<20012205.jpg>
Կանանց ՀԿ-ների 6-ամյա պայքարը որոշակի հանգրվանի է հասել
Հունվարին գործադիր իշխանության օղակներում աշխատող կին պաշտոնյաներից, փոխնախարարներից եւ վարչության պետերից կազմավորվեց ՀՀ վարչապետին կից կանանց խորհուրդ: Սա այն երկար սպասված քայլն էր, որի համար կանանց մեծաթիվ կազմակերպությունները սկզբունքային պայքար ծավալեցին 95 թ. Պեկինի խորհրդաժողովից հետո: Այդ պայքարի ամենամեծ արդյունքը եղավ 97 թ. ՀՀ սոցապնախարարությունում ձեւավորված գենդերային զարգացման բաժինը, որի նախաձեռնությունն ավելի շատ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակինն էր, քան ՀՀ կառավարությանը:
Ժամանակին այս կառույցի գոյությունը դժկամությամբ ընդունվեց կանանց կազմակերպությունների, ինչպես նաեւ կին հասարակական-քաղաքական գործիչների կողմից: Նրանք, օրինակ բերելով ԱՊՀ երկրներին, միակ տարբերակ ընդունում էին ՀՀ վարչապետին կից կամ ՀՀ նախագահին առընթեր կառույցի ստեղծումը: Անցնող տարիների երկրորդ առաջընթաց քայլը եղավ 98 թ. իշխանափոխությունից հետո կառավարության ընդունած «1998-2000 թթ. համար կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրա դերի բարձրացման ազգային ծրագիրը»: Այն նույնպես կյանք չունեցավ, սակայն Ազգային ծրագրի որոշ դրույթներ, ինչպես այսօր է պարզվում, իրականացվել են, քանի որ վարչապետին կից կանանց խորհրդում ճնշող մեծամասնությունը գործադիր ոլորտի կանայք ենՙ փոխնախարարներ, վարչության պետեր: Մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններից խորհրդի կազմում ընդգրկվել են Հայ օգնության միության եւ Կանանց հանրապետական խորհրդի, ինչպես նաեւ ստեղծագործական միությունների կին ներկայացուցիչները:
Խորհրդի ստեղծումը փոքր-ինչ անակնկալ էր մի ժամանակամիջոցում, երբ կանանց կազմակերպությունները աչքի չէին ընկնում ակտիվությամբ: «Ինձ համար անսպասելի չէր, ես չէի դադարել սպասելուց: Կարծում եմ այս հարցին երկակի մոտեցում է եղել, մերՙ ՀԿ-ների կողմից նման մի կառույց ստեղծելու պահանջը մշտապես օրակարգում էր, մյուս կողմից, այս պահին խորհուրդը կազմավորելը ժողովրդի դժգոհության ալիքը մեղմելու ձեւ է: Ես դրական եմ գնահատում, որ կանանց հետ աշխատանք է տարվում, որովհետեւ կանայք ժողովրդի կեսն են», հայտնեց ԿՀԽ-ի նախագահ Նորա Հակոբյանը: Նրա կարծիքով, այս հարցում մեծ դերակատարություն ունի նաեւ Եվրախորհրդին անդամակցությունը, որի կառույցները մեծ ուշադրություն են դարձնում սեռերի իրավահավասարության խնդրին:
Տիկին Հակոբյանի կարծիքով, նոր կազմավորված խորհուրդը հերթական քայլը չէ, որ արվում էր հաշվետվություն ներկայացնելու համար, եւ կողմերը հասունացել էին այդպիսի մի կառույց կազմավորելու համար: «Եթե այն ամենը, ինչ լսեցինք խորհրդի առաջին նիստում, իրականացվի, որպես այս պայքարի հոգնած մարտիկ, կասեմ, որ ի վերջո հասանք մի հանգրվանի», ասաց տիկին Հակոբյանը:
Առաջին նիստում խորհուրդը հաստատել է աշխատանքային կանոնակարգը, եւ վարչապետը գործադիր օղակի ներկայացուցիչներին հանձնարարել է երկու շաբաթվա ընթացքում խորհրդին ներկայացնել իրենց առաջարկները, ինչպես նաեւ այն միջոցառումների ցանկը, որոնք նախարարությունները ծրագրել են կանանց հիմնահարցերը լուծելու համար: Խորհրդում քննարկվելուց հետո առաջարկները կընդգրկվեն կառավարության տարեկան ծրագրում:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հունվարի 26-ին կայացած առաջին նիստում նույն առաջարկով դիմել է նաեւ խորհրդի անդամ կանանց երկու ՀԿ-ներին եւ ստեղծագործական միությունների ներկայացուցիչներին: «Միակ հարցը, որ առայժմ բարձրացրել եմ, այն է, որ կանանց կազմակերպությունների թիվը խորհրդում քիչ է: Սակայն մեկ այլ տարբերակով կարելի է հարցի լուծման հանգելՙ ամեն տարի խորհրդին կարող են անդամակցել կանանց ՀԿ-ներից 3- 4-ը, հաջորդ տարում նրանց կփոխարինեն մյուսները: Կամ մնան նրանք, ովքեր արդարացրել են խորհրդին իրենց անդամակցությունը», ավելացրեց ԿՀԽ-ի նախագահը: Վերջինիս կարծիքով, ճիշտ կլինի նաեւ նախորդ խորհրդի պահպանումը սոցապ նախարարության կազմում եւ ընդհանրապես յուրաքանչյուր նախարարությունում պետք է ստեղծվի նման մի խորհուրդՙ ՀԿ-ների հետ համահավասար ձայնով, որտեղ առաջադրված հարցերը քննարկման կդրվեն վարչապետին կից խորհրդում:
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ