժանի է ունենալու այնպիսի նախագահ, որը բարոյական մանդատը կարճատեւ տնտեսական նկատառումներից ավելի բարձր կդասի, նշում է «Վաշինգտոն թայմսը»:

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Ամերիկայի հանրապետական պահպանողականների թերթը համոզված է, որ ինչ-որ մի ժամանակ ԱՄՆ- ը ստիպված պիտի լինի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Եվրոպական խորհրդարանը, Իտալիան, Բելգիան, Արգենտինան եւ այժմ էլ Ֆրանսիան արդեն արել են դա: Ութ տասնամյակ հետո ցեղասպանության ճանաչումը ուշացնելը կառուցողական չէ, եզրակացնում է թերթը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4