«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2001-02-02 | #20, 2001-02-03 | #21, 2001-02-06


ԱԺՄ-Ն ՔԱՅՔԱՅՎՈՒՄ Է ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ՔՈՂԻ ՏԱԿ

<20012101.jpg>

Ի՞նչ է լինելու համանուն խմբակցության ճակատագիրը

ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկը քաղաքական գործընթացների նոր ոլորաններում գրեթե չնկատվեց, թեեւ հասկանալի է, որ դրանք հայելու նման արտացոլվելու են հենց խորհրդարանի պատկերի վրա: Արդեն բավականին ձգվող տարաձայնությունները, որոնք առաջացել էին ԱԺՄ կուսակցության իշխանամետ եւ ընդդիմադիր թեւերի միջեւ, հասան իրենց հանգուցալուծմանը: ԱԺՄ-ն փաստացի պառակտվեց: Հայտարարվեց, որ կուսակցության վարչությունն այլեւս գոյություն չունի, իսկ հեղինակավոր գործիչներ Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը դուրս եկան ԱԺՄ շարքերից: Միաժամանակ սակայն հայտարարվեց, որ կուսակցությունից դուրս եկած անդամները ձեւավորելու են նոր քաղաքական ուժ, որը, ի դեպ, ինչպես Շ. Քոչարյանն է հավաստում, կոչվելու է Ազգային ժողովրդական կուսակցություն, եւ ներկայումս ընթանում են կանոնադրության, ծրագրի, հիմնադիր հանձնաժողովի ձեւավորման աշխատանքները: Չնայած դրան, ԱԺՄ- ն փորձում է ձեւավորել նոր վարչություն, իսկ կուսակցության ղեկավարը, չնայած վարչությունից դուրս գալուն, շարունակում է մնալ Վազգեն Մանուկյանը: Նախկին բավականին ազդեցիկ քաղաքական այդ կազմակերպության քայքայումը, սակայն, ոչ մի կերպ ընդունել չի ուզում ԱԺՄ անդամ, ԱԺ պատգամավոր Ֆիլարետ Բերիկյանը. «Դեռեւս նոր կուսակցություն չի ձեւավորվել, ոչ ոք կուսակցությունից չի հեռացել, խմբակցության վեց անդամներն էլ կուսակցության անդամ են, ուղղակի մի խումբը, ովքեր վարչության անդամ չեն ընտրվել, այսինքնՙ ընդունեցին, որ իրենց գիծը պարտվել է, հայտարարեցին, որ ձեւավորելու են նոր կուսակցություն»: «Պարտվողները» սակայն ծայրահեղորեն այլ կարծիքի են: Արշակ Սադոյան. «ԱԺՄ-ն իր նոր վարչությունը չի ձեւավորել: Քվեարկությամբ ընդունվեց վարչության 21- 25 անդամ ունենալու առաջարկը: Առ այսօր նվազագույն 21-ից ընտրվել է ընդամենը 7 վարչության անդամ: ԱԺՄ-ն ունի նախագահ, ունի խորհուրդ, սակայն փաստորեն չունի վարչություն: Կամ ԱԺՄ-ն, հստակեցնելով մոտեցումները, նոր համագումար է կազմակերպելու եւ վարչություն է ստեղծելու, կամ պառակտվելու է»:

Եվ չնայած փոխադարձ չկայացման շուրջ բերվող փաստարկներին, երկու թեւերն էլ ընդունում են, որ այդ քայլը անհրաժեշտ էր հենց թեկուզ ներքին մաքրման համար: Սակայն արդյոք դա հետապնդո՞ւմ է հիշյալ նպատակը, «Ազգը» փորձեց պարզել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանից. «Դա ցավագին գործընթաց է եւ քանի դեռ չի ավարտվել, ցանկացած գնահատական կարող է ազդել պրոցեսի վրա: Բայց ես գտնում եմ, որ եթե մարդիկ տարբեր կերպ են մտածում եւ չեն կարողանում ընդհանուր եզրեր գտնել, պետք է ճշտեն իրենց փոխհարաբերակցությունը: Դա շատ ավելի ազնիվ է, քան մեկ հարկի տակ գաղափարական տարաձայնություններ ունենալը: Տարօրինակ է, որ պառակտումը տեղի է ունենում ոչ թե գաղափարական հողի վրա, այլ անձնավորված է»: Իսկ նման խնդիր ԱԺՄ- ն իսկապես ուներ, օրինակ, կուսակցության շատ անդամներ պարզապես չէին հաշտվում Արշակ Սադոյանի հախուռն դրսեւորումների եւ կուսակցության կամ խմբակցության անունից արվող ինքնակամ, չհամաձայնեցված հայտարարությունների հետ:

Ինչեւէ, վերջապես փորձ է արվում լուծում տալ գորդյան հանգույց հիշեցնող խնդրինՙ լինե՞լ իշխանամետ, թե՞ դիրքավորվել ընդդիմության անորոշ խրամատներում: Ամեն դեպքում կուսակցությունը հասարակության շրջանակներում հետեւողականորեն շարունակում է կորցնել իր հեղինակությունը եւ նոր խորհրդարանական ընտրություններին մոտենում է արյունաքամվելով: Պարզապես ծիծաղելի է թվում ինքնամաքրման պատրվակը: Եթե կուսակցությունը չլքեին առաջին կամ առնվազն երկրորդ, երրորդ հեղինակությունները, գուցե բերվող փաստարկը տրամաբանական լիներ, առավել եւս, երբ հասարակության մեջ այս ուժը առավելապես հանդես էր գալիս անձնավորված: Մյուս կողմից սա թերեւս առաջին քայլը կարող է լինել այլ կուսակցությունների համարՙ վերջապես թողնելու երկակի քաղաքական կեցվածքները եւ հստակ որոշելու աջ թե ձախ գաղափարներն են դավանելու եւ ըստ այդմՙ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ են լինելու:

ԱԺՄ-ի հետ կապված հիմնահարցը սակայն աներկբայորեն չի շրջանցելու խորհրդարանը, որտեղ որպես ամենափոքր խմբակցություն հենց այս կուսակցությունն է հանդես գալիս: Ըստ էության խմբակցության 2 անդամներ այլեւս ԱԺՄ անդամ չեն, սակայն Սահմանադրության համաձայն, կարող են վայր չդնել պատգամավորական մանդատները: Սակայն ի՞նչ է սպասում պառակտված խմբակցությանը: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանին (որն, ի դեպ, նաեւ ԱԺ նոր կանոնակարգի համահեղինակն է) «Ազգի» ուղղած հարցին հետեւյալ պատասխանը հնչեց. «Մնացողներից եթե անգամ մեկն էլ եղավ, խմբակցությունը գոյություն է ունենալու: Ցանկացողները, եթե ուզում են դուրս գալ կուսակցությունից եւ խմբակցությունից, կարող են պատգամավորական խումբ ստեղծել կամ մտնել որեւէ խմբի մեջ, բայց ոչ խմբակցության, որը ձեւավորվում է միայն ընտրություններին հինգ տոկոսի արգելքը հաղթահարելու շնորհիվ»:

Պետք է եզրակացնել, որ շուտով խորհրդարանում կավելանա անկախ պատգամավորների թիվը, շնորհիվ «նախկին» ԱԺՄ-ականներին, որոնք չկարողանալով կազմել անհրաժեշտ տասներկու հոգին, նոր խումբ չեն ստեղծի: Ամենայն հավանականությամբ չեն մտնի նաեւ գոյություն ունեցող եւ ոչ մի խմբի մեջ եւ կբավարարվեն միայն անկախ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով: Եթե իսկապես այսպես շարունակվի, ապա հեռու չէ այն օրը, երբ խորհրդարանական աթոռներին նստած կլինեն շատ ավելի անկախ պատգամավորներ, քան խմբերն ու խմբակցությունները միասին:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4