«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2001-02-02 | #20, 2001-02-03 | #21, 2001-02-06


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

ՍԴ-ն որեւէ սուբյեկտիվ ներազդեցության տակ չի եղել եւ չի լինելու

Փետրվարի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ մամուլի ծառայության առաջարկությամբ կազմակերպել էր հանդիպում լրագրողների եւ լրատվության միջոցների հետՙ որոշ չափով ներկայացնելու իրենց հնգամյա աշխատանքները:

1996 թ.-ի փետրվարի 6-ին հիմնադրվել է ՀՀ ՍԴ-ն: Այսօր լրանում է դատարանի հիմնադրման 5-րդ տարելիցը:

Պրն Հարությունյանը հենց հանդիպման սկզբում տեղեկացրեց, որ հատուկ լրագրողների համար նյութ է պատրաստել, որտեղ փորձել է ամփոփել սահմանադրական արդարադատության ներկա իրավիճակը եւ հեռանկարների վերաբերյալ իրենց մոտեցումները, ի մասնավորիՙ ՍԴ-ի գործունեության մասին: Նա նշեց, որ նյութի առաջին մասում ներկայացված է, թե ինչ է սահմանադրական արդարադատություն. «Շատ հաճախ սահմանադրական վերահսկողությունը շփոթում են սահմանադրական արդարադատության հետ, վերահսկողության համակարգըՙ դատական սահմանադրական վերահսկողության համակարգի հետ»:

Ըստ պրն Հարությունյանի, սահմանադրական վերահսկողությունը ցանկացած երկրում անհրաժեշտություն էՙ սահմանադրության գերակայությունը երաշխավորելու համար: «Սահմանադրական վերահսկողությունն այն միջոցն ու հնարավորությունն է, որն ապահովում է հասարակության կայունությունը, զարգացման հաջորդականությունն ու հարընթաց բնույթը»:

ՀՀ ՍԴ-ն այս տարիների ընթացքում քննության է առել ավելի քան 280 գործ, ընդունել է նաեւ շուրջ 400 աշխատակարգային որոշում, հակասահմանադրական են ճանաչել միջազգային 5 պայմանագրում ամրագրված պարտավորություններ, որոնք հիմնականում առնչվել են մարդու իրավունքների հիմնահարցերին: Հակասահմանադրական է ճանաչվել նաեւ ՀՀ ութ օրենքների 16 դրույթ: Քննության է առնվել քսանից ավելի ընտրական վեճ, որտեղ, որպես բարդագույն գործ, ՍԴ նախագահը հիշատակեց 96 թ.-ի նախագահական ընտրությունների հետ կապված գործը, որը «բավականին ծանր էր, հատկապես եթե նկատի ունենանք, որ մեր ՍԴ-ն ընտրական վեճերի լուծման քիչ փորձ ունի»:

ՍԴ հնգամյա գործունեությունը վկայում է, որ Հայաստանում Սահմանադրական դատարանը, որպես ինքնուրույն համակարգ, իսկապես կայացել է, միջազգային պրակտիկայում ճանաչվել որպես ակտիվ գործող ՍԴ-ներից մեկը:

Ըստ Հարությունյանի, յուրաքանչյուր դատական մարմին պետք է լինի անկախ, որը կարող է գոյություն ունենալ, եթե ապահովված են անկախության 4 հիմնական երաշխիքները (գործառնական, կառուցակարգային, սոցիալական եւ նյութական):

Լրագրողների հարցին, թե ՍԴ-ն երբեւէ ճնշումների ենթարկվե՞լ է, ՍԴ նախագահը պատասխանեց. «Սահմանադրական դատարանը որեւէ սուբյեկտիվ ներազդեցության տակ չի եղել եւ չի էլ լինելու»:

Պրն Հարությունյանի կարծիքով աննորմալ երեւույթ է, որ այսօր քաղաքացին եւ ՍԴ-ն որեւէ առնչություն չունեն, եւ Սահմանադրության բարեփոխումների շրջանակներում իրենք առաջարկել են ՀՀ Սահմանադրության 100 եւ 102 հոդվածների նոր խմբագրություն, որը մեր երկրում կերաշխավորի սահմանադրական արդարադատության առավել արդյունավետ համակարգի կայացում:

ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4