ՍՏԱՄԲՈՒԼ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է, որ կանխել է Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսության շենքի պայթեցումը: «Անատոլու» գործակալության հաղորդմամբ, անցած գիշեր հյուպատոսության անվտանգությունն ապահովող պահակախումբը վնասազերծել է ատրճանակ ու ձեռքի 3 նռնակ ունեցող ահաբեկչին: Նրան հարցաքննում է ծայրահեղական մահմեդական խմբավորումների գործերն ուսումնասիրող ոստիկանության բաժանմունքը: Հարցաքննության մանրամասները հայտնի չեն, մինչդեռ ըստ «Անատոլու»-ի, միջադեպը կապված է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ:
Ստամբուլի դատախազության խոսնակն ասել է, թե այդ մարդն ասել է, որ ինքը հարբած էր ու շատ զայրացել էր, երբ հեռուստատեսությամբ լսել էր, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ըստ խոսնակի, ձերբակալվածին ներկայացվել է չգրանցված զենք կրելու եւ այդ զենքից օգտվելու մեղադրանք: