ԲԱՔՈՒ, 5 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի Միլի մեջլիսում ընդդիմությունը փորձում էր ավելի խիստ հայտարարություն հաստատել Ֆրանսիայի դեմ Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբՙ մասնավորապես կոչ անելով տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ ու հեռացնել Ֆրանսիային համանախագահությունից: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, այս առնչությամբ Ալիեւն ասել է. «Որոշ մարդիկ փորձում են օգտագործել Ֆրանսիայի որոշումը սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով: Եթե մենք փորձենք պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ, ինչպես դա պնդում են մեր դիլետանտները, ապա դրանից կտուժի միայն Ադրբեջանը, քանի որ շուրջ 289 մլն. դոլար արժողությամբ ֆրանս-ադրբեջանական տարեկան առեւտրից 222 մլն.-ը արտահանումն է Ադրբեջանից Ֆրանսիա, եւ առեւտրական կապի խզումը 222 մլն. դոլարի վնաս կհասցնի Ադրբեջանին»: Ալիեւի կարծիքով, խորհրդարանի օրենքը չի նշանակում, թե Ֆրանսիան անաչառ չի լինի ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ալիեւը նշել է, թե 1998 թ. Ֆրանսիայի նախագահ Շիրակը կարողացել էր ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին համոզել, որ վերջինս ընդունի ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը, ինչն, ըստ Ալիեւի, նպաստավոր էր Ադրբեջանի համար: «Ժակ Շիրակն ավելի մեծ ներդրում ունի Ղարաբաղի հարցի կարգավորման գործում, քան մյուս ղեկավարները», ասել է Ալիեւը: Նրա համոզմամբ, Շիրակը ցանկանում է գտնել հակամարտության արդար լուծումը:
Ըստ «Թուրան» գործակալության, Ալիեւի այս հայտարարությունները միաժամանակ ուղղված են Ադրբեջանի ընդդիմությանը եւ պատասխանում են Թուրքիայի ԱԳ նախարար Ջեմի այն մեկնաբանությանը, թե Ֆրանսիան պետք է հրաժարվի եռանախագահությունից: Ադրբեջանցի փորձագետները կանխատեսում են ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վատթարացում: Ըստ ադրբեջանական ընդդիմության, պետք է եռանախագահություն բերել Գերմանիային, որը անաչառ կլինի: Միլի մեջլիսի պատգամավոր եւ Ժողճակատի անդամ Ասիմ Մոլլազադեն հայտնել է, թե պատրաստվում է Գերմանիայի եռանախագահության հարցը ներկայացնել Միլի մեջլիսի քննարկմանը: Եթե ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում հայերն ուժեղ համայնք ու լոբբիստական կազմակերպություններ ունեն, ապա Գերմանիայում հայկական համայնքի ազդեցությունը թույլ է, եւ դրանից զատ Գերմանիան նավթային շահեր չունի Ադրբեջանում: Ըստ Մոլլազադեի, այս երկու հանգամանքները Գերմանիան դարձնում են ԵԱՀԿ նախագահության անփոխարինելի թեկնածու: