Հարթ դաշտավայրերով, կանաչապատ բարձրավանդակներով եւ գեղեցիկ լճերով հարուստ Շոտլանդիան մեր երկրում ներկայացնում են 4 շոտլանդացիներ, որոնք միջազգային զարգացման վարչության շրջանակներում, որպես խորհրդատու, աշխատում են մեր հանրապետության տարբեր շրջաններում: Մեկըՙ Սիսիանում, ագրոէկոնոմիկայի ոլորտում, մյուսըՙ Վանաձորում, տարածքային կառավարման ոլորտում, երրորդըՙ Երեւանի Կենտրոնական բանկում, իսկ մեր այսօրվա զրուցակից Արթուր Դանլոփըՙ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում որպես մաքսային եւ անուղղակի հարկման խորհրդատու: Նրան հանդիպեցինք իր գրասենյակում:
- Այս տարվա հունվարի 27-ին երրորդ անգամ դուք կազմակերպեցիք Ռոբերտ Բըրնսին նվիրված բարեգործական ընթրիք: Ինչպե՞ս սկսվեց այդ բոլորը:
- 1998-ի կեսերին անգլիական կառավարությունից առաջարկ ստացա աշխատելու Հայաստանումՙ որպես խորհրդատու: Այդ ժամանակ Էստոնիայում էի աշխատում եւ Հայաստանի մասին ինտերնետային բավական աննպաստ տեղեկությունների հիման վրա իմ առաջին պատասխանը եղավՙ ոչ: Սակայն ի վերջո կառավարությունը կարողացավ համոզել ինձ: Գալուց հետո ավելի բարվոք վիճակում գտա Հայաստանը, քան պատկերացնում էի: Այսօր առավել եւս բարելավվել է վիճակը: Շոտլանդիայի ազգային մեծ գուսանի տարեդարձի օրը նշելու առիթով կապ հաստատեցի Մեծ Բրիտանիայի եւ Մ. Նահանգների դեսպանատների հետ պարզելու, թե միջոցառման ընթացքում հանգանակած գումարը որտեղ կարող ենք ներդնել: Առաջինը նշեց հաշմանդամների «Փյունիկ» մարզական ակումբը, երկրորդըՙ Գյումրու մանկատունը, որը ղեկավարում է քույր Արուսյակը: Քանի որ ի տարբերություն անցյալում կատարված այլ դրամահավաքների, այս մեկն ուներ կոնկրետ հասցեատեր, մենք կարողացանք առաջին տարում հավաքել 4 հազար դոլար, երկրորդ տարումՙ 8 հազար, իսկ այս տարի մոտ 180 ներկաներիցՙ 18 հազար: Պետք է նշեմ, որ բոլոր տարիներին ամերիկահայերի մասնակցությունը եղել է նշանակալի: Մեծապես աջակցել են նաեւ «Բրիտիշ Էրուեյզը», «Սուիսէյրը» եւ «Արմենիա» հյուրանոցի ղեկավարությունը: «Բրիտիշ Էրուեյզը» օգնել է նաեւ Լոնդոնից այստեղ բերելու պարկապզուկահարին: Գումարը տրամադրվել է հիշատակված երկու հասցեատերերին: Ի դեպ, բացի տեղի կարիքները հոգալուց, քույր Արուսյակն ամեն տարի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին Ծաղկաձորում կազմակերպում է ամառային ճամբարՙ անապահով խավի երեխաների հանգստի համար: Նրանք 3 շաբաթ հանգստանում են այնտեղ եւ կազդուրվում: Ճամբարը, որի մարզադաշտը կրում է դարձյալ Բըրնսի անունը, ամեն անգամ ընդունում է 180 հոգու: Բըրնսյան միջոցառումներից անկախ, ամեն տարի նոյեմբերի 30-ին կազմակերպում եմ նաեւ պարահանդեսային մի հավաքույթՙ նվիրված Քրիստոսի 12 առաքյալներից Սուրբ Անդրեասին, որին համարում ենք Շոտլանդիայի պաշտպանը:
- Շոտլանդիայի «պաշտպաններից» է նաեւ տատասկափուշը, որը երկրի պետական գերբն է:
- Այո: Ըստ ավանդության հին նորվեգացիները, որոնք երկիրը թալանելու նպատակով հարձակվել էին արեւելյան ափերի կողմից, նկատելով, որ Թեյ գետի մյուս ափին շոտլանդացիները երկար ճանապարհորդությունից հոգնած ու ուժասպառ են, բոբիկանալով որոշում են անցնել գետը եւ հանկարծակիի բերել նրանց: Բայց ափ դուրս գալուց մի քանիսն անզգուշաբար տատասկափշերի վրա են ոտք դնում եւ անասելի ցավից այնպիսի սարսափահար ճիչեր արձակում, որ ամբողջ բանակն է ետ փախչում:
- Շատ հետաքրքիր է: Շոտլանդացիները կենսուրախ եւ ազատասեր ժողովուրդ են, որոնք ի թիվս այլ թշնամիներիՙ քանիցս դիմադրել են նաեւ անգլիացիներին:
- Անգլիան բազմիցս փորձել է իրեն ենթարկել Շոտլանդիան, բայց հանդիպել է ժողովրդի ամենախիզախ դիմադրությանը: Բազմաթիվ հաղթանակներից հետո, այնուամենայնիվ, 1746-ին շոտլանդացիները պարտվել են, եւ սկսվել է նրանց զանգվածային բռնագաղթը (19-րդ դարում մոտ 2 մլն շոտլանդացի է տարագրվել): Վերացվել են տոհմային համայնքներն ու արգելվել է վանդակավոր բրդե գործվածքիՙ թարթնի օգտագործումըՙ որպես ազգային տարբերակիչ տարազՙ առաջացնելով բողոքի ու դժգոհության բուռն ձայներ:
- Ինչպե՞ս է այդ բոլորին արձագանքել Բըրնսը: Շոտլանդիան մենք առաջին հերթին կապում ենք Վալտեր Սկոտի եւ Ռոբերտ Բըրնսի անունների հետ: Իսկ վերջինիսՙ իր անզուգական «Իմ սիրտը լեռներում է» բանաստեղծության հետ: Բայց մենք ունենք նաեւ Վիլյամ Սարոյան, որն, օգտագործելով այդ վերնագիրը, գրել է մի հոյակապ պիես: Ի՞նչն է նրանց միավորողը: «Լեռներն» այստեղ կոնկրե՞տ, թե՞ վերացական երեւույթ են, անաղարտ բնության գրկում, ազատության մեջ լինելու երեւույթ:
- Բըրնսի դեպքում լեռները (Հայլենդերը) կոնկրետ աշխարհագրական տարածք են եւ 1746-ի դեպքերը, երբ անգլիացիները սկսեցին ամենադաժան միջոցներով այդ վայրերից վտարել բնիկ ժողովրդին, չափազանց ծանր ազդեցություն են թողել հասարակ մարդկանց վրա, նրանք օտար վայրերում կարոտով են երազել իրենց հին օրրանը, հին ապրելաձեւը, որն էլ անշուշտ կապված է անաղարտ բնության գրկում, առօրյա կեղտ ու հոգսից հեռու լինելու գաղափարի հետ: Լինելով հողագործի որդի, Բըրնսը մինչեւ իր կյանքի վերջը մնացել է հեղափոխական, անարդարությունների եւ կեղեքումների դեմ պայքարող մարտիկ: Շատ անգամ դեմ գնալով իշխանություններին, նա ծաղր ու ծանակի է ենթարկել կեղեքիչներին եւ ժողովրդին կոչ արել պայքարել հանուն ազատության եւ երջանկության, հանուն մարդու արժանապատվության հաստատման, որը նա վեր է դասել հարստությունից ու ամեն տեսակի տիտղոսներից: Որպես ակցիզային հարկի բնագավառի աշխատող պայքարել է ապրանքների մաքսանենգության դեմ եւ 2- 3 անգամ պաշտոնի բարձրացում ստացել: Բայց եթե չլինեին կառավարության դեմ նրա պոռթկումները, նա հավանաբար առավել բարձր դիրքի կհասներ:
- Փոքր ժողովուրդների ճակատագրերը շատ բանով նման են միմյանցՙ կեղեքումներ, բռնազավթումներ եւ նույնիսկ բռնագաղթ եւ ցեղասպանություն: Հունվարի 27-ին, այդ նույն օրը, երբ դուք այստեղ ոգեկոչում էիք Բըրնսի հիշատակը, Անգլիայում նշվում էր «Հոլոքոստի օրը», որի ընթացքում մինչեւ վերջին րոպեն փորձ արվեց անտեսել հայերի ցեղասպանությունը: Ո՞րն է ձեր դիրքորոշումն այս առնչությամբ:
- Իմ կարծիքով, հայերը շատ ավելի զգացական, քան բանական վերաբերմունք են ցուցաբերում այդ հարցումՙ առանց հաշվի առնելու հետեւանքները: Գուցե, որովհետեւ դեռ թարմ են հիշողությունները: Ժամանակը բուժիչ հատկություն ունի եւ հավանաբար 100- 200 տարի անց դուք նույն ձեւով չեք մտածելու, ինչ այսօր, եւ հաշտվելու եք դրա հետ, ինչպես որ մենք ենք հաշտվել մեր անցյալի դառնությունների հետ: Բայց ինչքան գիտեմՙ հայերի ցեղասպանության հիշատակման հարցը սկզբից եւետ օրակարգում եղել է:
- Մեր տեղեկություններով Անգլիայի ՆԳՆ-նՙ Հոում օֆիսը հատուկ կարգադրություն էր տվել BBC-ին եւ այլ լրատվամիջոցներինՙ ոչինչ չհիշատակելու Հայկական ցեղասպանության վերաբերյալ:
- Չեմ կարող առարկել դրան, որովհետեւ ստույգ տեղեկություն չունեմ:
- Բացի ճակատագրի որոշ նմանություններից, ուրիշ ի՞նչ նմանություն եք նկատել շոտլանդացիների եւ հայերի միջեւ:
- Շատ հետաքրքիր է, որ երկու ժողովուրդներն էլ ունեն մի յուրահատուկ կենաց: Դուք էլ մեզ նման մաղթում եք, որ տան, օջախի ծուխը միշտ վառ մնա:
- Եվ վերջին հարցըՙ ինչքա՞ն ժամանակ դեռ այստեղ եք, եւ կշարունակվե՞ն արդյոք բըրնսյան ոգեկոչումները:
- Դժբախտաբար, մոտ 6 ամսից պետք է վերադառնամ տուն: Վերադառնալու են նաեւ մյուս երեք շոտլանդացիներից երկուսը, այնպես որՙ առայժմ անհայտ էՙ կշարունակվե՞ն այդ միջոցառումները, թե՞ ոչ:
- Մաղթում ենք, որ շարունակվեն:
Հարցազրույցը վարեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ