Արյունալի միջադեպերը սրում են ներքաղաքական լարվածությունը
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը որպես առաջնահերթ խնդիր վերջին ամիսներին շարունակ զբաղեցրել է պաշտոնական Անկարայի օրակարգը: Քանի որ մեծ է ճանաչման գործընթացի ծավալման հավանականությունը, ուստի միանգամայն տրամաբանական է ենթադրել, որ այդ խնդիրն առաջիկա ամիսներին նույնպես կմնա օրակարգում:
Այս ամենով հանդերձ հարկ է նշել, որ Անկարայի օրակարգը ցեղասպանության հարցով չի սպառվում: Երբ Թուրքիայի քաղաքական շրջանակները հարցի չեզոքացման որոնումների մեջ ապարդյուն փորձեր են ձեռնարկում, երկրում կատարվում են արյունալից միջադեպեր: Դրանցից առաջինն անցյալ շաբաթ պատահել էր Դիարբեքիրում, քաղաքի ոստիկանության պետ Գաֆֆար Օքքանի եւ հինգ ոստիկանի սպանությամբ, որոնցից չորսը պետի թիկնապահներն էին: Իսկ երկրորդը, որի ընթացքում մահացավ Թուրքիայի Ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի պատգամավորը, կատարվեց հունվարի 30-ին, հենց այն օրը, երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրինագիծը Ֆրանսիայում օրենքի ուժ էր ստացել:
Այս երկու միջադեպերի միջեւ, ինչ խոսք, ուղղակի կապ հաստատելու որեւէ հիմք չկա: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դիարբեքիրը քրդաբնակ քաղաք է, ըստ քրդական շրջանակների նաեւ թուրքական Քրդստանի մայրաքաղաքը, իսկ պատգամավոր Մեհմեդ Ֆեւզի Շհանլըօղլուն, որ Մեջլիսում ծեծի ենթարկվելով մահացավ, ներկայացնում է քրդական շհանլը աշիրաթը, ակնհայտ կդառնա վերոհիշյալ միջադեպերի անուղղակի կապը: Դրանց միմյանց կապող մեկ այլ հանգամանքն էլ Շհանլըօղլուին ծեծի ենթարկող Ջահիթ Թեքելիօղլուի եւ Մեհմեդ Քունդաքչիի կուսակցական պատկանելությունն է: Նրանք երկուսն էլ «Գորշ գայլեր» քաղաքական կազմակերպությանՙ «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցությունից են: Սա այն կուսակցությունն է, որը սերտորեն համագործակցելով թուրքական պետության գաղտնի ծառայությունների հետ, իր ակտիվ մասնակցությունն է բերել PKK-ի դեմ ծավալվող կռիվներին: Ավելին, երկրի քրդական հարավ-արեւելյան շրջաններում հեղինակություն վայելող հարյուրավոր մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների սպանությունը, որոնք առ այսօր բացահայտված չեն, այդ կուսակցության գրոհայիններն են կազմակերպել: Այլ կերպՙ Թուրքիայի քուրդ բնակչությունն արդեն խիստ բացասական վերաբերմունք ուներ «Ազգայնական շարժում» կուսակցության նկատմամբ: Պատգամավորի սպանությունը դա ավելի քան բացասական դարձրեց:
Վերոհիշյալ միջադեպերը թեեւ ի զորու չեղան Անկարայի օրակարգից հանելու Հայոց ցեղասպանության հարցը, բայց եւ այնպես, առաջ բերելով թուրք հասարակության հակազդեցությունը, զգալիորեն ուշադրությունը շեղեցին հարցից: Դրան, թերեւս, իրենց հակասական հայտարարություններով նպաստեցին թուրքական իշխանությունները: Դիարբեքիրում ոստիկանապետ Օքքանի սպանությունից հազիվ կես ժամ էր անցել, երբ ահաբեկչության մեջ պաշտոնական հայտարարությամբ մեղադրվեց «Հիզբուլլահը», որ թուրք իսլամական ահաբեկչական կազմակերպություն է: Միաժամանակ նշվեց սպանության համար «կալաշնիկովների» գործադրման փաստը: Մինչդեռ «կալաշնիկովն» իբրեւ զենք PKK-ն է օգտագործել, իսկ «Հիզբուլլահը»ՙ որպես կանոն, ահաբեկչական իր գործունեությունը ծավալում է Իսրայելի արտադրանք «Իզու» մակնիշի ավտոմատներով:
Հարցը, սակայն ավտոմատը չէր, այլ իսլամական «Առաքինություն» կուսակցության նախագահ Ռեջաի Քութանի տարակուսանքը: Նա դիմելով իշխանություններին, ասաց. «Ահաբեկչությանը «Հիզբուլլահի» մասնակցությունը չի բացառվում, բայց դուք այդ մասնակցությունը հաստատող փաստեր ունե՞ք: Ո՚չ, առանց փաստի ի՞նչ իրավունքով սպանությունների պատասխանատվությունը բարդում եք «Հիզբուլլահի» վրա: Չէ՞ որ այդ շրջաններում բացի «Հիզբուլլահից» գործում են PKK- ն, նարկոմաֆիան, հատկապես MOSSAD-ն ու CIA-ն»: Քութանի հայտարարությունը, ինչպես նաեւ փաստերի բացակայությունը իշխանություններին ստիպեց տեղի տալ:
Երբ թուրքական մամուլում ծավալվում էին աշխույժ քննարկումներ Օքքանի եւ նրա ընկերների սպանությանը PKK-ի մասնակցության հավանականության շուրջ, Մեջլիսում կանոնակարգային փոփոխություններին նվիրված հունվարի 30-ի նիստում ծեծկռտուքից մահանում է «Ճշմարիտ ուղի» կուսակցության պատգամավոր Շհանլըօղլուն: Եթե Դիարբեքիրի ոստիկանապետի եւ նրա ընկերների սպանությունը սրում էր երկրի ներքաղաքական լարվածությունը, ապա պատգամավորի մահն աննախադեպ սրեց իշխանություն-ընդդիմություն պայքարը: Փոխադարձ մեղադրանքների պայմաններում անհասկանալի դարձավՙ պատգամավորը սպանվե՞ց, թե՞ դժբախտ պատահարին զոհ գնաց:
Մեղադրանքները պատահական չեն, հատկապես երբ Մեջլիսը տվյալ նիստում թույլ էր տրվել կանոնակարգի կոպիտ խախտում: Շիկացած մթնոլորտում նախագահող Հալիլ Ըլըքսոյը երկու անգամ նիստն ընդհատել է: Ըստ կանոնակարգի, երրորդ ընդհատման դեպքում նիստի աշխատանքներն առհասարակ դադարեցվում են: Սակայն, հակառակ դրան, ինչպես նաեւ ընդդիմության նախազգուշացումներին, Ըլըքսոյը նույնիսկ չորս ընդհատումից հետո է համառում նիստը շարունակել: Ելույթի համար ամբիոնին մոտեցած Շհանլըօղլուի վրա են հարձակվում «Ազգայնական շարժում» եւ «Ձախ ժողովրդավարական» կուսակցությունների պատգամավորներ, որոնցից Թեքելիօղլուն ու Քունդակչըն սկսում են բռունցքով հարվածել: Շհանլըօղլուն փռվում է գետնին, ոտքի հարվածների տակ սրտի նոպա է ստանում, ապա վրա է հասնում մահը: Նրան հիվանդանոց են տեղափոխում արդեն մահացած:
Վարչապետ Էջեւիթը, որ ներկա էր Մեջլիսի նիստին, ականատես լինելով պատգամավորի մահվանը, ընկնում է շոկի մեջ: Թիկնապահները միջադեպի անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար նրան անմիջապես դուրս են բերում նիստերի դահլիճից: Թանսու Չիլլերը չի կարողանում իր արցունքները զսպել: Այդ ընթացքում նրա խմբակցության անդամները վանկարկելով մարդասպաններ, շարժվում են «Ազգայնական շարժում» խմբակցության վրա: Ըլըքսոյը վերջապես ընդհատում է Մեջլիսի այդ օրվա նիստը:
Գույժը հասնում է պատգամավորի ծննդավայրըՙ Ուրֆա վիլայեթի գավառներից Վիրանշեհիր, որը 20 հազար բնակչություն ունի եւ բացառապես բնակեցված է շհանլը աշիրաթով: Գավառում 40 օր սուգ է հայտարարվում: Աշիրաթի ավագանին պատգամավորի արյան վրեժի լուծման երդում է տալիս: 15 ավտոբուս Ուրֆայից շարժվում է Անկարա: Թեեւ Չիլլերի միջամտությամբ հնարավոր է լինում ետ դարձնել ավտոբուսները, այնուամենայնիվ, պատգամավորի մահվան պատճառ դարձած Թեքելիօղլուն ու Քունդակչըն շտապ լքում են Անկարանՙ վախենալով վրեժխնդրությունից: Հունվարի 31-ին Վիրանշեհրում «Ազգայնական շարժում» կուսակցության դեմ կազմակերպվում են ելույթներ: Այդ ընթացքում Թանսու Չիլլերը Մեջլիսի այգում մամուլի ասուլիս է հրավիրում, որը թուրքական թերթերի դիպուկ արտահայտությամբ միտինգ էր հիշեցնում: Ասուլիսում նա մեղադրում է վարչապետ Էջեւիթին, լուսավորության նախարար Մեթին Բոսթանջըօղլուին, նիստը նախագահող Մեջլիսի փոխխոսնակ Ըլըքսոյին, պահանջում է նրանց հրաժարականը:
Պարզվում էՙ ծեծկռտուքի պայմաններում երրորդ ընդհատումից հետո Ըլըքսոյը փորձել է փակել նիստը: Բայց նախարար Բոսթանջըօղլուն շարունակելու պահանջով, Էջեւիթի իրազեկությամբ գրություն է հղել նրան, այսինքնՙ չունենալով իրավասություն, նախարարը փաստորեն հրահանգել է նախագահողին: «Թյուրքիեն» ապրիլի 1-ի համարում այս ամենին անդրադարձավ «Անկարան շոկի մեջ», իսկ «Աքշամը»ՙ «Վրեժխնդրության մտավախություն» խորագրերով: Նույն օրը Մեջլիսում կազմակերպվեց սգո արարողություն, որին վարչապետ Էջեւիթի, փոխվարչապետ Յըլմազի, Չիլլերի, Քութանի, ինչպես նաեւ Սուլեյման Դեմիրելի հետ մասնակցեցին պատգամավորներ, հասարակական-քաղաքական հազարավոր գործիչներ: Պարզապես «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ, փոխվարչապետ Բահչելին էր բացակայում: Նրա բացակայությունը հեռուստատեսությամբ պատճառաբանվեց սադրանքներից խուսափելու անհրաժեշտությամբ: «Ենի շաֆաքն» իր հերթին պատգամավորի մահը բնութագրելով սպանություն, նշեց, որ սգո արարողությունը խիստ լարված մթնոլորտում է անցել: Ըստ երեւույթին, Վիրանշեհրում կատարված հուղարկավորության մթնոլորտն ավելի քան լարված է եղել, որ դրան միայն ընդդիմության ղեկավարներ Չիլլերն ու Քութանն են մասնակցել: Այդ ընթացքում «Ազգայնական շարժում» կուսակցության նկատմամբ զայրույթը հասել էր գագաթնակետին:
Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիան ոչ միայն Հայոց ցեղասպանության բանաձեւերով է ցնցվում, այլեւ արյունալի միջադեպերով, որոնք կատաղի բնույթ հաղորդելով իշխանություն-ընդդիմություն պայքարին, միաժամանակ սրում են երկրի ներքաղաքական կյանքը: Դեռ ավելին, այդ միջադեպերով նախադրյալներ են ստեղծվում, որպեսզի քրդական հարցը էլ ավելի սրվի: Այն տարբերությամբ, որ, եթե մինչ այդ թուրքական իշխանություններին PKK-ն էր դիմակայում, ապա արդեն շհանլըօղլու աշիրաթն է պատրաստվում դիմակայել: Եթե նույնիսկ նրա ելույթներին այլ աշիրաթներ չարձագանքեն եւ Թուրքիայում ծավալվող քրդական շարժման նախաձեռնությունը PKK-ից չանցնի նրանց, միեւնույն է, վերջիններս անպայման կվերանայեն առ այսօր իրենց որդեգրած իշխանամետ դիրքորոշումը պետական իշխանությունների նկատմամբ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ