«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2001-02-02 | #20, 2001-02-03 | #21, 2001-02-06


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ

ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Կիմ Բալայանի նախաձեռնությամբ դիմում է հղվում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին հետեւյալ բովանդակությամբ. «ԼՂՀ-ում շարունակվող «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրեական գործի դատաքննությունը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: ԶԼՄ-ների հակասական լրատվությունից ընդհանուր առմամբ երեւում է, որ դատաքննությամբ որոշակի տվյալներ են ձեռք բերվել, որոնք խիստ կասկածի տակ են դնում 2000 թ. մարտի 22-ին ԼՂՀ նախագահի դեմ ահաբեկչությանը Սամվել Բաբայանի մասնակցությունը: Մեզ համար մարդկայնորեն հասկանալի է Ձեր վիճակն առաջին հերթին որպես նույն գործով տուժող կողմ, սակայն, դիմելով Ձեզ, ցանկանում ենք հավատալ Ձեր բարձր առաքելությանը եւ վստահություն հայտնել, որ որպես ԼՂՀ նախագահ եւ օրինականության երաշխավորՙ կստեղծեք անհրաժեշտ պայմաններ գործով օբյեկտիվ, արդարացի դատավճիռ կայացնելու համար:

Նկատի ունենալով մեր տարածաշրջանի ներկայիս ռազմաքաղաքական անորոշ վիճակը (ոչ պատերազմ, ոչ խաղաղություն), բոլոր հատվածների միակամ հանդես գալու եւ կայունություն հաստատելու անհրաժեշտությունը, հուսով ենք, որ Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի անձը չի դառնա քաղաքական եւ անձնական շահարկումների առիթ եւ նրա նկատմամբ կցուցաբերվի օրինական ու արդարացի վերաբերմունք»:

Դիմումը ստորագրել են 50-ից ավելի պատգամավորներ, սակայն, Կիմ Բալայանի հավաստմամբ, ստորագրությունների թվաքանակի խնդիր դրված չէ: Ակնկալիքների մասին, սակայն Բալայանը խուսափեց խոսել:

Գ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4