Անցյալ հինգշաբթի օրվա մեր համարում, վկայակոչելով Լոնդոնում մեր ընթերցողներից մեկին, տեղեկացրել էինք, որ հանրապետության նախագահը դեկտեմբերին Շառլ Ազնավուրի համերգին մասնակցելու առիթով Փարիզում եղած ժամանակ հանդիպել էր Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի հետ եւ առանձնազրույց ունեցել, որի ընթացքում նրան առաջարկել էր վերստանձնել նախկին պաշտոնը: Երեկ նախագահի մամլո գրասենյակից «Ազգին» տեղեկացրին, թե մեր այս տեղեկատվության առաջին մասը լրիվ համապատասխանում է իրականությանը, եւ թե ՀՀ նախագահը շատ օգտակար եւ հաճելի զրույց է ունեցել նախկին դեսպանի հետ: Սակայն, ավելացրին նույն գրասենյակից, այդ զրույցի ընթացքում ընդհանրապես չի շոշափվել Ա. Սարգսյանի նախկին պաշտոնը վերստանձնելու հետ կապված որեւէ հարց: