<20012201.jpg>
ԼՂ հակամարտության կարգավորմանը Վաշինգտոնի առանձնակի ակտիվությունն անխուսափելի է
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Վերջերս Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած բանակցությունների ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին հաջողվել է որոշ պայմանավորվածությունների հասնել նախագահներ Ժակ Շիրակի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Դրանց համաձայն Ադրբեջանի ղեկավարն սկզբունքորեն ընդունել է «Ընդհանուր պետություն» հայտնի գաղափարի վրա հիմնված առաջարկությունը: Այս մասին հղում անելով «Ենի Մուսավաթ» պարբերականին, հաղորդում է Արմենպրես գործակալությունը: Ադրբեջանական օրաթերթի պնդմամբ, Ժակ Շիրակը Հեյդար Ալիեւին հորդորել է ստորագրել խաղաղության համաձայնագիր «Ընդհանուր պետություն» բանաձեւի սկզբունքներով, դրա փոխարեն խոստանալով աջակցություն ցույց տալ իշխանության ժառանգության ծրագրերի իրականացման գործում: Ժակ Շիրակը ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից Հեյդար Ալիեւին ու Ռոբերտ Քոչարյանին խոստացել է ներկայացնել Նոբելյան մրցանակի: Բացի այդ, «Ենի Մուսավաթը» վկայակոչելով Ադրբեջանի պետական արտաքին քաղաքական կառույցների իրազեկ աղբյուրները, հաղորդում է, թե Ֆրանսիային իբր հաջողվել է կովկասյան տարածաշրջանում շահեր հետապնդող ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին համոզել, որ նրանք եւս համաձայնվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Ընդհանուր պետության» սկզբունքներին:
Ադրբեջանական ընդդիմությանը պարզապես հիասթափեցրել է նախագահ Ալիեւի ե՚ւ Փարիզ կատարած այցելությունը, ե՚ւ Հայաստանի նախագահ Քոչարյանի հետ հերթական հանդիպման շուրջ պահվող գաղտնիությունը: Փարիզից Բաքու վերադառնալով Ալիեւը հրաժարվել է մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետը, համաձայն որի «ԼՂ հակամարտության կարգավորման համար պետք է պահպանվեն հետեւյալ նախապայմանները. ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ իրավահավասարություն, ԼՂՀ-ի անկլավային վիճակի բացառում եւ անվտանգության միջազգային երաշխիքներ»:
Ի դեպ, նշենք, որ հայկական կողմից առաջ քաշված վերոնշյալ երեք պայմանները «Ընդհանուր պետություն» բանաձեւի կարեւորագույն բաղկացուցիչն են: Ստացվում է հետեւյալը. եթե իրոք Ալիեւը դեմ չէ երեք պայմաններին, ապա սկզբունքորեն համաձայն է «Ընդհանուր պետություն» բանաձեւումին, ինչի մասին եւ գրում է «Ենի Մուսավաթը»: Սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է Ֆրանսիան համոզի ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին, երբ «Ընդհանուր պետությունը» հակամարտության երեք կողմերինՙ Ադրբեջանին, ԼՂՀ-ին եւ Հայաստանին է առաջարկվել ԵԱՀԿ ՄԽ (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) կողմից, եռանախագահները բազմիցս նշել են, որ աշխատում եւ կողմերին առաջարկություններ են ներկայացնում միասնաբար:
Եթե դատենք ադրբեջանական մամուլի արձագանքներից, ապա կարող ենք ասել, որ Ռուսաստանի նախագահ Վլ. Պուտինի հունվարի 9- 10-ը կատարած Բաքու այցելությունը եւս ընդդիմության շրջանում լավատեսական տրամադրություններ չի առաջացրել: Իրեն «կայսերական ամբիցիաներից» հեռու պահող Մոսկվան ԼՂ հակամարտության կարգավորման համար Ադրբեջանին առաջարկել է 1996 թ. ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովում ընդունված բանաձեւը, որը ԼՂ-ին տալիս էր ինքնավարության ամենալայն կարգավիճակ: Անշուշտ, Բաքուն Մոսկվայի կողմից տրվող նման նվերը երախտագիտությամբ կընդուներ, եթե չլիներ մեկ վերապահում. Ռուսաստանն առաջարկում է նաեւ Ադրբեջանի տարածքում տեղաբաշխել ռուսական զորքեր: Համաձայնության դեպքում Բաքուն իրեն կհակադրեր առաջին հերթին ԱՄՆ-ին եւ Թուրքիային, որոնք, ի դեպ, չափազանց բացասաբար են վերաբերվում Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի եւ 102-րդ ռազմահանգրվանի գոյությանը:
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերում տպավորություն է ստեղծվում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող երեք տերություններըՙ ԱՄՆ- ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը փորձում են անհատական առաջարկություններով հանդես գալ, դրանով իսկ կարեւորելով իրենց ներկայությունն ու հետաքրքրությունները հարավկովկասյան տարածաշրջանում: Կապված ԱՄՆ-ում իշխանափոխության հետ, Վաշինգտոնը վերջին ամիսներին նկատելիորեն պասիվ է: Սակայն դա զուտ ժամանակի խնդիր է: Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ռիլսոնը ադրբեջանական «Բիլիք Դունյասի» գործակալությանն ասել է. «Վաշինգտոնն առանձնակի արտիվություն է ցուցաբերում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում... եւ երկու շաբաթ անց դուք կկարողանաք տեսնել այդ ակտիվության արդյունքները»:
Դժվար է ասել, թե ինչ նկատի ունի դեսպանը, սակայն միանշանակ է, որ ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կարգավորման կարեւորագույն եւ անքակտելի բաղադրիչ է համարում հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը: Վաշինգտոնի յուրաքանչյուր քայլ պետք է դիտել հենց այս համատեքստում: Ուշադրություն դարձնենք. եթե Ֆրանսիան հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատմանը վերաբերվում է չեզոք, իսկ Ռուսաստանըՙ բացասաբար, ապա ԱՄՆ-ը դրանք չափազանց կարեւորում է, համարելով ԼՂ հակամարտության կարգավորման կարեւոր գործոն: