Մ. Խաթամի. Հայաստանը կամուրջ է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ
ԹԵՀՐԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐ, ՍՆԱՐՔ: Պաշտոնական Թեհրանը հերթական անգամ հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդ հանդես գալու իր պատրաստակամության մասին: «Մենք պատրաստ ենք որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում», հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամադ Խաթամինՙ այս օրերին աշխատանքային այցով Իրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ընթացքում:
Ինչպես հաղորդում է «IRNA»-ն, ԻԻՀ ղեկավարը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հունվարի վերջին Փարիզում կայացած երկկողմ բանակցությունների հերթական փուլը: «Մենք հուսով ենք, որ բարի կամքի դեպքում Հայաստանը եւ Ադրբեջանը կլուծեն Լեռնային Ղարաբաղի առնչությամբ իրենց 13-ամյա հակամարտությունը եւ խաղաղություն կհաստատեն», հայտարարել է նախագահ Խաթամին: Նա նաեւ Հարավային Կովկասի պետություններին կոչ է արել զարգացնել համագործակցությունըՙ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման նպատակով:
Հայաստանը կամուրջ է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, իսկ տրանսպորտի, էներգետիկայի եւ գազի ոլորտներում Հայաստանի հետ Իրանի համագործակցությունը խոշոր նշանակություն ունի ինչպես երկու պետությունների, այնպես էլ տարածաշրջանի համար: Իրան-Հայաստան գազամուղի շահագործումով նոր փուլ կբացվի հայ-իրանական հարաբերություններում: Գազամուղը նաեւ «տարածաշրջանում կայունության գործոն» կդառնա, նշել է Իրանի նախագահը:
Իր հերթին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, ընդգծելով Իրանի կարեւոր դերը տարածաշրջանում, նշել է, որ Թեհրանի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանային կայունության պահպանմանը: Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը կդառնա խաղաղության եւ անվտանգության գիծ, հուսով է Վարդան Օսկանյանը: Նա իրանական կողմին կոչ է արել խորացնել երկկողմ տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի նախագահի եւ ժողովրդի անունից ԻԻՀ նախագահին եւ ողջ իրանական ժողովրդին շնորհավորել է Իրանի իսլամական հեղափոխության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման թեման քննարկվել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի եւ Իրանի իր գործընկեր Քամալ Խարազիի հանդիպման ժամանակ: Իրանի ԱԳՆ ղեկավարը փոխզիջումների հիման վրա հակամարտության շուտափույթ կարգավորման հույս է հայտնել: