Ուրբաթՙ փետրվարի 2-ին «Հայկական ավիաուղիների» Աթենք-Երեւան չվերթը չի կայացել, քանզի Թուրքիան արգելել է հայկական ինքնաթիռին հատել օդային իր տարածքը: Հավանաբար Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ի պատասխան հակաքայլերի շարքը համալրող այս արգելքի պատճառով ուղեւորներն Աթենքից Երեւան են հասել միայն շաբաթ օրըՙ Բեյրութ-Երեւան չվերթով: Վերջին ինքնաթիռը Երեւանից Վրաստանի, Բուլղարիայի օդային տարածքով մեկնել է Աթենք, վերցրել չկայացած չվերթի ուղեւորներին, որոնք փաստորեն մի լրացուցիչ ուղեւորություն են կատարել Բեյրութ եւ հետո միայն ժամանել Երեւան:
«Հայկական ավիաուղիների» գրասենյակում առայժմ սոսկ հաստատեցին այս լուրըՙ խոստանալով նաեւ մանրամասն տեղեկատվությունՙ արգելքի պատճառաբանության, չվերթի հետագա ճակատագրի վերաբերյալ:
Ըստ Նոյյան տապանիՙ թուրքական կողմը փետրվարի 5-ին հայտնել է, որ փետրվարի 6-ից չի արգելելու ՀԱՈՒ-ի թռիչքները իր տարածքով: